Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՈՒԶԱՆԴԱՑԻՆԵՐԸ»

Փետրվար 25,2006 00:00

«ԲՈՒԶԱՆԴԱՑԻՆԵՐԸ» ՆՐԱՆ ՉԵՆ ՏԵՍԵԼ Իսկ «նա»՝ «Ժողովրդական» պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը հայտնում է, որ իրենց տներից վտարվածները գոհ են փոխհատուցումից: «Առավոտը» օրեր առաջ տպագրել է Կենտրոնի իրացման գործընթացի անօրինականությունները ստուգելու նպատակով Սահմանադրական դատարան դիմած 32 պատգամավորի, ավելի շուտ՝ դիմումները ետ վերցրած 6 պատգամավորից մի քանիսի պատճառաբանությունները: Նրանցից մեկը՝ «Ժողպատգամավոր» խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանը որպես դիմումը վերցնելու պատճառաբանություն նշել է, թե իրացման գոտու բնակիչները գոհ են իրենց առաջարկվածից եւ այլեւս ստուգումների կարիք չկա: Այս լուրը Բուզանդից վտարված ու դեռեւս անտուն բնակիչներին պարզապես ցնցել է: «Ո՞վ է դա, մենք այդ պարոնին միայն հեռուստատեսությամբ ենք տեսել: Նա մեզ մոտ երբեք չի եղել, որեւէ մեկիս հետ չի խոսել, մերոնցից որեւէ մեկն էլ նրա գրասենյակում չի եղել: Որտեղի՞ց որոշեց, որ մենք գոհ ենք: Գուցե մեզ վտարողների՞ց է հարցրել՝ դա ուրիշ: Նրանց կարծիքով, մենք ահռելի փողեր ենք ստացել ու դեռ տեղում ենք»,- երեկ «Առավոտին» իր բախտակիցների անունից դժգոհեց Բուզանդի 15 հասցեի նախկին բնակիչ Նունե Վարդունին: Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ իրացման գործընթացում տեղ են գտել բազմաթիվ խախտումներ: Նաեւ դա էր ոգեւորել սահմանադրությամբ ամրագրված սեփականության անձեռնմխելիության իրենց իրավունքը պաշտպանողներին, թե մի օր օրենքը գերակա ուժ կունենա եւ վերջապես իրենք էլ կզգան, որ մեծ զոհողությունների գնով, բայց հասան դրան: «Իսկ հիմա պարզվում է, որ ճիշտ էին մեզ վտարողները՝ իրենց դեմ խաղ չկա, իրենց տանիքը շատ ավելի բարձր մակարդակներում է, քան մենք պատկերացնում էինք, եւ իրացնող ընկերություններն ընդամենը գործիք են: Իսկ պատգամավորները ժողովրդի մասին մտածում են այն չափով, ինչքանով պայմանավորվել են կամ իրենց թույլ են տվել վերին իշխանությունները»,- եզրակացրեց Ն. Վարդունին: Փոշմանածների մեջ էր նաեւ իրենց պատգամավորը՝ Վլադիմիր Բադալյանը, որին «ամեն ծեծուջարդի ժամանակ զանգում էինք, իսկ նա ասում էր՝ մի անհանգստացրեք ինձ, ոնց ուզում եք, այնպես էլ արեք»: Բնակիչները չէին հասկանում նաեւ Վ. Բադալյանի փոշմանելու պատճառը, որը նա հայտնել էր իր հարցազրույցում. «Ստորագրությունների հետեւանքը լինելու էր այն, որ հերթական անգամ բացարձակ իզուր տեղը մարդկանց հույզերն ու կրքերն էին բորբոքվելու, դրա համար էլ որոշել եմ ստորագրությունս ետ վերցնելով նրանց չկանգնեցնել հերթական հիասթափության առջեւ, հրաշալի գիտակցելով, որ դրա արդյունքը զրոյական է»: «Ի՞նչ է, 6-7 ամիս առաջ, երբ նա ստորագրում էր, համոզված էր, որ իրենք ՍԴ-ում արդյունքի կհասնեն, իսկ հիմա՝ ո՞չ: Եթե նա վստահ է, որ այս երկրում զուր է ժողովրդի իրավունքների համար պայքարելը, ինչո՞ւ մանդատը չի հանձնում»,- սա Նունեի եւ իր նախկին հարեւանների առաջին հարցն էր: Մյուսը կապված էր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի բացատրության հետ՝ նա չիմանալով ստորագրել էր դատարկ թղթի տակ. «Բա որ Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու մասին համաձայնագիր լինե՞ր, եւ դա էլ մեր պետության իրավական հարցերը կարգավորո՞ղն է»: Ինչ վերաբերում է Բուզանդի՝ նախորդ տարի իրացվող տներին, ապա վերջին երկու ընտանիքը վտարվել է 2 օր առաջ, 6 ընտանիք առայսօր չի ստորագրել պայմանագիրն ու չի ստացել բանկային հաշվեհամարին փոխանցած գումարը: Նրանք որոշել են պայքարել մինչեւ օրինական վճիռ ստանալը եւ այս առումով հույսը Հայաստանից դուրս է՝ Եվրոդատարանում: Իսկ մինչ այդ, բոլորն էլ ապրում են քաղաքով մեկ ցրված՝ վարձով կամ բարեկամի տանը: Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ԾԻԳ-ը նրանց բանավոր առաջարկել է բնակարան՝ տեղում կառուցվող շենքերից, բայց չեն վստահում, որովհետեւ իրացնող կազմակերպությունները դեռեւս կառուցապատողները չեն՝ չունեն շենքի համար հողհատկացում եւ շինթույլտվություն: Դա նշանակում է, որ բնակիչները չգիտեն՝ կառուցապատողը, արդյոք, չի՞ հրաժարվի իրացնողի կնքած պայմանագրից: «ԾԻԳ-ի նախկին տնօրենը մեզ ասաց, թե ինքը իր ստորագությամբ կերաշխավորի, բայց մեկ շաբաթ հետո երկրի նախագահը հայտարարեց, թե «այդ երիտասարդով դատախազությունը զբաղվում է»: Էլ ո՞նց կամ ո՞ւմ վստահենք էս երկրում»,- եզրափակեց Ն. Վարդունին: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել