Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ

Փետրվար 03,2006 00:00

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՇՈՒՐՋ Մեկ մարզիկին հասնում է 6 պահապան Թուրինում փետրվարի 10-ին մեկնարկող ձմեռային 20-րդ օլիմպիական խաղերի կազմակերպիչները հայտարարել են, որ Խաղերին կմասնակցեն ռեկորդային թվով՝ 88 երկրների 2 հազար 500 մարզիկ, զանգվածային լրատվամիջոցների 10 հազար ներկայացուցիչ, ինչպես նաեւ 1 միլիոն 500 հազար հանդիսականներ: Համեմատության համար ասենք, որ նախորդ՝ Սոլթ-Լեյք-Սիթի-2000-ը հավաքել էր 76 երկրի մարզիկների: Կազմակերպիչների գնահատմամբ, ձմեռային օլիմպիական բացման հանդիսավոր արարողությանը ներկա կլինի մոտ 35 հազար հանդիսական: Իսկ հեռուստաէկրանների առջեւ ակնդիրների թիվը կգերազանցի երկու միլիարդի սահմանը: Ներկայումս ցանկացած մարզական զանգվածային միջոցառման, մանավանդ՝ օլիմպիական խաղերի ժամանակ առաջնային դեր է հատկացվում անվտանգության ապահովման խնդիրներին: Թուրինում, մասնավորապես, օլիմպիական խաղերը պահպանելու է Իտալիայի անվտանգության ծառայությունների 15 հազար գործակալ՝ յուրաքանչյուր մարզիկի հաշվարկով վեցական հոգի: Մարզական այս տոնահանդեսի օրերին գործողության մեջ կմտնի, այսպես կոչված, «Թուրինում օլիմպիական խաղերի անցկացման իտալական համակարգը», որը ղեկավարում են երկրի ներքին գործերի նախարարությունն ու պետական անվտանգության դեպարտամենտը: Այդ համակարգը, որը ներառում է բոլոր այն յոթ մարզական օբյեկտները, որտեղ ընթանալու են մրցումները, սկսել է աշխատել Խաղերի մեկնարկից ուղիղ 15 օր առաջ: Ենթակառուցվածքի «ուղեղը»՝ վերջերս ստեղծված Օլիմպիադայի ազգային տեղեկատվական կենտրոնն է, որտեղ հավաքվում է օլիմպիական խաղերի անվտանգությանը վերաբերող ամբողջ ինֆորմացիան՝ ինչպես Իտալիայի ողջ տարածքից, այնպես էլ արտասահմանից: Տեղեկատվությունն անմիջապես վերլուծվում է եւ անհապաղ փոխանցվում անվտանգության, այդ թվում՝ ոստիկանության, արտաքին հետախուզության, օլիմպիադայի կազմկոմիտեի բոլոր ստորաբաժանումներին: Քրեորեն պատժելի է միայն դոպինգ-թրաֆիկը Ինչպես հայտնի է, Իտալիայի տարածքում դոպինգի օգտագործումը քրեորեն պատժելի է: Այս հանգամանքը խիստ անհանգստացրել է մոտ ժամանակներս Թուրինում մեկնարկող ձմեռային օլիմպիական խաղերի այլ երկրների մի շարք մասնակիցների: Շատերը հրաժարվել կամ կարող են հրաժարվել Խաղերին մասնակցելուց, ինչը էապես կազդի օլիմպիական մրցումների մակարդակի վրա: Խնդիրը կարգավորելու նպատակով Իտալիայի իշխանությունները Խաղերի կազմկոմիտեի հետ ամիսներ ի վեր տարբերակներ են քննարկում: Տեսակետները հակասական են. ոմանք պնդում են, որ երկրի օրենքը շարունակի գործել ամբողջ խստությամբ, մյուսները Խաղերի ընթացքում որոշակի մեղմացումների կողմնակից են: Մինչեւ հիմա էլ դեռ հստակ հայտնի չէ, թե Իտալիայի իշխանությունները վերջնականապես ինչ որոշում են կայացրել: Լրատվամիջոցների տարածած տեղեկություններն էլ, ինչպես ասում են, մեկը մյուսին «չեն բռնում»: Վերջերս «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Ռոսսպորտի հակադոպինգային ապահովության բաժնի պետ Նիկոլայ Դուրմանովի խոսքերը, տեղեկացրել է, թե օլիմպիական խաղերի ընթացքում Իտալիայի տարածքում քրեորեն պատժելի լինելու է միայն դոպինգ-թրաֆիկը (արգելված խթանիչների ու դեղամիջոցների, որոնք Իտալիայում հավասարեցված են թմրամիջոցներին, արտադրությունը, տեղափոխումն ու տարածումը): Ըստ Դուրմանովի, Խաղերի ժամանակ արգելված խթանիչ օգտագործած մարզիկի գործը կհանձնվի Համաշխարհային հակադոպինգային գործակալություն, այլ ոչ թե Իտալիայի ոստիկանություն: Ռեկորդային մասնակցություն Թուրինում փետրվարի 10-ին մեկնարկող ձմեռային 20-րդ օլիմպիական խաղերի կազմակերպիչները հայտարարել են, որ Խաղերին կմասնակցեն ռեկորդային թվով՝ 88 երկրների 2 հազար 500 մարզիկներ, այդ թվում նաեւ Եթովպիայից ու Գանայից, զանգվածային լրատվամիջոցների 10 հազար ներկայացուցիչներ, ինչպես նաեւ՝ 1 միլիոն 500 հազար հանդիսականներ: Համեմատության համար ասենք, որ նախորդ՝ Սոլթ-Լեյք-Սիթի-2000-ը հավաքել էր 76 երկրների մարզիկների: Ռեկորդային թվով հանդիսականներ Կազմակերպիչների գնահատմամբ՝ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը ներկա կլինի մոտ 35 հազար հանդիսական: Իսկ հեռուստաէկրանների առջեւ ակնդիրների թիվը կգերազանցի երկու միլիարդի սահմանը: Հռոմի Պապը հուսով է Հռոմի Պապ Բենեդիկտ 16-րդը Վատիկանի իր նստավայրում հույս է հայտնել, որ Թուրինի ձմեռային օլիմպիադան ժողովուրդների միջեւ բարեկամության դրսեւորման վառ խորհրդանշան կդառնա: Այս մասին նա պաշտոնական նամակ է հղել «Օլիմպիադա-2006»-ի կազմկոմիտեին: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել