Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՈՐՍ ԱՄԻՍ՝ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ

Փետրվար 23,2006 00:00

ՉՈՐՍ ԱՄԻՍ՝ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ Բանկային համակարգի անվտանգության աշխատողներն արդեն 4 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել: Մեր հավաստի աղբյուրների տեղեկատվությամբ՝ բանկային համակարգի արտաքին անվտանգության աշխատողներին դեռ անցյալ տարվա նոյեմբերից աշխատավարձ չեն տվել: Խոսքը բոլոր բանկերի անվտանգությունը պահպանող, ոստիկանական ծառայություններ մատուցող աշխատակիցների մասին է: Մեր տեղեկություններով՝ ամեն ամիս, երբ գալիս է աշխատավարձը տալու ժամանակը, անվտանգության այդ աշխատակիցների մոտ շեֆերը «մեղա» են գալիս, թե դա իրենցից կախված չէ, «ձեզ հասկանում ենք, մտնում ենք ձեր դրության մեջ, բայց փողի պրոբլեմ կա, պիտի մի քիչ էլ համբերեք, խոստանում ենք՝ շուտով աշխատավարձի հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն եւ ամսեամիս քիչ-քիչ կփակվենք»: Սակայն արդեն 4 ամիս է՝ տղաները աշխատավարձի երես չեն տեսնում եւ որպեսզի վերջիններս ավելի կոպիտ քայլերի չգնան՝ շեֆերն անընդհատ նրանց գլխների տակ փափուկ բարձ են դնում: Բանկերն ունեն, այսպես կոչված՝ արտաքին եւ ներքին անվտանգության պահապաններ: Ներքին անվտանգության աշխատակիցները համարվում են հաստիքով աշխատող եւ վարձատրվում հենց բանկերի կողմից: Նրանք բանկերի մուտքի մոտ տեղակայված անցագրային բաժինների աշխատողներն են, որոնք ելումուտ անողների փաստաթղթերն են ստուգում: Իսկ արտաքին անվտանգությունը պահպանում են ոստիկանության աշխատակիցները, ուստի տվյալ դեպքում բանկերի կառավարիչները աշխատավարձ չստացած անվտանգության աշխատակիցների հետ այնքան էլ կապ չունեն: Պարզապես ոստիկանությունը պայմանագրեր է կնքել բանկերի հետ ու այդ պայմանագրում ֆիքսված գումարով բանկին տրամադրում է իր ծառայությունները: Այսինքն՝ թեեւ այդ աշխատակիցների հարցում բանկը պատասխանատվություն չի կրում, բայց նրանց աշխատավարձերը գոյանում են բանկի փոխանցած ֆինանսներից: Տարբեր բանկերի ոստիկանության աշխատակիցներ տարբեր աշխատավարձեր են ստանում՝ նայած, թե բանկն ինչքանով է «բարիշած» լինում ոստիկանության հետ: Մեր աղբյուրի վկայությամբ՝ տվյալ դեպքում աշխատավարձ չստացած անվտանգության աշխատողներին ոստիկանության իրենց վերադասները հավաստիացնում են, թե գումարները բանկերը դեռ չեն փոխանցել, երբ փոխանցեն՝ աշխատավարձերը կմարեն: Սակայն երբ մենք տարբեր բանկերից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են խախտում պայմանագիրը եւ փողը սահմանված ժամկետում չեն փոխանցում, պարզվեց՝ բոլոր բանկերն էլ աշխատավարձերի համար վաղուց բոլոր վճարումները կատարել են, սակայն ինչ-ինչ պատճառներով դրանք տեղ չեն հասել: Կենտրոնական բանկից հավաստիացրին, որ իրենք ներքին անվտանգությունը պահպանողներին նորմալ ամեն ամիս աշխատավարձ տալիս են: Ոստիկանության պահպանության ծառայության համար նույնպես բանկը ոչ մեկի առաջ պարտքուպահանջ չունի. «Մենք պայմանագրով սահմանված գումարը ամեն ամիս պարտաճանաչ վճարել ենք, թող աշխատակիցներն իրենց հարցերը պարզեն ոստիկանության հետ»,- «Առավոտին» պարզաբանեց ԿԲ նախագահի մամուլի քարտուղարը: «Արդշինինվեստ» բանկի աշխատակազմի ղեկավար Լեւոն Քյուրքչյանը նույնպես վստահեցրեց, որ ոստիկանության հետ կնքած պայմանագրից իրենք երբեւէ չեն շեղվել. «Հնարավոր չէ, որ աշխատավարձերի փոխանցման ժամանակը գա, ու մենք չփոխանցենք, դա պայմանագրով հաստատված մեր պարտականությունն է, որը մենք բարեխղճորեն ու պարտաճանաչորեն կատարում ենք»: Նույնը հավաստիացրեց նաեւ «Առեքսիմբանկի» անվտանգության պետը՝ նշելով, որ «բանկը փոխանցել է, մենք ոչ մի պարտք չունենք, ամեն ամիս լիովին գումարները փակվել ենք»: Մայրաքաղաքում գործող մյուս բանկերից խոստացան տեղեկացնել՝ փոխանցե՞լ են, թե՞ ոչ, բայց մոռացան: Բանկային համակարգի անվտանգության համար աշխատում է մոտ 350 հոգուց բաղկացած մի ամբողջ գունդ: Նրանց միջին աշխատավարձը 100 հազար դրամ է: Ամենահամեստ հաշվարկներով՝ ամեն ամիս մոտ 35 մլն դրամ բանկերի կողմից փոխանցվում է, բայց եթե աշխատողներին այդ գումարները չեն հասնում, մնում է դրանք փնտրել ոստիկանությունում: Սակայն ոստիկանությունից այս առնչությամբ մեզ չհաջողվեց պարզաբանում ստանալ, քանի որ լրատվականից խոստացան ճշտել ու պատասխանել, իսկ ճշտման գործընթացը երկարաձգվեց մինչեւ աշխատանքային օրվա ավարտը: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել