Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԶՆԻՑ

Փետրվար 18,2006 00:00

«ՄԵԶՆԻՑ ՀԱՍՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՄԱՔՐԵԼ» Քիմմաքրման ծառայություն մատուցող ընկերությունները որակազրկված ապրանքներին տեր չեն կանգնում Դատարաններում քիմմաքրման ծառայություն մատուցող մի քանի կետերի դեմ դատական գործեր են հարուցվել: Այդ ծառայություններից տուժած քաղաքացիները որքան էլ համոզում են, որ օֆիսը իրենց այս կամ այն թանկարժեք հագուստի փոխարեն մի քրջոտ լաթ է վերադարձրել, դժվար է լինում ապացուցել այդ փաստը, քանի որ այսօր քիմմաքրման ոչ մի կենտրոն նախապես հաճախորդներին գրավոր ոչ մի երաշխիք չի տալիս: Լավագույն դեպքում բանավոր խոստանում են, որ հագուստը չի փչանա, սակայն բանավոր խոսքը դատարանում հիմք չի ընդունվում: Մայրաքաղաքում գործող շուրջ տասնյակ բարձրակարգ օֆիսներից փորձեցինք հետաքրքրվել, թե ի՞նչ երաշխիք կտան, որ մեր բնական «դուբլյոնկան» քիմմաքրումից հետո տեսքից չի ընկնի: Նորքի 2-րդ զանգվածում գտնվող անանուն (սրահի վրա գրված էր միայն «Քիմմաքրում») օֆիսներից մեկում չնայած աշխատակցուհին հավաստիացրեց, որ «մեզ մոտ ընտիր են անում, ուրիշների պես լաքա-մաքա չեն թողնում, մաքրելուց հետո ուղղակի պլպլում ա, ոչ փայլն ա կորում, ոչ էլ գույնն ա խամրում», սակայն երբ խնդրեցինք գրավոր ստորագրությամբ այդ հավաստիացումներն ամրագրել, չհամաձայնեց՝ պատճառաբանելով, թե «վսյո տկի քիմիական նյութեր են, մի բան լինի՝ դե արի, ես կարամ ասեմ, որ մենք սրտացավ աշխատում ենք, կվստահեք՝ տվեք, չէ՝ ձեզ բարի ճանապարհ»: Բարի ճանապարհ մաղթեցին նաեւ Կենտրոնի քիմմաքրման մի քանի օֆիսների աշխատակիցները՝ մի բան էլ դժգոհելով, որ «էդքան քթի մազ պետք չի լինել, ինչ լինելու ա՝ կլինի, հազարավոր հաճախորդներ ենք ունեցել, ոչ մեկը ձեր նման ժամերով չի կանգնել հարցուփորձ արել, էս ինչ անդավերյոննի ժողովուրդ են, հո մի օրվա համար չե՞նք, եթե շորդ փչանա՝ հաջորդ օրը չե՞ս բերի տաս գլխիս, ամեն օր էլ ներվերս ուտես, մենք էլ ենք շահագրգռված, որ հագուստի որակը չընկնի, դա մեր հեղինակությունն էլ ա»: Նույն օֆիսում խոստացան կտրոն տալ, որ այսինչ օրը այսինչ ժամին ընդունվել է հագուստի մաքրման պատվեր, բայց թե ինչ տեսքով այն կվերադարձնեին՝ գրավոր պատասխանատվություն տալ հրաժարվեցին: Մալաթիայի շուկայի հարեւանությամբ գործող նմանատիպ օֆիսներից մեկում նույնիսկ բանավոր չխոստացան, որ ապրանքը մաքրելուց հետո չի որակազրկվի: Դեռ չէինք հասցրել հարցն ավարտել, թե ի՞նչ երաշխիք կտաք՝ աշխատակցուհին վրա բերեց. «Մեզնից հասնում ա միայն մաքրել»: Օրերս «Առավոտին» քաղաքացիներից մեկը բողոքեց, որ իր արհեստական մորթուց վերարկուն վստահել է Կենտրոն համայնքում գտնվող քիմմաքրման կետերից մեկին, երբ վերցրել է՝ առաջին հայացքից ամեն ինչ նորմալ է եղել, միայն այն մի քիչ չոր է թվացել, ինչի առնչությամբ օֆիսի տնօրինությունը վստահեցրել է, որ «կփափկի, լվացքից հետո շորերը չե՞ն չորանում»: Սակայն, քաղաքացու պատմելով՝ «քանի գնում էր՝ վերարկուս դառնում էր չիր, այդպես էլ չկարողացա հագնել, թեւերը չեն ծալվում, երբ նստում եմ՝ տակի մասերը ճաքում են, վախենում եմ՝ մի քանի օրից վերարկուս կտրտվի ու թափվի»: «Առավոտի» մեր աշխատակցուհին էլ վերջերս քիմմաքրման էր տվել իր ջինսե բաճկոնը, որը վերադարձրել էին անճանաչելիորեն փոխված. գույնը թափված է եղել, թեւերը կիսով չափ կարճացած, դեֆորմացված, բաճկոնի ներքին հատվածներն էլ՝ լայնացած: Այս դեպքում, սակայն, միայն քիմմաքրողներին մեղադրել չի լինի, որովհետեւ նրանց հաճախ շփոթեցնում են հագուստի վրա փակցված «սուտ» պիտակները: «Էլիտա» ընկերության մասնագետը մեզ բացատրեց, որ առաջ հաճախ առաջնորդվում էին պիտակով, որովհետեւ կեղծ ֆիրմային ապրանքներն այդքան շատ չէին ու բավական էր պիտակին նայեին՝ արագ կողմնորոշվում էին՝ քիմմաքրո՞ւմ է հարկավոր, թե՞ թաց մաքրում: Սակայն հիմա, նրա մեկնաբանությամբ, տեղական արտադրանքի վրա այնպիսի ապրանքանիշ են խփում, որ իրենք էլ են շփոթում, ուստի ընկերությունը ստիպված առանձին հաստիքով տեխնոլոգ է պահում, որը պատվեր ընդունելուց առաջ լավ ուսումնասիրում է այն, գնահատում, կտորի որակը ստուգում ու որոշում մաքրման ձեւը: Պայմանների ու հնարավոր բոլոր վնասների մասին հաճախորդը զգուշացվում է, եթե համաձայն է լինում՝ պատվերն ընդունվում է: Կոնկրետ «Էլիտայի» դեպքում մենք ներկայացանք իբր վելյուրե կոստյումը մաքրել ցանկացող հաճախորդ, եւ ընկերությունում անկեղծորեն խոստովանեցին, որ «քիմմաքրման հետեւանքով այդ կոստյումից քիչ բան կմնա, եթե պնդում եք, որ հենց քիմիական նյութերով այն մաքրենք՝ ոչ մի երաշխիք տալ չենք կարող, բայց առաջարկում ենք մաքրման ավելի ճիշտ տարբերակ»: Սա թերեւս մեր այցելած միակ ընկերությունն էր, որը գոնե հաճախորդին կողմնորոշում էր: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել