Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Փետրվար 09,2006 00:00

Կառավարության
հետ ԱԺ-ի հարցուպատասխանի եւ լրագրողների հետ զրույցի ընթացքում Անդրանիկ Մարգարյանի
ուշագրավ մտքերը: Ձյունածածկ փողոցների մասին «Դուք ուզում եք՝ արտակարգ
իրավիճակում ստանդարտ բոլոր գործողությունները կատարվե՞ն,- քաղաքի չմաքրված փողոցների
շուրջ ՕԵԿ անդամ պատգամավոր Գագիկ Ավետյանի հարցին հարցով պատասխանեց վարչապետը:-
Այդպես չի՛ լինում: Ոչ մեկը չէր կարող ծրագրավորել, որ մի քանի օր իրար վրա ձյուն
է գալու, հետո դադարելու է (անգամ հիդրոմետ ծառայությո՞ւնը.- Ա. Ի) եւ նորից է ձյուն
գալու»: Նաեւ դժգոհեց հարցից. «Սրտաճմլիկ բացատրեցիք, թե քաղաքում ինչպիսի իրավիճակ
է: Մեկը կողքից լսեր՝ կմտածեր, թե վաղը չէ մյուս օրը քաղաքը փակվելո՜ւ է, քանդելո՜ւ
են… Այդպես չէ: Եվ որքան քիչ մենք տագնապ հնչեցնենք էս եղանակով՝ թե ժողովո՜ւրդ,
ամեն ինչ քանդվո՜ւմ է, անտերությո՜ւն է, քաղաքում իշխանություն չկա… Դա էլ այդպես
չէ»: Ըստ պրն Մարգարյանի՝ արվում է ամենը, ինչ հնարավոր է: Գնահատականների
մասին ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը մամուլում դժգոհություն
էր հայտնել, թե անհասկանալի է՝ կառավարությունն ի՞նչ չափանիշներով է գնահատականներ
տալիս քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից ղեկավարվող նախարարությունների աշխատանքներին:
Եվ կոչ էր արել գնահատական տալը թողնել քաղաքական ուժերին եւ հանրությանը: «Առավոտի»
հարցին, թե մտադի՞ր է հետեւել այդ կոչին՝ վարչապետը պատասխանեց. «Բնականաբար՝ ո՛չ:
Որովհետեւ կառավարության գործունեությանը գնահատական է տալիս վարչապետը՝ կառավարության
մյուս անդամների հետ միասին: Արդեն 6 տարի վարչապետ եմ, այդպիսի մոտեցում եղել է
եւ նոր չպիտի փոխեմ կառավարության աշխատաոճը»: ՍԴ դիմողների մասին «Առավոտի»
հիշեցմանը, որ ՍԴ է ներկայացվել Երեւանի Կենտրոնում հողհատկացումների վերաբերյալ
կառավարության որոշումների սահմանադրականության վերաբերյալ դիմում, որին միացել են
նաեւ կոալիցիայի անդամ պատգամավորներ՝ վարչապետը պատասխանեց սպառնալից շեշտադրումներով.
«Դեռ ինձ չեն ներկայացրել այդ փաստաթուղթը, որ ես կարողանամ կողմնորոշվել: Կներկայացնեն,
կպարզենք՝ ովքե՛ր են եղել եւ ինչի՛ համար են միացել»: Պաշտպանի մասին Առաջին
փորձից Արմեն Հարությունյանի ընտրության տապալվելու պատճառը կոալիցիայի անկազմակերպվածությո՞ւնն
էր, թե՞ այնուամենայնիվ միտում կար՝ հարցին ի պատասխան, Անդրանիկ Մարգարյանն ասաց.
«Գիտեմ կոալիցիայի կուսակցությունների դիրքորոշումը Արմեն Հարությունյանի նկատմամբ,
որ ոչ մի բացասական բան չի հնչել: Եվ մենք հիմքեր չունենք կասկածելու, որ կոալիցիայում,
ասենք, տապալել են կամ կողմ չեն քվեարկել»: Նաեւ հաշվարկներ ներկայացրեց՝ կոալիցիան
ունի 70-ից ավելի պատգամավոր, բացակայել են 10-ը. «Կոալիցիան միայն իր ուժերով էլ
չէր կարող անցկացնել՝ 79 ձայնով: Պետք է լիներ ուրիշ պատգամավորների աջակցությունը,
ինչը, իմ կարծիքով, քիչ է եղել: Ոչ մեկին չեմ կասկածում: Ինչպե՞ս կարող եմ կասկածել,
եթե փաստ չկա»: ԼՂ-ի մասին Հակամարտության գոտում խաղաղարարների տեղակայման
եւ տարածքների վերադարձի մասին հարցերին ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Չի կարելի
ամբողջ խնդրից անջատել կետեր եւ ասել՝ տարածքների մասին ի՞նչ եք մտածում, խաղաղարարների
մասին ի՞նչ եք մտածում կամ կարգավիճակի մասին ի՞նչ եք մտածում: Այդ բոլորը պետք է
համատեղ քննարկվի եւ փաթեթային նայվի, այլ ոչ թե առանձին-առանձին»: Մեր հարցին, թե
վստա՞հ է, որ փաթեթ է քննարկվում, քանի որ ադրբեջանական կողմից արտահոսքերի համաձայն՝
քննարկվում է փուլային տարբերակ, պրն Մարգարյանը պատասխանեց. «Եթե փաթեթ ենք ասում՝
այս բոլոր հարցերի պատասխանը պետք է լինի: Կարող է իրականացման ժամանակ փուլեր լինեն,
բոլորը միանգամից չլինի, բայց գոնե պետք է մեկ փաստաթուղթ լինի, որտեղ հստակ կլինի
այս հաջորդականությունը»: Իսկ մեկ այլ հարցի, թե բանակցային գործընթացից որքա՞ն է
տեղյակ՝ վարչապետն այսպես արձագանքեց. «Քանի գործընթացը գնում է՝ ո՞վ կարող է ասել,
թե քանի տոկոսով է ծանոթ: Ես բավականաչափ տեղյակ եմ, որ կարողանամ ինձ համար եզրակացություններ
անել…Գործընթաց է գնում, եւ պայմանավորվածություններ դեռ հստակ չկան»: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել