Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆՕՐԵՆՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ՉԵՆ ՓԱԽՉՈՒՄ ՕԵԿ-ԻՑ

Հունիս 02,2006 00:00

Եվ ասում են, որ կուսակցությունից
որեւէ անձնական ակնկալիք չունեին եւ չունեն Կրթության եւ գիտության նախկին
նախարար, նախկին ՕԵԿ-ական Սերգո Երիցյանի պաշտոնավարման առաջին տարվանից ուսումնական
հաստատությունների եւ հատկապես դպրոցների տնօրեններ եւ ուսուցիչներ անցան ՕԵԿ-ի շարքերը:
Նրանց մի մասը կուսակցությանն անդամագրվել է հենց հիմնադրման օրվանից՝ 1997-ից: Այդպիսիներից
է, օրինակ, Երեւանի Խ. Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն Իռեն Հակոբյանը, ում համար
ի սկզբանե հոգեհարազատ է կուսակցության գաղափարախոսությունը: Տիկին Հակոբյանը հավաստիացնում
է, որ ինքը երբեք չի դավաճանի իր կուսակցությանը. «Տնօրենն իր օրինակով պետք է աշակերտներին
դաստիարակի, եթե ես դավաճանեմ, իմ աշակերտները չե՞ն ասի՝ բա դուք մեզ դաստիարակում
եք՝ լինել նվիրյալ, չդավաճանել…»: Թեեւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն այս դպրոցի
շրջանավարտ է, սակայն երբեւէ առանձնապես մեծ օգնություն չի ցուցաբերել դպրոցին, որովհետեւ
տիկին Հակոբյանն ակնկալիքներ չունի եւ կուսակցության անշահախնդիր անդամներից է: Միայն
մի անգամ, սեպտեմբերի 1-ին, Ա. Բաղդասարյանը 2 հեռուստացույց եւ մի քանի մագնիտոֆոն
է նվիրել դպրոցին: Ի. Հակոբյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ երբեք ընտրական տեղամասի
նախագահ չի եղել եւ միշտ կարողացել է դպրոցը հեռու պահել քաղաքականությունից: ՕԵԿ-ի
հիմնադրման օրվանից կուսակցությանն անդամագրվել է նաեւ թիվ 40 դպրոցի տնօրեն Հռիփսիմե
Դավթյանը, ով ոչ անձնական եւ ոչ էլ՝ ի նպաստ դպրոցի ակնկալիքներ չունի կուսակցությունից:
Մոտ 2 ամիս առաջ թիվ 82 դպրոցի ուսուցիչներից մեկից ահազանգ էինք ստացել,
թե տնօրենն ստիպում է իրենց՝ անդամագրվել ՕԵԿ-ին, որի գրասենյակն էլ գտնվում է հենց
դպրոցի դիմաց. «Նա մեզ պարտադրում է անցնել դիմացի մայթ եւ անդամագրվել ՕԵԿ-ին»,-
ասում էին նրանք: Մեզ հետ զրույցի ժամանակ տնօրեն Ռիմա Բախշինյանն ասել էր, որ ոչ
մի պարտադրանք չկա, որ նորություն չէ, որ դպրոցների տնօրեններից շատերը ՕԵԿ-ական
են, որ իր դպրոցում էլ տարբեր կուսակցությունների անդամներ կան, եւ նրանք ազատ են
իրենց ընտրության հարցում: Երեկ տիկին Բախշինյանի հետ զրույցից պարզեցինք, որ նա
մեկ ամիս առաջ դուրս է եկել ՕԵԿ-ից: Նա ներողություն խնդրեց եւ պատճառների մասին
ոչինչ չասաց. «Այդ թեմայով չեմ ուզում խոսել»: Հետաքրքիրն այն էր, որ տիկին Բախշինյանի
հետ զրույցն սկսեցինք մեր այն դիտարկմամբ, որ տնօրենները, ի տարբերություն քաղաքական
շատ գործիչների, անհամեմատ հավատարիմ են իրենց կուսակցությանը: Իսկ այդ եզրակացության
եկել ենք՝ զրուցելով մեկ տասնյակից ավելի տնօրենների հետ: Պարզվում է՝ ամենաշատ
ՕԵԿ-ական տնօրեն կա Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Եվ պատճառն այն է, որ այս համայնքի
թիվ 84 դպրոցի տնօրեն Արկադի Էլոյանը ՕԵԿ-ի մարզային կառույցներից մեկի փոխնախագահն
է, կուսակցության համամասնական ցուցակում է եւ բավական մեծ ազդեցություն ունի իր
գործընկերների վրա, որովհետեւ. «Ես կարգին մարդ եմ, տնօրեններն էլ կարգին մարդիկ
են, իմ գործընկերներն ինձ հարգում են»: Պրն Էլոյանը հավաստիացնում է, որ կուսակցությունից
որեւէ ակնկալիք չունի, եւ օգնություն էլ երբեւէ չի ստացել. «20 տարի է ուսումնական
հաստատություն եմ ղեկավարում, իմ մեծ կապերը իմ ժողովուրդն է, եւ ամեն մարդ, ով նվիրված
է դպրոցին, ամեն կապ պետք է օգտագործի»: Պրն Էլոյանը չի պատկերացնում, որ երբեւէ
այլ կուսակցության կանդամագրվի, որքան էլ հիմա միտում կա ուսումնական հաստատությունները
ՀՀԿ-ականացնելու: Ա. Էլոյանը կուսակցությունից կուսակցություն տեղափոխվող մարդկանց
մասին ունի իր կարծիքը. «Նրանք ուր էլ գնան, պետք է աղտոտեն»: Պրն Էլոյանը խուսափեց
ասել, թե քանի ուսուցիչ է դպրոցում ՕԵԿ-ական: Թիվ 166 դպրոցի տնօրեն Վրեժ
Ռաշոյանը կոմունիստ է եղել եւ անցյալ տարի որոշել է անդամագրվել ՕԵԿ-ին, ինչի համար
չի փոշմանել: Սակայն, եթե նկատի, որ իր կուսակցությունն ի նպաստ ժողովրդի չի աշխատում,
միայն այդ դեպքում դուրս կգա այնտեղից: Այս դպրոցի 120 ուսուցչից 10-ը ՕԵԿ-ական է:
Թիվ 44 դպրոցի տնօրեն Մարինա Տոնոյանն այս կուսակցության անդամ է 2001-ից:
Դպրոցի 4 ուսուցիչ եւս: Սակայն այս ընթացքում որեւէ շոշափելի օգնություն չի ստացվել:
Տիկին Տոնոյանին Ա. Բաղդասարյանի ֆակտորն է ստիպել դառնալ կուսակցության անդամ եւ
հավաստիացնում է, որ դուրս չի գա կուսակցությունից: «Կուսակցությունը երբեք ոչ տեղին
չի խցկվել դպրոց, իսկ դպրոցը աշակերտներինն է եւ քաղաքականության հետ կապ չունի»,-
ասում է Մ. Տոնոյանը՝ չթաքցնելով, որ 2003-ի նախագահական ընտրություններում իր տեղամասային
հանձնաժողովով պաշտպանել է ներկա նախագահի թեկնածությունը (՞), իսկ ԱԺ ընտրություններին
չի մասնակցել: Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 103 դպրոցի տնօրեն Զինա Աշոտյանն
այն քչերից է, որ ՕԵԿ-ական չէ, այլ՝ «Նիգ Ապարանից», եւ ուրախ է, որ «Նիգ Ապարանը»
հ/կ է, եւ ոչ՝ կուսակցություն: Տիկին Աշոտյանը նաեւ ազգակցական կապ չունի ԱԺ ՀՀԿ-ական
պատգամավոր Արմեն Աշոտյանի հետ, եւ նույնիսկ պարզել է, որ ի տարբերություն իր մշեցի
նախնիների, պրն Աշոտյանի նախնիները Հալեպից են: ԿԳՆ հանրակրթության վարչության
պետ, ՕԵԿ-ական Նարինե Հովհաննիսյանից իմացանք, որ մայրաքաղաքի 189 դպրոցներից մոտ
53-ի տնօրեններն ՕԵԿ-ական են, թեեւ վերջին շրջանում լսել է, որ մի քանիսը թողել են
կուսակցության շարքերը: Վերջիններից միայն թիվ 86 դպրոցի տնօրեն Անահիտ Շառոյանի
հետ է զրուցել, եւ պարզվել է, տիկին Շառոյանն էլ, Ս. Երիցյանի պես, իրեն չի պատկերացնում
ընդդիմադիր դաշտում: Նարինե Հովհաննիսյանը երեկ մեզ հետ զրույցում անկեղծորեն նշեց,
որ ՕԵԿ-ական տնօրենների օգուտը կուսակցությունից եղել է այն, որ նրանցից ոմանք այս
ու այն ծրագրերի մեջ են ընդգրկվել, որոշները կուսակցությունից համակարգիչներ են ձեռք
բերել, կուսակցությունը երբեմն միջնորդել է, որ այդ դպրոցներն ընդգրկվեն քաղաքաշինության
նախարարության այն ծրագրերում, որոնք դպրոցներում վերանորոգման աշխատանքներ են իրականացնում:
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել