Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«17+1»-ը փորձում է շարժում սկսել

Ապրիլ 04,2006 00:00

Այդ ձեւաչափի երեկ կայացած նիստում ընդունված որոշումների մասին մանրամասներ հաղորդեց ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը:

«17+1»-ի աշխատանքային խումբը մշակել է ընդդիմադիր նոր շարժման ձեւավորմանն առնչվող 3 փաստաթղթերի նախագծեր՝ հայտարարագիր շարժման մասին, շարժման հիմնադրույթներ եւ կոչ-թռուցիկ՝ ուղղված հանրությանը: Այդ նախագծերը երեկ երեկոյան քննարկվել են «17+1»-ի՝ «Անի» հյուրանոցում կայացած նիստի ընթացքում: Արշակ Սադոյանը մեզ տեղեկացրեց, որ ինքը ներկայացրել է հայտարարագրի, Պետրոս Մակեյանը՝ թռուցիկ-հայտարարության, Ալեքսանդր Բուտաեւը՝ 3-րդ փաստաթղթի նախագիծը. «Մի խոսքով՝ աշխատանքային լուրջ քննարկումներ էին: Մտավորականների ֆորումի եւ 17 կուսակցությունների ներկայացուցիչները ողջունեցին աշխատանքային խմբի ինտենսիվ գործունեությունը: Առաջարկներ եղան, որ պատրաստենք շարժման ծավալման հետ կապված քարոզչական փաստաթուղթ, այսպես ասած՝ «ագիտատորի բլոկնոտ»: Քննարկումները շատ դրական ընթացան, եւ հույս ունեմ, որ սառույցը տեղից շարժվեց»:

Հետաքրքրվեցինք, թե «Հանրապետության» ներկայացուցիչները մասնակցո՞ւմ էին այս հանդիպմանը: Հրապարակվել է տեղեկություն, թե այդ կուսակցության քաղաքական խորհրդի նիստում որոշում է կայացվել, որ առաջիկա ամիսներին «Հանրապետությունը» չի մասնակցելու որեւէ նոր ձեւաչափի ձեւավորման։ Ի հավելումն, «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը մամուլում հայտարարել էր. «17-ի ֆորմատն իր առաքելությունը կատարել է: Այն խնդիրը, որը այդ ֆորմատը դրել էր իր առջեւ սահմանադրական հանրաքվեի հետ կապված՝ այդ խնդիրն արդեն ետեւում է մնացել։ 17-ի միավորումն ընդամենը համագործակցություն է եւ ոչ ավելին: Եվ քանի որ այդ ֆորմատը տեխնոլոգիական ֆորմատ էր՝ նման միավորման հենքի վրա գաղափարա-քաղաքական դաշինք ստեղծելը անպտուղ զբաղմունք կլիներ»: Արշակ Սադոյանը այս մասին հիշեցմանն ի պատասխան ասաց. «Ինչքան գիտեմ՝ նրանք այդպես ուղղակի չեն հայտարարել: Նիստին ներկա չէր Արամ Զավենի Սարգսյանը: Բայց համենայնդեպս, չեմ կարծում, թե որեւէ կուսակցություն այդպես շեշտված բացասական մոտեցումներ ունի. ընդամենը կա եռանդի պակաս»:

Հարցին ի պատասխան, թե ե՞րբ կհրապարակվեն վերոհիշյալ 3 փաստաթղթերը, Արշակ Սադոյանը հայտնեց, թե երեկ նաեւ մշակել են ժամանակացույց. «Առաջիկա 15 օրում նախապատրաստելու ենք նախաձեռնող խմբի եւ համակիրների մեծ ժողով, որտեղ կընդունվի հայտարարագիրը: Դրանից հետո կհավաքվեն ստորագրություններ: Իսկ դրանից 15-20 օր հետո կանցկացվի շարժման հիմնադիր ժողով, որտեղ կընդունվեն հիմնադրույթները եւ կընտրվի ղեկավար մարմին»:

Իսկ 17+1-ի հաջորդ նիստը կկայանա ապրիլի 10-ին:

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել