Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի

Փետրվար 25,2006 00:00

Մարտի 8-ն է գալիս Մեր միջնակարգ դպրոցներում ուսուցումն անվճար չէ Օրերս մեզ ահազանգով դիմել էր թիվ 51 դպրոցի ծնողներից մեկը. «Երեխաս 1-ին դասարանում է սովորում, ինչ դպրոց է գնում՝ ես աշխատավարձիս մեծ մասը դպրոցի վրա եմ ծախսում: Հենց առաջին օրվանից ուսուցիչը պահանջեց, որ մեր առած տետրերն անիմաստ են: Նա պահանջեց, որ բոլոր տետրերը եւ օրագիրը միայն «Նոյյան տապան» գրախանութից լինի, որտեղ գները մատչելի չեն»: Ծնողը նշեց, որ հետագայում ուսուցիչը ծնողկոմիտեի հետ առաջարկել Է վերանորոգման համար հավաքել 10000 դրամ, այնուհետեւ նույն նպատակով եւս 3500. «Ասում են մանրահատակ եւ կախովի առաստաղներ պետք է սարքեն դպրոցում: Էլ չեմ ասում, թե ինչքան նվերի գումարներ ենք հավաքում: Օրինակ, Այբբենարանի հանդեսին պարտադրում են ե՛ւ դասվարին, ե՛ւ տնօրենին նվերներ եւ ծաղկեփնջեր գնել»: Դպրոցի տնօրեն Ժաննա Ծաղիկյանը նշեց, որ իրենց մոտ որեւէ «փողահավաք» չկա. «Երեւի բարի կամ չար նախանձով լցված մարդիկ են նման բաներ տարածում»,- նշեց տիկին Ծաղիկյանը: Նա ավելացրեց. «Մենք ունենք ծնողկոմիտեներ, որոնք զբաղվում են աշակերտների գրքերի, տետրերի գնման հարցով: Երեխաների համար մենք միանման տետրեր ենք պահանջում, որ չգնան, օրինակ, «Ջեյդի» (հայտնի կինոսերիալի հերոսուհի- Լ. Օ.) նկարով տետր գնեն: Բայց չենք պարտադրում, որ դա հատուկ խանութից գնվի: Ես այդ տետրերը ինձ հետ հո տուն չե՞մ տանելու, իրենց համար է…»: Մոտենում են կանանց նվիրված տոները, եւ այժմ շատ դպրոցներում խոշոր դրամահավաքներ են իրականացվում: Տարիներ առաջ դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին ծաղիկներ ու գրքեր, բացիկներ ու բանաստեղծություններ էին նվիրում: Այժմ ժամանակները փոխվել են, եւ ուսուցիչներն ու տնօրեններն իրենք են նախօրոք որոշում, թե ինչ նվերներ պետք է ստանան: Որպես կանոն, հիմա նրանք նախընտրում են գումար կամ ոսկեղեն: Իհարկե, մեզ հետ զրույցներում բոլոր տնօրենները հերքում են այս մասին լուրերը՝ ասելով, որ ոչ ոք երեխաներից նվեր չի սպասում, երեխաներն իրենք են որոշում ինչպես շնորհավորել: Մեկ այլ ահազանգ օրերս ստացել էինք թիվ 82 դպրոցից: Ահազանգի հեղինակը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ այս դպրոցի տնօրեն Ռիմա Բախշինյանը «նախընտրական քարոզարշավ» է անցկացնում ուսուցիչների շրջանում. «Նա մեզ համոզում է անդամագրվել ՕԵԿ-ին»: Դպրոցի տնօրենը «Առավոտին» հավաստիացրեց, որ իրենց դպրոցում նման խոսակցություններ չկան, եւ ուսուցիչներն իրենք են գնում ՕԵԿ-ի գրասենյակներ եւ անդամագրվում. «Չե՞ք կարծում, որ եթե ես ստիպեի, ապա իմ դպրոցի ոչ թե 20, այլ 52 (դպրոցում աշխատում է 52 ուսուցիչ-Լ.Օ.) ուսուցիչները ՕԵԿ-ի անդամ կլինեին: Բայց մենք ունենք նաեւ դաշնակցական, հանրապետական ուսուցիչներ»: Ռ. Բախշինյանը նույնպես ՕԵԿ-ի անդամ է եւ բացահայտեց. «Մեր դպրոցների 56 տնօրեններ եւս ՕԵԿ-ի անդամ են»: Նաեւ վստահեցրեց, որ բազմակուսակցական ուսուցիչների ոլորտում որեւէ պաշտոնական քննարկում չի իրականացվում. «Ես կարող եմ իմ հարեւաններին համոզել անդամագրվել, սակայն իմ դպրոցի ուսուցիչներին՝ ոչ մի դեպքում»: Ի դեպ, ՕԵԿ-ի մի գրասենյակ էլ գտնվում է այս դպրոցի հենց դիմացի մայթին: Դպրոցների շրջանում կատարած մեր հարցախույզի ժամանակ մի փաստ էլ հայտնաբերեցինք: Պարզվում է, Սիամանթոյի դպրոցը 2 անվտանգության աշխատակից ունի: Տնօրեն Սիլվա Հակոբյանի տեղեկացմամբ, նրանց վարձել են համայնքի խնդրանքով՝ Բեսլանի դեպքերից հետո: «Ինչ իմանաս, մի սմերտնիցա գա, ծնողի անվան տակ մտնի ու 16 հազար քմ տարածք ունեցող դպրոցը պայթեցնի»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Անվտանգության աշխատակիցներին վճարելու հարցը դեռեւս լուծված չէ. «Գուցե մի մեծահարուստ ծնող դա իր վրա վերցնի, գուցե՝ թաղապետարանը օգնի»,- ասաց տիկին Հակոբյանը: Նա վստահեցրեց, որ այդ կապակցությամբ դրամահավաք չի նախատեսվում եւ ավելացրեց, որ իրենց դպրոցը միակը չէ, որ այդ քայլին է գնացել՝ երեխաների անվտանգությունն ապահովելու համար: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել