Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑԱԿԱՆԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁՐԻՆ ԾԵԾԵԼՈՎ

Հունիս 22,2006 00:00

Իսկ
դատախազությունը մերժել է քրեական գործի հարուցումը 2005թ. սեպտեմբերի 30-ին
Խնձորեսկ գյուղի միջնակարգ դպրոցում, աշակերտական խորհրդի ընտրություններում Գեւորգ
Աբրահամյանին ծեծի ենթարկեցին նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ Վահե Սողոմոնյանը,
Հայկ Կարապետյանը, Անդրանիկ Արջունցը, Արամ Վարդազարյանն ու Արտակ Արզումանյանը:
Գեւորգը ստացավ գլխուղեղի ցնցում, ձախ ականջի խլացում, երիկամի խափանում, ձախ աչքի
տեսողության անկում: Ապրիլի 14-ի «Առավոտում» («Անպատիժ ծեծ դպրոցում») մենք տեղեկացրել
էինք, որ Սյունիքի մարզի դատախազությունը հարուցել էր քրեական գործ: «Նախաքննության
փուլում» բոլոր ջարդարարները հաճախում էին դպրոց, առանց զղջման դույզն-ինչ զգացման,
իսկ Գեւորգը հիվանդանոցից-հիվանդանոց էր տեղափոխվում՝ առողջության հետ կապված: Սակայն
թե ի՞նչ զարգացումներ ստացավ այդ գործը, մենք տեղեկացանք օրերս: Մարզի դատախազի օգնական
Համլետ Զաքարյանը կայացրել է որոշում՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Տեղեկացնեմ, որ արդեն մեկ անգամ (16. 12.2005թ.) ՀՀ գլխավոր դատախազության
կողմից վերացվել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, նշանակվել
էր կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարական էր տրվել «բացատրություններ
վերցնել դեպքին ականատես անձանցից»: Ի դեպ, «Սյունյաց երկիր» մարզային թերթում էլ
(20 մայիսի 2006թ.) նշվել էր, որ դպրոցը չի պատժել իրենց հասակակցին հաշմանդամ դարձնողներին,
«ոչ դպրոցին են պատժել, ոչ տնօրենն է արձագանքել (տնօրենը եղել է Արկադի Ծատուրյանը,
ներկայումս Աշոտ Աթասունցն է, որը դեպքի ականատեսն է եղել եւ նրա աշխատասենյակի դռան
մոտ են ծեծել Գեւորգին, ասում է՝ չեմ լսել)»: Դատախազությունը փաստելով, որ
երեխան տառապում է 1-ին աստիճանի ձախակողմյան խլությամբ, ձախ աչքի կերատոկոնոս 1-ին
աստիճանի հիվանդություններով, կուրացած ու խլացած արձանագրել է մերժման որոշման մեջ,
թե «նշված հիվանդությունները իրենց առաջացման ախտածագումնաբանությամբ չեն գտնվում
պատճառական կապի մեջ՝ Գ. Աբրահամյանի ստացած մարմնական վնասվածքների հետ»: Սակայն
գտնում է նաեւ, որ ճիշտ է նախկին 132 փորձագիտական եզրակացությունը, ըստ որի, Գ.
Աբրահամյանի վնասվածքները առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չեն պարունակում:
Ի՞նչ են արել Սյունիքի մարզի դատախազությունում: Ըստ պաշտոնական փաստաթղթի,
«բացատրություններ են վերցվել ինչպես գործով անցնող անձանցից, այնպես էլ կազմակերպչի
աշխատասենյակում դեպքի ժամանակ գտնված ընտրական հանձնաժողովի անդամներից»: Ըստ դատախազի
օգնականի, «սակայն չեն հիմնավորվել գործով անցնող անձանց կողմից խուլիգանություն
կատարելու փաստերը»: Եթե ոտքերի տակ գցելը, գլխին, ողնաշարին խփելը, ուշագնաց անելը,
խլացնելը, կուրացնելը խուլիգանություն չէ, ապա մշակույթի նախարարությունից հավաստագիր
կարելի է բերել, որով կհիմնավորվի, թե դա մշակութային միջոցառում է ընդամենը: Ավելի
խայտառակ հետեւության է հանգել դատախազությունը, փաստելով, որ «վերջիններիս գործողություններով
էական վնաս չի պատճառվել» եւ որոշվել է՝ նպատակահարմար չէ քրեական հետապնդում իրականացնել
իրենց դասընկերոջը հաշմանդամ դարձնողների նկատմամբ: Տուժողի հայրը՝ Արմեն
Աբրահամյանը երեկ «Առավոտի» հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարեց. «Գիտեմ դատախազություն-բժիշկներ-ոստիկանություն
բաժանված կաշառքի մասին: Տարբերությունն այն է, որ Գորիսի հիվանդանոցում ասում են՝
հիվանդություն չկա, Երեւանում՝ կա, բայց հարվածների հետ կապ չունի: Մինչդեռ կա հստակ
ապացույց, որ մինչեւ սեպտեմբերի 30-ը Գեւորգը առողջ է եղել: Իսկ Գորիսում եւ Երեւանում
կան մարդիկ, որոնք տառապում են դոլարի սուր խրոնիկական հիվանդությամբ»: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. Օրեր առաջ վերջին զանգին առոք-փառոք նոր կյանք
ճանապարհեցին նաեւ Գեւորգին հաշմանդամ դարձնողներին: Իսկ Գեւորգի վերջին զանգը հնչել
էր սեպտեմբերի 30-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել