Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվետու համերգ՝ պրոֆեսիոնալ մակարդակով

Հունիս 22,2006 00:00

Օրերս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Ք. Քուշնարյանի անվան թիվ
10 արվեստի (նախկին երաժշտական) դպրոցի հաշվետու համերգը: Դպրոցի տնօրեն,
Երեւանի պետկոնսերվատորիայի դասախոս Էդուարդ Եսայանցը «Առավոտին» պատմեց, որ դա դպրոցի
ավանդական ավարտական համերգներից մեկն էր: «Պահպանելով ավանդույթները՝ նաեւ որոշակի
փոփոխություններ եմ արել. մեր դպրոցի սաները կամերային նվագախմբի՝ տվյալ դեպքում
«Ալան Հովհաննեսի» (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Մերուժան Սիմոնյան) ընկերակցությամբ
կոնցերտներ նվագեցին: Այս տարի ծրագիրը բավականին հարուստ էր՝ 7 կոնցերտ, այդ թվում՝
Հայդնի, Մոցարտի, Բախի: Մենակատարներն էին Արմինե Փահլեւանյանը, Նինել Համբարձումյանը,
Աննա Զալինյանը, Գայանե Ներսիսյանը, Հրաչիկ Ասատրյանը, Հասմիկ Հակոբյանը: Ընդ որում,
երկրորդ դասարանցի Արամ Զախարյանը նվագեց Բերկովիչի կոնցերտը, որը երեխաների համար
է գրված: Բացի դրանից, այս տարի մեր սաները հանդես եկան Ժիրայր Ալթունյանի բեմադրած
անգլիացի կոմպոզիտոր Ջոնսոնի «Ալիսը հրաշքների աշխարհում» մյուզիքլում»,- նշեց պրն
Եսայանցը: Անդրադարձ եղավ վերջին տարիներին փողային գործիքների բաժիններում
սովորող երեխաների թվի զգալի կրճատմանը, որի հետեւանքով շատ դպրոցներում վերացել
են փողային նվագախմբերը: «Իմ նախաձեռնությամբ ստեղծվել է փողային նվագախմբի փոքրիկ
կազմ: Գործիքների պակաս ունենք, սովորողների՝ նույնպես: Հաշվետու համերգի օրը մեր
դպրոցի փողային կազմը փոքրիկ մի քայլերգ նվագեց: Որպես դասատու եւ դիրիժոր հրավիրված
էր զինվորական նվագախմբերում աշխատանքի մեծ փորձ ունեցող երաժիշտ Անդրանիկ Ավետիսյանը»,-
ասաց դպրոցի տնօրենը: Նա տեղեկացրեց, որ բոլոր հարցերում իրենց աջակցում է Կենտրոն
թաղապետարանը, որի ենթակայությամբ էլ գործում է դպրոցը: Հետաքրքրվեցինք՝ միայն
փողային բաժնո՞ւմ կան խնդիրներ: «Ցավոք, ամենուր լարային բաժիններում սովորողների
թիվը գնալով պակասում է: Մենք, օրինակ, թավջութակի դասարան չունենք: Սա այնքան էլ
վարձի հետ չի կապված, ուղղակի պակասել է հետաքրքրությունը դասական երաժշտության նկատմամբ:
Երաժիշտների մեծ մասն այսօր դժվարությամբ է ֆինանսական խնդիրները լուծում, հավանաբար
սա էլ նշանակություն ունի, որ շատերը երեխաներին չեն տալիս երաժշտական կրթության:
Պարտադիր չէ, որ բոլորը հայտնի երաժիշտներ դառնան, բայց երաժշտական տարրական կրթության
շնորհիվ գոնե լավ ունկնդիրներ կունենանք: Այսօր երաժշտական եւ արվեստի դպրոցները
կարծես թե դուրս են մնացել «Կրթության մասին» օրենքից: Այնտեղ ընդամենը մի տողով
գրված է՝ արտադպրոցական ուսուցում, ինչը ասոցացվում է տարբեր խմբակների հետ»,- պատասխանեց
Էդ. Եսայանցը: Նա գոհունակությամբ խոսեց իրենց դպրոցում տիրող նորմալ աշխատանքային
մթնոլորտի մասին, հատկապես հիշատակելով այն դասատուների անունները, ովքեր երեխաներին
պատրաստել էին երեւանյան նշանավոր համերգասրահում՝ Կամերային երաժշտության տանը ելույթ
ունենալու համար՝ Սեդա Ճգնավորյան, Ռիմա Կարապետյան, Սվետլանա Հակոբյան, Ժաննա Մեհրաբյան,
Կարինե Թումասյան: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել