Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունից

Հունվար 28,2006 00:00

Ոստիկանությունից մինչեւ նկարչություն մեկ քա՞յլ է Կոտայքի մարզի Արա գյուղի 65-ամյա բնակիչ Ֆրունզիկ Գրիգորյանը նկարում է, գրում հինգ լեզվով, օգտագործելով մարմնի տարբեր մասեր, այդ թվում նաեւ այն անդամը, որին այլ «առաքելություն» է վերապահված: 26 տարի ներքին գործերում աշխատած նախկին օպեր-լիազորը միայն վերջերս է որոշել ասել այդ մասին: Իր խոսքերով՝ ողջ գիտակցական կյանքում լռել է, խորհրդային տարիներին՝ հասկանալի պատճառներով, աշխատանքը չկորցնելու համար. «Այս մասին չեն իմացել նույնիսկ 41 տարվա կինս եւ երեք զավակներս: Վերջին տարիների տեղեկատվական լայն դաշտը հնարավորություն տվեց ծանոթանալ արտերկրում կատարվող նման ոչ ստանդարտ դեպքերին: Ընդ որում, հանդիպել եմ նման, բայց պարզունակ դեպքերի: Համոզված եմ, որ իմ հնարքները կարող են գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում»: Տեղեկացնենք, որ Ֆ. Գրիգորյանը ոտքի բութ մատի եղունգը երկարացրել է, վրան անցք բացել, որպեսզի հարմար «բռնի» գրիչը՝ նկարելու ու գրելու համար: Ֆ. Գրիգորյանը «ստեղծագործում» է քթանցքերի, ականջների օգնությամբ, ընդ որում՝ տեղադրելով միանգամից մի քանի գրիչ: Ավելին, կախվելով վերամբարձ կռունկից, նույն բանն անում է 60 մետր բարձրության վրա: Նա գրում ու նկարում է նաեւ գտնվելով պարկի մեջ: Ինչպես ափսոսանքով տեղեկացրեց մեր զրուցակիցը, մարդիկ, ովքեր ի վիճակի են ֆինանսավորել նման հնարքները աշխահին ներկայացնելու համար, չգիտես ինչու՝ իրեն չեն հավատում: «Ունեմ նաեւ կրկեսային համար. օղակ եմ հագնում, տեղադրելով դրա վրա 12 գրիչ եւ միաժամանակ այդ 12-ով գրում եմ: Կամ 120 մմ երկարությամբ մեխին ամրացնելով գրիչը՝ մտցնում եմ քթանցքս ու գրում: Ընդհանուր հաշվով նման 150 գրառումների հեղինակ եմ: Նկարում եմ նաեւ մազերս թաթախելով ներկի մեջ: Կարծում եմ՝ նման բան դեռ աշխարհը չի տեսել: Համոզված եմ՝ տեսնելու դեպքում Հայաստանն էլ կունենա իր ներկայացուցիչը Գինեսի գրքում»,- վստահեցնում է հնարքներ բանեցնող նախկին ոստիկանը: Նա կարծում է, որ եթե ֆիզիկական արատ ունեցողները կարողանան ճիշտ օգտագործել իրենց հնարավորությունները՝ օրինակ մարմնի տարբեր մասերով գրել ու նկարել, հաստատ աշխարհիս երեսին անգրագետ մարդ չի լինի: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել