Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ

Փետրվար 10,2006 00:00

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՏԵՆԴՆ ՍԿՍՎՈՒՄ Է Այսօր Թուրինում մեկնարկում է ձմեռային 20-րդ օլիմպիական խաղերը Մերոնք՝ Թուրինում. ո՞վ՝ երբ Ինչպես արդեն «Առավոտն» իր ընթերցողներին տեղեկացրել է, Սպիտակ օլիմպիադայում Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանելու են դահուկավազորդներ Հովհաննես Սարգսյանը, Էդմոնդ Խաչատրյանը, լեռնադահուկորդ Աբրահամ Սարկախյանը եւ գեղասահքի Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան զույգը: Անշուշտ, հայ մարզասերներին հետաքրքրում է, թե մեր օլիմպիականները ե՞րբ են ներգրավվելու պայքարի մեջ: Երեկ մեր աշխատակիցը ճշտեց հայաստանցի մարզիկների մեկնարկների օրերը: Դահուկավազորդներ Հովհաննես Սարգսյանն ու Էդմոնդ Խաչատրյանը փետրվարի 14-ին մասնակցելու են թիմային արագավազքին: Փետրվարի 17-ին նրանք հանդես կգան 15 կմ դասական ոճով վազքում, իսկ փետրվարի 22-ին՝ անհատական արագավազքում: Գեղասահորդներ Անաստասիա Գրեբյոնկինան եւ Վազգեն Ազրոյանն իրենց կարողությունները ցուցադրելու են փետրվարի 17-ին, 19-ին եւ 20-ին, իսկ լեռնադահուկորդ Աբրահամ Սարկախյանը փետրվարի 20-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջքին, իսկ 25-ին՝ ոլորավայրէջքին: Օլիմպիական խաղերի շուրջ «Թուրին-2006»-ի կազմկոմիտեի պնդմամբ՝ ձմեռային 20-րդ օլիմպիական խաղերն էկոլոգիապես ամենամաքուրն են լինելու օլիմպիական խաղերի պատմության մեջ: Նրանց հետ համամիտ են նաեւ Եվրամիության փորձագետները, որոնք բազմաթիվ ստուգումների արդյունքում Թուրինին տվել են «Օլիմպիական խաղերը շրջակա միջավայրի հետ համատեղելիության» հավաստագիր: Որոշվել է նաեւ կազմկոմիտեին պարգեւատրել հատուկ «Կանաչ մեդալով»: Օլիմպիական խաղերից դեռ շատ առաջ ու այդ օրերին Իտալիայում «մարտական պատրաստվածության» են բերվել հնարավոր բոլոր ծառայությունները, որոնց հատկացվել են նաեւ գերժամանակակից սարքավորումներ: Դրանցից է նաեւ եղանակի կանխատեսման ծառայությունը, որն արդեն հայտարարել է, թե ինչ եղանակ է սպասվում այսօր՝ Խաղերի բացման օրը, մասնակիցներին ու հյուրերին: Ըստ նրանց, փետրվարի 10-ին Թուրինում սպասվում է ամպամած եղանակ, բայց առանց տեղումների: Ջերմաստիճանը տատանվելու է +2-ից +3-ի սահմաններում: Եղանակի հետ խնդիրներ կարող են առաջանալ միայն Սեստրիերեում, որտեղ մարզվում են լեռնադահուկորդները: Այստեղ հնարավոր է ուժեղ քամի՝ ժամում 80կմ արագությամբ: Խաղերի կազմակերպիչները ցանկանում էին մինչեւ վերջին պահը գաղտնի պահել բացման արարողության ամենակարեւոր հյուրերի անունները: Սակայն լրատվամիջոցներին հաջողվել է պարզել մի քանի մանրամասներ: Այսպես, այդ օրը «Stadio Comunale» ստադիոնում երգելու է աշխարհահռչակ տենոր Լուչանո Պավարոտին: Բացման արարողությանը, որը տեւելու է 2,5 ժամ, մասնակցելու են նաեւ դիզայներ Ջորջո Արմանին եւ «La Scala» թատրոնի պարային խմբի աստղերը: Իսկ փակման ժամանակ երգելու են հանրահռչակ մեկ այլ տենոր՝ Անդրեա Բոչելին եւ կանադացի երգչուհի Ավրիլ Լավինը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել