Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահներին տակառները պետք չեն

Հոկտեմբեր 06,2006 00:00

\"\"Երեկ Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն այցելեց Երեւանի կոնյակի գործարան (ԵԿԳ):

Հաշվի առնելով, որ Հայաստանի ու Ռումինիայի միջեւ տնտեսական ակտիվ համագործակցություն չկա (2006-ի յոթ ամիսների կտրվածքով երկու երկրների ապրանքաշրջանառությունը կազմել է ընդամենը $ 46, 2 մլն), մեր երկիրը Ռումինիայի հետ քաղաքական դաշտում էլ, ըստ էության, տալիք-առնելիք չունի, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարկ չէր համարել իր ռումինացի գործընկերոջը ո՛չ Երեւանի պետական համալսարան, ո՛չ էլ ԵԿԳ կատարած այցի ժամանակ ընկերակցել: Նա պարոն Բասեսկուին միացավ միայն կոնյակի գործարանում կազմակերպված ճաշին:

Իսկ մինչ այդ ռումինացի հյուրը կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն Էրվե Կարոֆի եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ եղավ գործարանի հնեցման արտադրամասում, համտեսեց 25 տարվա հնության կոնյակ ու ծանոթացավ ԵԿԳ-ի պատմությանը: Հնեցման արտադրամասի սրահներից մեկում հյուրերը կանգ առան խաղաղության տակառի մոտ, որը տեղադրվել է 1994 թվականին Մինսկի խմբի կողմից՝ Արցախի զինադադարի առիթով: Գործարանի աշխատակիցներից մեկի ներկայացմամբ՝ «հենց որ ղարաբաղյան կոնֆլիկտը լուծվի, տակառը դուրս կբերվի գործարանից»: Արտադրամասի մեկ այլ սրահում հյուրերն անցան Շարլ Ազնավուրի անվան արահետով, որի աջ ու ձախ կողմերում մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների անուններով տակառներ կային: Դրանց շարքում ամենապատվավոր տեղը ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինի եւ ՀՀ նախագահի տակառներին էր հատկացված: Ռ. Քոչարյանը նույնիսկ երկու տակառ ուներ. մեկը՝ գործարան անդրանիկ այցի առիթով, մյուսը՝ ընթացիկ: ԵԿԳ-ի տնօրինությունը 400 լիտր կոնյակով լի մի տակառ էլ Բասեսկուին նվիրեց: Գործարանի պատասխանատուների խոսքերով, պաշտոնյաներին նվիրաբերած տակառները նրանց սեփականությունն են եւ երբ որ ցանկանան՝ կարող են գալ ու տանել: Սակայն, ինչպես տեղեկացանք, ԵԿԳ-ի պատմության մեջ տակառ տանելու դեպք դեռեւս չէր արձանագրվել:

Գործարանի տնօրինությունը Տ. Բասեսկուին մի շիշ էլ 70 տարվա հնության «Նոյյան տապան» կոնյակ նվիրեց: Հյուրն էլ գործարան դատարկաձեռն չէր եկել: Նա ԵԿԳ-ի թանգարանին ռումինական թանկարժեք գինի նվիրաբերեց: Եվ քանի որ հյուրերը նախագահական արարողակարգից հետ էին ընկել եւ գործարան մոտ 50 րոպե ուշացումով եկան, Ռումինիայի նախագահը ժամանակի սղության պատճառով չհասցրեց կոնյակի գործարանի պուրակում ծառ տնկել, ինչպես նախատեսված էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել