Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր առաջարկներ՝ կամայականությունների դեմ

Փետրվար 07,2006 00:00

Նոր առաջարկներ՝ կամայականությունների դեմ ՄԱԿ-ի փորձագետների դեմ նոր հակահարված է սպասվում՝ այս անգամ կադրերի գերարտադրություն խթանող բուհերի կողմից: «Գրեթե չկա որեւէ բուհի ղեկավար, որ ընդունելության քննություններից հետո նախարարություն չդիմի՝ առանց տարկետման իրավունքի տեղեր պահանջելու խնդրանքով։ Որպես կանոն այս դիմումները հիմնավորվում են այն հանգամանքով, որ այդ մասնագիտության պահանջարկ կա։ Բայց երբ ուսանողներն ավարտում են, նույն բուհի ղեկավարները պետությանն ասում են՝ ինչո՞ւ իմ ուսանողին աշխատանքով չեք ապահովում, ո՞վ պետք է մտածի այդ մասին»,- ասում է փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա «ՀՀ մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության զարգացման հայեցակարգային մոտեցումները» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավարն է: (Այս ծրագիրը եւս իրականացնում է ՄԱԿ-ի փորձագիտական խումբը:) «Եթե իրավունք է տրված, ուրեմն պատասխանատվություն էլ պետք է ունենալ։ Նախարարության ու կառավարության հետ բուհը եւս պետք է ուսանողի ճակատագրով հետաքրքրվի: Եվ իրավունք, եւ պատասխանատվություն, թե չէ՝ անարխիա կստացվի։ Օրենքը պետք է սիմետրիա պահպանի նաեւ»: ԳԱԱ բարեփոխումների ծրագրային առաջարկներից հետո թերեւս այս մեկը կդառնա դժգոհությունների առիթ՝ հատկապես բուհերի ղեկավարների շրջանում: Որովհետեւ այս ուսումնասիրությունները բացահայտել են, որ հատկապես էլիտար կոչվող մասնագիտությունների դեպքում մեր հանրապետությունում գերարտադրություն կա: Դրան զուգահեռ՝ առանձին դեպքերում նաեւ ուսուցման ցածր որակ: Իսկ այս տեղերի կրճատումը ուղղակիորեն կխփի բուհերի գրպանին, որովհետեւ սրանք հիմնականում այն մասնագիտություններն են, որոնք ունեն ամենաբարձր վարձավճարները: Դժգոհությունների առիթ կարող է լինել նաեւ այն, որ ՄԱԿ-ի փորձագետներն առաջարկում են բուհերի ղեկավարներին՝ հիմնավորել վարձավճարի սահմանված չափը: Հայտնի է, որ այսօր վարձավճարների չափի հարցում ռեալ մեխանիզմներ չեն գործում. «Դրանց սահմանման մասին առաջարկները դեռ վերջնական տեսք չունեն. այսօր դրանք իբր որոշվում են շուկայի թելադրանքով եւ ծախսատարությամբ։ Բայց ավելի շատ 1-ինն է որոշիչ։ Այս խնդիրը, ի դեպ, բարձրացնում են նաեւ ռեկտորները։ Մանկավարժականն ասում է՝ ես էլ եմ բանասեր պատրաստում, ԵՊՀ-ն էլ, ինչո՞ւ է նրա վարձը 2 անգամ ավելի։ Կարծում եմ, որ կառավարության կողմից պետք է համապատասխան որոշում ընդունվի, որպեսզի բուհը հիմնավորի վարձի չափն իր ծախսատարությա՛մբ։ Բուհի հեղինակությունն էլ պետք է օգտագործվի, բայց պետությունն էլ պետք է վերահսկի այս ամենը՝ իհարկե ոչ դիկտատի նման, որպեսզի կամայականություններ չլինեն»։ Վերադառնալով աշխատաշուկայի պահանջներին կադրերի թվի անհամապատասխանությանը: Մոտ մեկ տարի առաջ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Պոլիտեխնիկում մի միջոցառման ժամանակ մտահոգություն հայտնեց, որ այսօր մենք չունենք աշխատաշուկայի ուսումնասիրություն, որ չգիտենք՝ որ մասնագիտության գծով որքան կադր պետք է պատրաստել: Ըստ Հովհ. Հովհաննիսյանի, գերարտադրություն ունենք միջազգայնագետների շրջանում: Ընդ որում՝ նրանք համ շատ են, համ էլ չկա այն դպրոցը, որ կարող է բարձր որակ ապահովել։ Լրագրողների շրջանում անցկացրած հարցումներն էլ են ցույց տվել, որ վերջիններս իրենց կրթությունից այդքան էլ գոհ չեն, որովհետեւ նրանց ավելի շատ տեսական նյութեր են տրամադրվում: Սակայն, պարզվում է, շուկայում լրագրողների պահանջարկ կա։ Պատրաստման ոչ բավարար որակ է գրանցվել նաեւ մանկաբուժության, տնտեսագիտական մասնագիտությունների, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ծրագրավորման ոլորտում։ «Ուսանողը, որ 2-րդ կուրսում է սովորում եւ աշխատում է մասնավոր հիմնարկությունում, ավելի շատ փող է վաստակում, քան իր դասախոսը։ Եվ դասախոսները, ովքեր իսկապես բարձր որակ կարող են ապահովել, գնում են էլի մասնավոր հիմնարկում աշխատելու։ Առաջարկում ենք կրթական համակարգի եւ տնտեսական կառույցների փոխներթափանցում։ Ինչպես, օրինակ, «Սինոփսիսը» Ճարտարագիտական համալսարանում»։ 2002 թ. շրջանավարտներից 1200-ի շրջանում արված հարցումներից պարզվել է, որ 3 տարի անց՝ 2005թ. հուլիս-օգոստոս ամիսներին աշխատանք ուներ տղաների 68.6%-ը եւ աղջիկների 55.3%-ը: Այսօր գործազրկությունը մեծ է հետեւյալ մասնագիտությունների դեպքում (ըստ ՄԱԿ-ի փորձագետների կազմած ռեյտինգային աղյուսակի). քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն, պատմություն, արեւելագիտություն, ֆիզկուլտուրա, աստվածաբանություն, ընդերքաբանություն, էներգետիկա եւ էլեկտրատեխնիկա, հոգեբանություն եւ փիլիսոփայություն, անգլերեն լեզու, իրավագիտություն, ռեժիսուրա եւ դերասանական արվեստ: Իսկ ներքոնշյալ մասնագիտությունների դեպքում գրացվել է եւ ուսուցման ցածր որակ, եւ գերարտադրություն. միջազգային հարաբերություններ, ռադիոտեխնիկա եւ կապի համակարգեր, տրանսպորտային համակարգեր, անասնաբուժություն եւ անասնաբուծություն, պարենամթերքի տեխնոլոգիա, թեթեւ արդյունաբերություն: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել