Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Փետրվար 11,2006 00:00

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՎԱՐՊԵՏԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ Փետրվարի 12-ը Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրն է Անհատականություն, ում մեծությունը չափվում է հենց նրա ինքնատիպ գրականության պարզությամբ, որը միաժամանակ անհատակ խորություն ունի: Արժանիք, ինչի համար էլ ժամանակին միջակությունները չկարողացան ներել գրողին: Քանի որ 2005 թվականը հայտարարված էր մաթեւոսյանական տարի, Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 70-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ կազմակերպվեցին: Ի դեպ, հոբելյանական միջոցառումների առիթով Հայաստան ժամանած ճանաչված ռուս գրող, Հրանտ Մաթեւոսյանի վաղեմի բարեկամ Անդրեյ Բիտովը միանգամայն ճշմարիտ դիտարկում է արել. «Այնքան հզոր է Մաթեւոսյանի գրիչը, որ եթե անգամ գրողի հիշատակը հավերժացնող հուշարձաններ չկանգնեցվեն ու կոնֆերանսներ չկազմակերպվեն, նրա արվեստի ուժը բավական է»: Իսկ Հայաստանի գրողների միության քարտուղար Դավիթ Մուրադյանը գտնում է. «Հրանտ Մաթեւոսյանը ոչ միայն իր ժամանակի մտածողությունը արտահայտող, այլեւ այդ ժամանակի մտածողությունը ձեւավորող գրող էր: Դեռեւս մեր քաղաքական անկախությունից առաջ «Մենք ենք, մեր սարերը» վերնագրով նա ձեւակերպեց մեր ազգային-հոգեւոր անկախության գաղափարը»: ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը գրողի ծննդյան օրվա առիթով ասաց. «Նա մեր կողքին էր, մեզ հետ էր, ու գիտեինք նրա մեծությունը՝ ամեն մեկս Աստծո տված իմացության չափով: Երեք տարի ձգվող նրա բացակայության ամեն մի օրը է՛լ ավելի է շեշտում նրա մեծությունը, եւ այստեղ արդեն Աստծո տված իմացությունն անզոր է, որովհետեւ նրա մեծության սահմանները այս երեքամյա բացակայության ամեն օրվա մեջ ավելի են ընդարձակվում: Հրանտ Մաթեւոսյան Վարպետը ի՛ր գրականության Տերն էր, տիրոջ իրավունքով ծառայեց հայ գրականությանը՝ եւս մեկ անգամ մեզ բոլորիս տեր կարգելով ե՛ւ իր, եւ՛ հայ գրականությանը»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել