Լրահոս
Օրվա լրահոսը

«Սլաքը շարժվում է…»

Փետրվար 23,2006 00:00

«Սլաքը շարժվում է…» «Իսկական ողբերգություն կլինի, եթե կողմերը չօգտվեն կարգավորման այս հնարավորությունից»: Սա բանակցային գործընթացի ամենաթարմ արարի՝ Ռամբույեի հայտնի ձախողմանը հաջորդած առաջին լուրջ «ախտորոշումն է», որի հեղինակը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանն է: «Ազատություն» ռ/կ ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Մանն իր այս մռայլ գնահատականը, այնուամենայնիվ, փորձել է փոքր-ինչ մեղմել՝ ասելով. «Մենք, իհարկե, դեռ փորձում ենք համակարգել կատարվածը: Կարող եմ ասել, որ 2006-ը կարգավորման տարի է: Ռամբույեում հարցերն առաջ չգնացին, բայց ժամացույցի սլաքը շարժվում է»: Վերջինս ուղղակիորեն խուսափել է պատասխանել հարցին, թե ի՞նչ կլինի, եթե 2006-ին համաձայնություն այդպես էլ ձեռք չբերվի, բավարարվելով ընդամենը արձանագրումով, որ «երկու տարվա ընթացքում զգալի դրական աշխատանք է կատարվել, եւ անհրաժեշտ է համաձայնության գալ»: Տպավորությունը, թե Մաննը ճարպկորեն խուսափել է խիստ էական թվացող այս վերջին հարցադրմանը պատասխանելուց, միանգամայն թյուր է: Դիվանագետն այդ հարցին առավել քան պարզորոշ պատասխան է տվել հարցազրույցի ամենասկզբում՝ զգուշացնելով «իսկական ողբերգության» մասին: Այսպիսով, այլեւս կարող ենք փաստել, որ գրեթե պաշտոնապես ազդարարված է Մինսկի գործընթացի վերջնական ֆիասկոյի մասին, եւ մենք ասում ենք գրեթե պաշտոնապես, քանի որ այդ տխուր խոստովանության հեղինակը հակամարտության շուտափույթ կարգավորմամբ երբեւէ շահագրգռություն չունեցած Ռուսաստանի ներկայացուցիչը չէ, ու ոչ էլ՝ տարածաշրջանային գործընթացների վրա առանձնապես էական ազդեցություն չունեցող ֆրանսիացի համանախագահը: Տապալման եւ հավանական ողբերգության մասին խոսում է ոչ այլ ոք, քան ամերիկյան համանախագահը: Իսկ վերջինս ներկայացնում է մի երկիր, որն, ինչպես հայտնի է, ե՛ւ մեր տարածաշրջանի առավել էական խաղացողներից է (եթե ոչ՝ ամենաէականը), ե՛ւ ԼՂ հակամարտության արագ կարգավորմամբ թերեւս ամենաշահագրգիռ գերտերությունը: Հիմա արդեն կարելի է չկասկածել, որ առաջիկայում հրապարակվելիք ԱՄՆ կառավարության «ղարաբաղյան» գնահատականն առանձնապես չի տարբերվելու Սթիվեն Մաննի «անկեղծացումից»՝ դրանից բխող բոլոր գործնական հետեւանքներով: Իսկ մինչ այդ, հակամարտող հասարակություններում արդեն իսկ շրջանառվում են Մինսկի գործընթացի տապալումից ենթադրվող բարդացումների առաջին չարագուշակ ծիծեռնակները: «Մենք պատերազմի կողմնակից ենք եւ համարում ենք, որ Ղարաբաղի ճանապարհն անցնում է պատերազմի միջով: Մեր նպատակն այն է, որ բոլոր կազմակերպություններն այդ հարցը քննարկման դնեն ու միաձայն հանդես գան բանակցությունները դադարեցնելու եւ պատերազմի նախապատրաստվելու պահանջով»,- սա հատված էր Ադրբեջանի առավել արմատական տրամադրված կազմակերպությունների համատեղ ուղերձից: Հայաստանում եւս տրամադրությունները մարտական են: Այստեղ Տիգրան Ուրիխանյանը նկարներ է ճղում, իսկ կառավարությունն ու ԱԺ-ն քաջաբար պայքարում են Բուզանդի կողոպտված բնակիչների դեմ… Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել