Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈԽԳՆԴԱՊԵՏԸ ԿԱՑՆԱՀԱՐԵԼ Է ԿՆՈՋԸ

Փետրվար 25,2006 00:00

ՓՈԽԳՆԴԱՊԵՏԸ ԿԱՑՆԱՀԱՐԵԼ Է ԿՆՈՋԸ Այնուհետեւ կացինը սառնասրտորեն լվացել լոգարանում 2005թ. նոյեմբերի 20-ից Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ավագ սպա, փոխգնդապետ Պարգեւ Աբրահամյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Նա մեղադրվում է 40-ամյա կնոջը՝ Մարինե Մալոյանին սպանելու մեջ: Երեւանի կայազորի զինվորական դատախազությունը, որը իրականացրել է նախաքննությունը, սկզբում մեղադրանք էր առաջադրել «ծանրացուցիչ հանգամանքներում, առանձնակի դաժանությամբ կատարած սպանության համար», իսկ հետագայում գործը դատարան ուղարկվեց «աֆեկտի վիճակում կատարած սպանության համար»: «Տասնյակ դատական նիստերի ժամանակ ես փորձում եմ ապացուցել, որ քննությունը տարվել է միակողմանի»,- ասում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալաբանյանը: Նրա կարծիքով, մեղադրական եզրակացությունն ուղղված է հանգուցյալի բարոյական նկարագրի դեմ: Մ. Մալոյանը կացնահարվել է անցյալ տարվա օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը Հարավ-արեւմտյան Բ-2 թաղամասի Լուչեւայա «Գ» շենքի 8-րդ հարկում, 17 բնակարանում: Ըստ գործի նյութերի՝ «բնակարանում եղած կացնով»: Սակայն բնակարանում գտնված 17-ամյա որդին՝ Նարեկ Աբրահամյանը պնդել է, որ իրենք տանը կացին չեն ունեցել: Նա դեպքի օրը տեսել է, թե ինչպես է հայրը «պոլիէթիլենային տոպրակով անսովոր բան տեղափոխում պատշգամբ, որտեղ նրա մահճակալն էր»: Մ. Մալոյանն այդ օրը մասնակցել է ընկերուհու ծննդյան խնջույքին: Նա այդ օրն ուրախ է եղել նաեւ այն պատճառով, որ որդին ընդունվել է մանկավարժական համալսարան: Հուլիսին Մարինեն վերադարձել էր ԱՄՆ-ից եւ սեպտեմբերի 1-ին մտադիր էր վերջնական հաստատվել ԱՄՆ-ում: Գործի քննության ընթացքում պարզվել էր նաեւ, որ տղան հյուրասենյակում քնած է եղել: Արթնացել է ինչ-որ ձայնից: Երբ դուրս է եկել միջանք, լսել է մուտքի դռան շրխկոցը: Հայրը, տեսնելով, որ տղան իրեն նկատեց, առանց որեւէ բառ ասելու, կացնով հարվածել է տղային: Վերջինս ճկուն շարժումով խուսափել է հարվածն իր վրա ընդունել, ձախ թեւը դեմ է արել. արմունկային մասը 10 սմ պատռվածք է ստացել: 2-րդ հարվածից էլ կացնի սայրը պատռել էր նաեւ տղայի կրծքավանդակը: Նարեկը երբ վնասազերծում է հորը, ուղղվում է մոր ննջասենյակ: Տեսնելով, որ մայրը սպանված է, Նարեկը նետվում է հարեւանների մոտ: Այդ ընթացքում Պ. Աբրահամյանը սառնասրտորեն լվանում էր կացինը լոգարանում: Փաստաբան Ռուբեն Բալաբանյանը միջնորդություն էր ներկայացրել դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանին, որ դեպքի վայրի քննության ժամանակ միջանցքում գտնվել է 24 սմ երկարությամբ, փայտյա բռնակով, 12 սմ եռանկյունի շեղբով դանակ, որի նկարը որպես իրեղեն ապացույց հանձնվել է դատարանին: «Միջանցքի հատակին ընկած այդ դանակի առկայությունը վկայում է, որ ամբաստանյալը որպես հանցագործության գործիք, նախապես ընտրություն է կատարել. կացի՞ն, թե՞ դանակ, սակայն տեսնելով, որ դանակի շեղբը 12 սմ է, կարճ է եւ հնարավոր է, որ իր զոհը կենդանի մնա, այն նետել է հատակին, վերցրել է կացինը, մտել ննջասենյակ, հարվածել անկողնում պառկած Մարինեին: Այս փաստը վկայում է, որ ամբաստանյալի մոտ հանկարծական հուզմունք լինել չէր կարող», փաստել է փաստաբանը: Մինչդեռ ըստ մեղադրականի, «կասկածանքները հանգիստ չեն տվել Պ. Աբրահամյանին, ալեկոծել են նրա հոգեկան ներաշխարհը: Մ. Մալոյանն ամեն անգամ հերքել է այլ տղամարդկանց իր հետ կապերի առկայությունը»: Ամբաստանյալը ցուցմունք էր տվել, որ «տղայի բղավոցից սթափվել է ու տեսել, որ իր ու կնոջ միջեւ է, տեսել է, որ կինն ընկած է մահճակալին ամբողջովին արյան մեջ: Դուրս է վազել բնակարանից եւ հիշում է միայն, որ իրեն տարել են միլիցիայի բաժին: Կոնկրետ ինչո՞վ է հարվածել կնոջը, ինչպե՞ս՝ չի հիշում»: Սակայն միակ վկան՝ Նարեկը, պնդում է, որ ինքը չի տեսել մոր սպանությունը եւ վնասվածքը ստացել է այլ հանգամանքներում: Հայրը, ըստ էության, փախչելու էր եւ սպանությունը, չէր բացառվում, որ այլ հետքի վրա ուղղորդվեր: Սակայն մեղադրողը՝ Գրիգոր Հովհաննիսյանը, ըստ փաստաբանի, չի լսում: Այդ պատճառով էլ բացարկ էր հայտնել մեղադրողին. «Ամբաստանյալին մինչ օրս չի տրվել ոչ մի մեղադրական հարց: Մեղադրողը հանդես է գալիս ամբաստանյալի պաշտպանության դերում՝ ընդդեմ Նարեկ Աբրահամյանի»,- ասում է փաստաբան Բալաբանյանը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել