Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ԼՔՈՒՄ ՕԵԿ ՇԱՐՔԵՐԸ

Հունիս 14,2006 00:00

Հասարակության մեջ շատ տարածված եւ նույնքան հիմնավոր կարծիքներ կան, որ մարդիկ իշխանական կուսակցություններին անդամագրվում են բացառապես կարիերիստական նկատառումներով:

Այս ենթադրությունը լիուլի ապացուցեցին «Օրինաց երկրի»՝ իշխանական կոալիցիայից դուրս գալուն նախորդած եւ հաջորդած իրադարձությունները: Օրինակ, ՕԵԿ-ական նախարարների ինքնակամ օտարումը կուսակցության շարքերից, բիզնեսմենների կոլեկտիվ առնետավազքը եւ այլն: Սակայն, պարզվում է, որ առանձին դեպքերում այս տրամաբանությունը, որքան էլ տարօրինակ է, չի գործում:

Մեր տեղեկություններով, ժամանակին հիշյալ կուսակցությանն անդամագրված որոշ մտավորականներ դեռեւս չեն հրաժարվել իրենց կուստոմսերից: Հետաքրքիր էր իմանալ, թե ինչու. արդյոք սպասում են ՕԵԿ-ի շուտափույթ վերադարձի՞ն, թե՞ նրանց համար իսկապես հոգեհարազատ են այդ կուսակցության ծրագրային դրույթները: Փորձեցինք պարզաբանումներ ստանալ հենց իրենցից:

Մշակույթի էքսնախարար Հովիկ Հովեյանը չլսելով անգամ մեր հարցը, «պատասխանեց», որ ինքը որեւէ հարցի չի ուզում պատասխանել՝ հավանաբար վախենալով իր հարուստ բառաֆոնդի պոռթկումներից: Թատերագետ Լեւոն Մութաֆյանը մեզ հայտնեց, որ ինքը կուսակցություն չի եկել կարիերիստական ակնկալիքներով. «Այսօր ինձ համար կարեւոր է, որ ՕԵԿ-ն ընդդիմադիր է, որովհետեւ ես կկարողանամ ասել այն, ինչ մտածում եմ, հանգիստ կքննադատեմ նախկին կոալիցիոն գործընկերներիս, որոնք, ինչպես պարզվեց, ընկեր բառը պարզապես հասկանում են միասին ուտող, բայց ոչ բեռ քաշող»: Թատերագետը կարծում է, որ այսօր ժամանակը չէ հեռանալու, որովհետեւ «այդ քայլը միանշանակ դավաճանություն կդիտվի»:

Բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանի խոսքը կարճ էր ու հստակ. «Եղել եմ ՕԵԿ, կմնամ ՕԵԿ»: Գրականագետ Ավիկ Իսահակյանը փորձեց մեզ վստահեցնել, որ վերջին ժամանակները քաղաքականությամբ չի զբաղվում, այլ զբաղվում է իր գործով: Ավելին, իր խոսքերով՝ «չեմ էլ հետաքրքրվում, բայց չի բացառվում, որ ինչ-որ ժամանակ անդրադարձ կատարեմ: Հիմա դրա ժամանակը չէ»:

Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը փաստեց, որ թեեւ ինքը ՕԵԿ անդամ է, բայց կուսակցության ծրագրին անծանոթ է: Ասածին հավելեց նաեւ. «Չեմ սիրում խորտակվող նավից առնետի նման փախչել: Անգամ իմ պարտիական տոմսն է առայսօր ինձ մոտ: Այո, ՕԵԿ անդամ եղել եմ ու կմնամ, դա իմ պատմությունն է»: Դերասան Հարություն Մովսիսյանի խոսքերով. «Ես չեմ կարող հասկանալ, թե ինչ կատարվեց: Որեւէ ասեկոսեներով չեմ շարժվում, հետեւաբար այս պահին մեկնաբանություն տալ չեմ կարող: Միայն կարող եմ փաստել, որ մենք մեր հայրենիքում ենք եւ ՕԵԿ-ի դուրս գալը կոալիցիայից՝ պետք չէ դիտել որպես թշնամանք կամ դավադրություն: Կոնկրետ ես հակված եմ արարելու, ստեղծելու, աշխատելու ի շահ մեր մշակույթի: Այնուամենայնիվ, մի ցանկություն կարող եմ հաստատ հայտնել. մեր երկրի նման փոքր տարածքում այսքան կուսակցություններ չէի ուզի լինեին, թող բոլորը միանան: Իսկ մեր ժողովուրդը գիտի դա անել, այն էլ ինչպես: Արցախյան շարժումը՝ վկա»: Դերասան Աշոտ Ղազարյանն էլ իր համար հայտնություն արեց, որ իբր առաջին անգամ է «Առավոտից» լսում, թե ՕԵԿ անդամ է: Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, ինչպես եւ սպասվում էր, հրաժարվեց մեր հարցերին հեռախոսով պատասխանել: Պատճառը պարզ էր՝ նա ՕԵԿ անդամ էր դարձել անկախ իր կամքից՝ իր կուսակից Գագիկ Ասլանյանի կուսակցության՝ ԺԴԿ-ի եւ ՕԵԿ-ի միավորման արդյունքում:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել