Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒԲԵՆ

Փետրվար 09,2006 00:00

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ԴԱՏԻ Է ՏԱԼԻՍ ՀՖՖ նախագահի հայտարարությունը զանգվածային լրատվամիջոցների համար Վերջին շրջանում՝ կապված Երեւանի «Փյունիկ» ակումբի Մոսկվայում դրսեւորած վարքագծի հետ, զանգվածային լրատվամիջոցները բազմիցս անդրադարձել են իմ անձին: Չնայած այն հանգամանքին, որ ՀՖՖ-ն խնդրո առարկայի հետ կապված տվել է հանգամանալից բացատրություններ, որ իմ պաշտոնավարության շրջանում ՀՖՖ-ի գործունեությունը միշտ բաց է եղել զանգվածային լրատվամիջոցների համար, այնուամենայնիվ, հաճախ հրապարակելով չճշտված տեղեկություններ, դրանց հիման վրա զանգվածային լրատվամիջոցները հնչեցրել են որոշակի մեղադրանքներ, արել են անհիմն ենթադրություններ, որոնց, սակայն, ես գիտակցաբար չեմ պատասխանել: Կարծում եմ, որ տեսակետ ունենալու իրավունք ունեն բոլորը: Այլ խնդիր է, թե այդ տեսակետները որքանով են պայմանավորված ֆուտբոլի զարգացման հեռանկարով եւ որքանով են թելադրված ամենատարբեր շահեր հետապնդող մարդկանց կողմից: Սա արդեն յուրաքանչյուր զանգվածային լրատվամիջոցի եւ յուրաքանչյուր անհատի խղճի եւ բարոյականության գործն է: Ինչ վերաբերում է ՀՖՖ գործադիր կոմիտեի նախկին անդամ Սուրեն Բաղդասարյանին, անկախ այն հանգամանքից, որ նրա կողմից վերջերս իմ հասցեին հրապարակայնորեն հնչում էին ստորագույն մեղադրանքներ, իմ անձը վիրավորող զրպարտիչ հայտարարություններ, ինձ վերագրվող ակնհայտ սադրիչ արտահայտությունների միջոցով փորձ էր արվում իմ դեմ տրամադրել զանգվածային լրատվամիջոցները եւ ի դեմս նրանց՝ հասարակական կարծիքը, ես դրանց նույնպես չէի անդրադառնում, այս անգամ այն պատճառով, որ բոլորին է հայտնի այդ անձնավորության բնույթը: Բայց քանի որ երեկ տեղի ունեցած անթույլատրելի միջադեպի կապակցությամբ Սուրեն Բաղդասարյանը կրկին ուղղակի մեղադրել է ինձ՝ այս անգամ ծանր հանցագործություն կատարելու մեջ եւ հրապարակային հայտարարել, որ իր ավտոմեքենայի հրկիզման փորձը կազմակերպվել է իմ կողմից, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր եւեթ դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պատասխանատվության կանչելու Սուրեն Բաղդասարյանին՝ ինձ ակնհայտ անհիմն զրպարտելու, ծանր հանցագործության մեջ մեղադրելու, իմ արժանապատվությունը վիրավորելու համար: Հայտարարում եմ նաեւ, որ հետամուտ եմ լինելու, որպեսզի այդ գործընթացը լինի բաց եւ հրապարակային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել