Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՐՋԱՓԱԿՎԱԾ, ԲԱՅՑ՝ ԱՌԱՆՑ ԹՌՉՆԱԳՐԻՊԻ

Հունվար 28,2006 00:00

«Հայելի»
ակումբի երեկվա հյուրերն ընտրված էին այնպես, որ հայ-թուրքական հարաբերությունների
շուրջ որեւէ բանավեճ չծավալվեց: ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանը եւ պատմական գիտությունների
թեկնածու Հայկ Դեմոյանը հայ-թուրքական հարաբերություններին առնչվող գրեթե բոլոր հարցերում
միակարծիք էին: Կիրո Մանոյանը պնդում էր, որ վերջին տասնհինգ տարիներին հայ-թուրքական
հարաբերություններ չեն եղել, եղել են միայն հարաբերություններ հաստատելու փորձեր՝
«հատկապես ՀՀ առաջին իշխանության օրոք, երբ մոտեցում կար բավարարել Թուրքիայի բոլոր
պահանջները»: Ճիշտ է, իր հաջորդ նախադասության մեջ «բոլոր պահանջներ» արտահայտությունը
ձեւափոխվեց՝ «պահանջները բավարարել որոշ չափով», իսկ դրանից հետո՝ «ինչ-որ չափով»,
սակայն եզրահանգումը մեկն էր՝ «դա չհերիքեց, որ Թուրքիայի հետ հաստատվեն դիվանագիտական
հարաբերություններ»: Սակայն պարոն Մանոյանը հանուն արդարության նկատեց, որ ՀՀ նոր
իշխանություններին էլ առանձնապես ոչինչ չի հաջողվել այդ հարցում. «ՀՀ իշխանությունների
կեցվածքը 98-ից հետո փոխվեց, բայց առայժմ արդյունք չի տվել»: Մեղավորը Թուրքիան է,
«որովհետեւ Թուրքիայի թշնամական կեցվածքը ՀՀ հանդեպ չի փոխվել»: Եվ ընդհանրապես,
«Թուրքիայի դերակատարությունը տարածաշրջանում բացասական է», քանի որ Թուրքիան ոչ
միայն շրջափակել է Հայաստանը, այլեւ նրա մեղքով է Ադրբեջանը Ղարաբաղի հարցում նման
«կոշտ կեցվածք որդեգրել»: Հայկ Դեմոյանը հաստատեց պարոն Մանոյանի ասածները.
«Հայ-թուրքական հարաբերություններն ավելի շատ չկայացած երկխոսության փորձի տպավորություն
են թողնում»: Ապա՝ «Ես դիվանագետ չեմ, բայց շատ լավ հասկանում եմ, որ Ղարաբաղի հարցում
Թուրքիան կողմ է»: Սակայն պարոն Դեմոյանը մի դրական կողմ էլ գտավ Հայաստանի շրջափակման
մեջ. «Այդ շրջափակմամբ նրանք չհասան իրենց ուզածին: Սահմանի բացումը կենաց-մահու
հարց չէ, ինչպես ներկայացնում են ոմանք: Եթե 91թ. սահմանը բաց լիներ, մեր հայրենական
արտադրությունը նման զարգացում չէր ունենա, իսկ Թուրքիան մեր ողջ տնտեսությունը վերահսկողության
տակ կառներ, էլ չեմ խոսում թռչնագրիպի մասին»: Պարոն Դեմոյանը կանխատեսեց, որ Թուրքիայի
համար այս տարին լինելու է թռչնագրիպի տարի: Այդ աղետը իրեն զգացնել կտա ամռանը՝
հայտարարեց բանախոսը՝ ենթադրելով, որ տուրիստական բիզնեսին այնպիսի հարված կհասցվի,
որ Թուրքիան կկանգնի մեծ ճգնաժամի առջեւ, եւ ստիպված կլինի դիմել Արժույթի միջազգային
հիմնադրամին: Երիտասարդ պատմաբանը, ելնելով ռազմական գործողությունների բնորոշման
14 ձեւերից, ենթադրեց, որ Թուրքիայի եւ ՀՀ միջեւ այժմ պատերազմական իրադրություն
է, քանի որ Թուրքիան այդ 14-ից 6-ը կատարում է ՀՀ հանդեպ, այդ թվում՝ շրջափակում,
ուժի ցուցադրում, դիվանագիտական հարաբերությունների բացակայություն, սպառնալիքներ
եւ այլն: Ապագայի մասին ոչ միայն Հ. Դեմոյանի կանխատեսումներն էին մռայլ,
այլեւ՝ Կ. Մանոյանի: Վերջինս կարծում էր, որ հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի
առումով լավատեսության հիմք չկա, քանի որ այն բոլոր քայլերը, որ Թուրքիան անում է
ԵՄ մտնելու համար՝ «թվացյալ են, ձեւական»: Պարոն Մանոյանի ասածից ստացվեց, որ Թուրքիայի
ներկա իշխանությունն ուզում է մտնել ԵՄ՝ ավելի շատ անձնական ազատություններ ստանալու
համար. «Թուրքիայի վարչապետի կինը չի կարող ոչ մի հանդիպման ժամանակ գլուխը ծածկված
երեւալ, դրա համար ոչ մի հանդիպման չի գնում: Նրա դուստրերը ԱՄՆ-ում են սովորում,
որպեսզի կարողանան գլուխները ծածկել, քանի որ Թուրքիայում այդ իրավունքը չունեն»:
Այսինքն՝ ուզում են մտնել ԵՄ, որ լաչակ կապելու իրավունք ունենա՞ն: Խոսելով
Թուրքիայի եւ ՀՀ միջեւ հնարավոր ռազմական զարգացումների մասին Կիրո Մանոյանն ասաց,
որ «երաշխիք չկա, որ նոր ուժ չի գա Թուրքիայում եւ չի ասի՝ դուք էլ, ձեր ԵՄ-ն էլ:
Ու քանի դեռ այդ հավանականությունը կա, ռուսական զորքերը պետք է մնան, մանավանդ,
որ ՀՀՇ-ն 25 տարով է պայմանագիր ստորագրել»: Մի քիչ ավելի բարի գտնվեց Հայկ Դեմոյանը,
որը ենթադրեց, որ «Թուրքիան չի պատերազմի, քանի որ ՆԱՏՕ անդամ է, ինքնուրույն չի»:
Նա այս առումով կարեւորեց նաեւ ռուսական ռազմակայանների հարցը, ինչպես նաեւ այն,
որ «Թուրքիայի զինտեխնիկայի մի մասը մետաղի ջարդոն է»: ՄԵԼԱՆՅԱ
ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել