Լրահոս
Օրվա լրահոսը

Գործադուլը

Փետրվար 09,2006 00:00

Գործադուլը քթներից բերեցին Վերաքննիչ դատարանն էլ «ԱրմենՏելի» հայցը բավարարեց Երեկ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում (դատավոր՝ Լեւոն Գրիգորյան) լսվեց «ԱրմենՏելի» հայցն ընդդեմ ընկերության ինֆորմացիոն տեխնոլոգիաների 4 ստորաբաժանումների մի խումբ աշխատակիցների: Նրանք՝ դժգոհելով իրենց տնօրեն Գեորգի Կուլոգիանիսից, որ վերջինս ազգային խտրականություն է դնում եւ հայերին ավելի ցածր է վարձատրում, քան հույներին, ինչպես նաեւ չի վարձատրում արտաժամյա աշխատանքի համար, նրան աշխատանքից ազատելու պահանջով անցյալ տարվա նոյեմբերի 7-ին նախազգուշական գործադուլ էին արել: «ԱրմենՏելն» էլ հանդուգն աշխատակիցներին պատժելու համար գործադուլն օրինական ճանաչելու հայցով դիմել էր դատարան: Այսինքն, եթե դատարանը բողոքավորների ակցիան համարի գործադուլ, ապա ընկերությունը հիմքեր կունենա աշխատանքային կարգապահությունը խախտելու պատճառաբանությամբ ազատվել ըմբոստ աշխատակիցներից: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների 1-ին ատյանի դատարանը «ԱրմենՏելի» հայցը բավարարել էր՝ աշխատակիցների ակցիան ճանաչելով գործադուլ: Աշխատակիցները վճիռը բողոքարկել են վերաքննիչ դատարանում: Նշենք, որ դատարանում գործադուլավորների շահերը պաշտպանում է Երիտասարդ իրավաբանների միությունը: Միության իրավաբան Գեւորգ Գյոզալյանի ներկայացմամբ, իրականում գործադուլ չի էլ եղել եւ նախազգուշական ակցիան տեւել է 1 ժամ 15 րոպե, մինչդեռ օրենքով այն կարող էր եւ տեւել 2 ժամ: «ԱրմենՏելի» ներկայացուցիչ Գեւորգ Պետրոսյանը սրան ի պատասխան ասաց, որ գործադուլավորների պահանջները եղել են ոչ թե տնտեսական, այլ՝ անձնական հիմքով: Նա վկայակոչեց աշխատանքային օրենսգիրքը՝ գործադուլի հիմքում պետք է լինեն միայն սոցիալ-տնտեսական պահանջներ: Երեկ վերաքննիչ դատարանը վճիռը թողեց անփոփոխ: Իսկ մինչեւ առաջին ատյանից վերաքննիչ դատարան հասնելը՝ աշխատակիցներից մի քանիսին ընկերության ղեկավարությունն արդեն հասցրել է տարբեր պատճառաբանություններով գործից ազատել: «ԱրմենՏելի» լրացուցիչ ծառայությունների բաժնի աշխատակից Արմեն Աբրահամյանին աշխատանքից հեռացրել են՝ պատճառաբանելով, որ մասնագետ չէ եւ փորձաշրջան չի անցել, մինչդեռ Ա. Աբրահամյանի խոսքերով, «այսքան տարի իմ աշխատանքի նկատմամբ ոչ մի վերապահում չեն ունեցել եւ հետապնդումները սկսվեցին՝ երբ բողոքեցինք»: Աշխատանքից անհիմն ազատելու համար Ա. Աբրահամյանը «ԱրմենՏելին» դատի է տվել եւ հաստատելու համար, որ իր գործում լավ մասնագետ է՝ նա պատրաստվում է դատարանին այդ մասին վկայող հավաստագրեր ու գովասանագրեր ներկայացնել: Ակցիային մասնակից աշխատակիցներից մի քանիսն էլ հաստիքների կրճատման տակ են ընկել: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել