Լրահոս
Օրվա լրահոսը

Սիգի

Փետրվար 23,2006 00:00

Սիգի որսն արգելվում է Պատմության մեջ առաջին անգամ բնապահպանության նախարարը ստորագրել է հրաման, համաձայն որի, Սեւանա լճում 2006թ.՝ մի ամբողջ տարով արգելվում է սիգի որսը: Հիշեցնենք, որ նախորդ տարի Սեւանի սիգի խնդրի շուրջ թեժ քննարկումներ եղան՝ ձկնաբանները պնդում էին, որ սիգի վերարտադրության տոկոսը խիստ նվազել է, որ մանրաձուկը չի հասցնում նույնիսկ «պատանի» դառնալ՝ որսում են, եւ որ պետք է դադարեցնել որսն ընդհանրապես, մինչեւ ձկնային բալանսը վերականգնվի: Իսկ Սեւանի ավազանի ՏԻՄ ներկայացուցիչները, ինչքան էլ համաձայնեին գիտական ուսումնասիրության արդյունքներին՝ անհանգստանում էին, որ ձկան որսով ապրող ավազանի բնակչության համար արգելքը օրհասական կլինի: Սակայն ձկան եւ լճի էկոլոգիական հավասարակշռության խնդիրն ավելի օրհասական վիճակում էր եւ, այնուամենայնիվ, հրամանը կա՝ այս տարի թույլատրվում է միայն կարասի ու խեցգետնի արդյունագործական որսը, երկուսն էլ մինչեւ 400տ քանակով: Սա նշանակում է, որ շուկաներում եւ այլուր սիգը կհայտնվի միայն որսագողության ճանապարհով, քանի որ այն արհեստական ջրամբարներում չի աճում՝ ձկան ապրելատեղը միայն Սեւանն է: Որոշ քանակ վերարտադրվում է նաեւ Կեչուտի ջրամբարում, բայց այնքան աննշան, որ դրանով հնարավոր չէ շուկան հեղեղել: Ասել է, թե այս տարի սիգ չկերանք, եթե, իհարկե, հրամանը պատշաճ կատարվի: Մասնագետները դրան թերահավատ են վերաբերվում՝ հաշվի առնելով արգելքի շրջանի՝ նախորդ տարիների փորձը: Քանի՞ տարի է պետք, որպեսզի Սեւանը կրկին համալրվի սիգի անհրաժեշտ պաշարով եւ ողջ տարվա համար արգելքի անհրաժեշտությունը վերանա: Ձկնաբանության եւ հիդրոլոգիայի ինստիտուտի փոխտնօրեն Բորիս Գաբրիելյանի մասնագիտական կարծիքով՝ «եթե լիարժեք պահպանվի, ապա 2-3 տարի հետո կհասնենք 90-ականների վերջի ցուցանիշին»: Ինչ վերաբերում է պահպանելուն, ապա հրամանում տեղ է գտել որսի հնարավորություն ստեղծող սողանցքային մի տող՝ «սիգի չնախատեսված որսի քանակը սահմանվել է կարասի ընդհանուր որսաչափի մինչեւ 10 տոկոսը»: Ինչպես «Առավոտին» բացատրեցին նախարարությունից՝ դա նշանակում է, որ եթե ձկնորսը ուռկանի կամ ցանցի մեջ հայտնաբերեց անսպասելի եւ ինքնակամ այնտեղ հայտնված սիգեր, ապա դրանց քանակը քաշով չպետք է գերազանցի ցանցի մեջ եղած կարասի 10 տոկոսը: Դրանից ավելին, պետք է ենթադրել, չպետք է գայթակղի ձկնորսին եւ նա պետք է ավելորդ սիգերին վերադարձնի «տուն»: Ինչպես հեքիաթից հայտնի աղքատ ծերունին, որը, չմտածելով, թե ի՞նչ պատասխան պիտի տա իր՝ ձկան սպասող պառավին, խղճաց ու բաց թողեց Ոսկե ձկնիկին: Բայց մեր դեպքում ավելորդ ձկներից ազատվելուն ձկնորսին չի կարող դրդել խիղճը կամ օրինապահությունը, հատկապես որ ձկնիկն էլ ոսկե չէ, այլ՝ տեսուչներից ու տույժերից վախը: Այսինքն, ամեն ինչ մնում է բնապահպան տեսուչների պատասխանատվության վրա: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել