Լրահոս
Օրվա լրահոսը

5%-ի մասին չեն ասում

Հունվար 28,2006 00:00

Ապառիկով ապրանք գնելուց առաջ գնորդները, բացի
ապրանքի սահմանված գնից, պետք է նախօրոք վաճառողների «փայն» էլ ճշտեն՝ հետագայում
փաստի առաջ չկանգնելու համար: Վերջին տարիներին հայաստանյան խանութներում
վաճառքը խթանելու համար բիզնեսմենները, կիրառվող զեղչերից բացի, գնորդներին սկսեցին
առաջարկել ապառիկ վաճառքի տարբերակը: Սա առաջին հայացքից բավականին գրավիչ առաջարկ
է հատկապես աշխատավարձով ապրող ընտանիքների համար. կարելի է գնել այս կամ այն կենցաղային
իր, էլեկտրատեխնիկա, նույնիսկ մեքենա եւ բնակարան ու ամսեամիս աշխատավարձի մի մասով
փակել դրանց գումարը: Հասկանալի է, որ ապառիկ վաճառքի դեպքում գնորդը պետք է ապրանքի
իրական արժեքից ավելի բարձր վճարի, քան կանխիկի դեպքում, ընդ որում՝ այստեղ գործում
են պարզ շուկայական հարաբերություններ. թե այս կամ այն ապրանքի ապառիկով գնման դեպքում
քանի տոկոս հավելավճար պիտի կատարի գնորդը՝ որոշում է խանութպանը: Սակայն որոշ խանութներում,
մասնավորապես՝ Սեւան քաղաքում գտնվող «Ելենովկա» ՍՊԸ-ին պատկանող խանութ-սրահում,
բացի այն, որ ապառիկով վաճառքն իրականացվում է խանութի համար գերշահավետ պայմանով՝
տարեկան 24% տոկոսադրույքով, դեռ մի բան էլ գնորդների անտեղյակությունից օգտվելով՝
խանութն իր կողմից վերջնահաշվում ավելացնում է եւս 5%: Ընդ որում, սա գնորդին մատուցվում
է «անակնկալի» տեսքով, որի մասին նրան տեղեկացնում են ընդամենը գործարքի վերջում,
երբ ապրանքի գնման բոլոր փաստաթղթերն արդեն ձեւակերպված են լինում: Թե ինչու
է ՍՊԸ-ն իր կողմից նոր գումար ավելացնում՝ բանկում չկարողացան որեւէ արդարացում գտնել:
Այնտեղ նույնիսկ կատակեցին, թե հնարավոր է՝ պարզապես հարկայինին մուծելիք գումարը
վերցնում են ժողովրդի գրպանից: Այս ամենը փորձեցինք ճշտել խանութի տնօրենից: Նա նախ
շատ զայրացավ, որ գնորդը համարձակվել է բողոքել, հետո ամբողջ մեղքը բարդեց գնորդի
անփութության ու անուշադրության վրա. «Ի՞նչ պարտադիր ա անպայման մենք տեղյակ պահենք,
թող գնելուց առաջ հարցներ»: Իսկ գնորդը, որը տուժել էր այդ խանութի հետ կնքած գործարքից,
«Առավոտին» բողոքեց, որ «ապրանքի գինը, ապառիկի դեպքում, փոխելու մասին խանութը պարտավոր
էր տեղեկացնել նախապես, ոչ թե գործարքը կատարելուց հետո, երբ բանկի հետ բոլոր թղթերը
պատրաստել ես ու քեզ արդեն հոգեպես տրամադրել ապրանքի գնմանը»: Ռ.
ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել