Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎՔԵ՞Ր ԿԼԻՆԵՆ ՄԵՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ

Հունվար 27,2006 00:00

Այսօր
ՈՒԵՖԱ-ն անցկացնելու է ֆուտբոլի Եվրոպայի 2008 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:
Վիճակահանությանը եւ ընտրական փուլի հանդիպումներին մասնակցելու է ՈՒԵՖԱ-ի
անդամ ազգային 50 ասոցիացիա, քանի որ Ավստրիան ու Շվեյցարիան որպես կազմակերպիչ երկրներ
միանգամից եզրափակիչին մասնակցելու իրավունք ունեն: Վիճակահանությանը ներկա
են լինելու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը եւ
հավաքականների տեխնիկական տնօրեն Աշոտ Մանուկյանը: Ընտրական մրցաշարում հանդես
եկող հավաքականները բաժանվում են յոթ խմբի. «A» խմբում ութ թիմ, մյուսներում՝ յոթական:
Թիմերը խաղալու են շրջանաձեւ մրցակարգով, միմյանց հետ՝ սեփական եւ մրցակցի դաշտերում:
Հաղթանակի դեպքում շնորհվում է 3 միավոր, ոչ-ոքիի՝ 1, պարտության համար՝ 0: Համաձայն
միջազգային հանդիպումների օրացուցային պլանի, ընտրական մրցաշարը մեկնարկելու է 2006
թվականի սեպտեմբերին ու կշարունակվի մինչեւ 2007 թվականի նոյեմբեր: Վիճակահանության
անցկացումից հետո 90 օրվա ընթացքում երկրների ազգային ասոցիացիաները, որոնց հավաքականները
ընդգրկվել են միեւնույն խմբում, պետք է խաղացանկի հարցում ընդհանուր հայտարարի գան:
Եթե ընդհանուր համաձայնություն ձեռք չբերվի, խմբերում մրցումները կանցկացվեն ՈՒԵՖԱ-ի
կազմած խաղացանկի համաձայն: Եվրոպայի առաջնության եզրափակիչում հանդես գալու իրավունք
ստանում են յոթ խմբերում առաջին եւ երկրորդ տեղեր զբաղեցնող հավաքականները: Եթե երկու
կամ ավելի թիմեր ընտրական մրցաշարը ավարտեն վաստակած միավորների հավասար քանակով,
խմբերում նրանց դասավորությունը որոշվում է հետեւյալ չափորոշիչներով. – միմյանց
միջեւ հանդիպումներում վաստակած միավորներ, – միմյանց միջեւ կայացած հանդիպումներուն
խփած եւ բաց թողած գնդակների տարբերությունը, – միմյանց միջեւ հանդիպումներում
խփած գոլերի քանակ, – միմյանց միջեւ հանդիպումներում մրցակցի դաշտում խփած
գոլերի քանակ: Վիճակահանությունից առաջ ՈՒԵՖԱ-ի անդամ 50 ազգային ասոցիացիայի
հավաքականները բաժանվել են յոթ զամբյուղների: Դրանք են. 1-ին զամբյուղ. Հունաստան,
Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Անգլիա, Չեխիա, Ֆրանսիա, Շվեդիա: 2-րդ զամբյուղ.
Գերմանիա, Խորվաթիա, Իտալիա, Թուրքիա, Լեհաստան, Իսպանիա, Ռումինիա: 3-րդ
զամբյուղ. Սերբիա եւ Չեռնոգորիա, Ռուսաստան, Դանիա, Նորվեգիա, Բուլղարիա, Ուկրաինա,
Սլովակիա: 4-րդ զամբյուղ. Բոսնիա եւ Հերցեգովինա, Իռլանդիա, Բելգիա, Լատվիա,
Իսրայել, Շոտլանդիա, Սլովենիա: 5-րդ զամբյուղ. Հունգարիա, Էստոնիա, Ուելս,
Լիտվա, Ալբանիա, Իսլանդիա: 6-րդ զամբյուղ. Վրաստան, Մակեդոնիա, Բելառուս,
Հայաստան, Հյուսիսային Իռլանդիա, Կիպրոս, Մոլդովա: 7-րդ զամբյուղ. Լիխտենշտեյն,
Ադրբեջան, Անդորրա, Մալթա, Ֆարերյան կղզիներ, Ղազախստան, Լյուքսեմբուրգ, Սան-Մարինո:
Մրցավայրերը որոշվել են ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն 2006 թվականին Հյոնում
անցկացրած իր առաջին նիստում հաստատել է մինչեւ 17 եւ 19 տարեկանների Եվրոպայի 2008
եւ 2009 թվականների առաջնությունների եզրափակիչ մրցաշարերի անցկացման վայրերը: Մինչեւ
17 տարեկանների եզրափակիչները կընդունեն Թուրքիան ու Գերմանիան, իսկ մինչեւ 19 տարեկաններինը՝
Չեխիան եւ Ուկրաինան: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել