Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղ ստանալը հեշտ է, պահելը՝ դժվար

Փետրվար 22,2006 00:00

Աստղ ստանալը հեշտ է, պահելը՝ դժվար Երեկ «Կոնգրես» հյուրանոցը ստացավ իր վաստակած 3 աստղը Երեկ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանն անձամբ շնորհավորեց «Կոնգրես» հյուրանոցի տիրուհուն՝ Դինա Պասկոլինիին եւ հյուրանոցին հանձնեց 3 աստղ: «Առավոտն» արդեն մանրամասն անդրադարձել է հյուրանոցներին աստղ շնորհելու կառավարության մշակած կարգին, ըստ որի, այսուհետեւ ոչ մի հյուրանոցային տնտեսություն չի կարող առանց նախարարության «ok»-ի՝ ճակատին կեղծ աստղեր փակցնել: Սակայն կառավարության աստղերն էլ դեռ «դոգմա» չեն եւ, ինչպես պարզվում է, դրանց թիվը ժամանակի ընթացքում կարող է նվազել կամ ավելանալ: Չի բացառվում, որ հայտատուները աստղ ստանալուց հետո սպասարկման որակը գցեն: Մեր այս դիտարկմանն ի պատասխան, փոխնախարարը պատասխանեց, որ աստղ շնորհած հանձնաժողովը ժամանակ առ ժամանակ այցելելու է հյուրանոցներ եւ ստուգելու է՝ պահպանվո՞ւմ են «աստղային» չափանիշները, թե՞ որակավորվելուց հետո, ասենք, լողավազաններից մեկը փակել են: Պարոն Պետրոսյանը նշեց, որ այն ժամանակ, երբ դեռ նոր էր կարգն ընդունվել, առաջին հերթին որակավորվելու ցանկություն հայտնել է «Գոլդեն Փելեսը», որը դիմել է 5 աստղի համար, բայց զուտ թղթատարության առումով «Կոնգրեսն» առաջ է ընկել: Բացի վերը նշված հյուրանոցներից, եւս մի քանիսն արդեն աստղ ստանալու ցանկություն են հայտնել: Ասուլիսին փոխնախարարն ակնարկեց նաեւ, թե ինչպես են զգացել կառավարության կարգի անհրաժեշտությունը. «Նախկինում զբոսաշրջիկը գալիս էր, հավատում ինքնակոչ աստղերին, վերջում հիասթափվում ու դժգոհում, թե չհասկացանք, մեր պատկերացումները 5 աստղանիի մասին ուրիշ են, ձեր 5 աստղանին սա՞ է»: Պարոն Պետրոսյանի մեկնաբանությամբ՝ եթե «Կոնգրեսն» իր ծառայությունների համար սահմանի որոշակի գին, նրանից ցածր կարգ ունեցողը՝ 2 աստղանին, չի կարող նրան հավասար կամ ավելի գներ առաջարկել: Ի պատասխան տիկին Պասկոլինիի այն դժգոհությանը, թե «տուրիստը Հայաստանում հյուրանոցի կամ շրջագայության համար շատ չի կարողանում ծախսել, որովհետեւ արդեն բավականին մեծ գումար է տված լինում ճանապարհածախսի համար»՝ պարոն Պետրոսյանն ասաց. «Ճիշտ է, նման խնդիր կա, բայց բերեք համեմատեք մի 6-7 տարի առաջվա հետ: Մենք նույն պրոբլեմն ունեինք նաեւ հյուրանոցային ծառայությունների գների հետ, դաշտում մի քանիսն էին ու իրենց ուզած գինը դնում էին, բայց հիմա խնդիրը լուծված է»: Վերջին դիտարկումը զարմանալի էր հատկապես այն առումով, որ ընդամենը տարեվերջին նախարարության զբոսաշրջության զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, որպես տուրիզմի զարգացման գլխավոր խոչընդոտ համարում էր հենց հյուրանոցային սպասարկման գները, մինչդեռ փոխնախարարի համար այդ խնդիրը վաղուց արդեն լուծված է: Հարցին, թե ե՞րբ պիտի Հայաստանում տուրիզմը հյուրանոցների սպասարկման որակի ու գների առումով կարողանա մրցակցել Թուրքիայի հետ՝ պարոն Պետրոսյանը պատասխանեց. «Երբեք մեր տուրիստական արդյունքը թուրքական տուրիզմի արդյունքի հետ չհամեմատեք: Մերը պատմամշակութային, ճանաչողական տուրիզմ է, այստեղ շրջագայում են, ոչ թե ծովի ափին իրանց համար նստում ու հյուրանոցում քնում, իսկ շրջագայության ծախսը շատ է»: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728