Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Հոկտեմբեր 06,2006 00:00

Մելինե Դալուզյանն աշխարհում երրորդն է

Ընդամենը մեկ ամիս առաջ գյումրեցի Մելինե Դալուզյանը Իտալիայի Պալերմո քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մինչեւ 63 կգ քաշայինների պայքարում երկամարտի 222 կիլոգրամ արդյունքով գերազանց հաղթանակ տոնեց՝ իր հետ տուն բերելով այդ տարիքային խմբի չեմպիոնուհու ոսկե մեդալը: Այդ ժամանակ Հայաստանի կանանց ազգային հավաքականի մարզիչները ֆեդերացիայի ղեկավարության հետ որոշեցին մարզուհուն հնարավորությունները նաեւ աշխարհի մեծահասակների առաջնությունում ցուցադրելու իրավունք ընձեռել: Ու, ինչպես ցույց տվեցին իրադարձությունների զարգացումները, չսխալվեցին:

Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո Դոմինգոյում Մելինեն, հանդես գալով նույն քաշային կարգում, 27 մրցակիցների մեջ իրենից ետ թողեց 24-ին՝ այս անգամ արդեն դառնալով աշխարհի մեծահասակների բրոնզե մեդալակիր: Ընդ որում, հայ մարզուհին տարիքով ամենափոքր մասնակիցն էր (նրա 18 տարին լրացել է այս տարվա ապրիլի վերջին): Պոկում վարժությունն սկսելով 100 կգ-ից, այնուհետեւ նա չկարողացավ բարձրացնել 103 կգ-ն, բայց երրորդ մոտեցումով իրեն ենթարկեց 105 կիլոգրամը: Սա այս մրցաձեւում երրորդ ցուցանիշն էր: Մարզուհու համար ավելի հաջող ստացվեց հրում վարժությունը, որում միմյանց հետեւից բարձրացնելով 122, 125 եւ 127 կիլոգրամանոց ծանրաձողերը (նույնպես փոքր բրոնզե մեդալ), երկամարտի 232 կիլոգրամով բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճանին: Ուրախալի է նաեւ, որ Մելինե Դալուզյանը մեկ ամսվա ընթացքում իր ցուցանիշը բարձրացրեց ամբողջ 10 կիլոգրամով:

Նույն օրը մրցահարթակ մտավ նաեւ նույնպես գյումրեցի Նազիկ Ավդալյանը, որն ընդգրկված էր մինչեւ 69 կգ քաշային կարգում: Սակայն նրա արդյունքը համեմատաբար համեստ էր՝ 221 (100+121) կիլոգրամ, որով նա 26 մասնակիցների մեջ ճանաչվեց 7-րդը:

Երեկ հերթը 85 կիլոգրամ քաշային Տիգրան Վ. Մարտիրոսյանինն էր, իսկ 75 կգ քաշային կարգում մրցահարթակ պետք է մտներ Հռիփսիմե Խուրշուդյանը: Բայց նա, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մրցավայր չի մեկնել:

Առաջատարներն առանձնանում են

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը շարունակվում է շախմատի մինչեւ 20 տարեկան պատանիների եւ աղջիկների առաջնությունը:

Երեկ խաղացվեց երրորդ տուրը: Աղջիկների մրցաշարում հարյուր տոկոսանոց արդյունք ունեն մասնակիցների մեջ ամենաբարձր վարկանիշ ունեցող չինուհիներ Հուա Յիֆանը, Շեն Յանգը եւ շախմատի հայկական դպրոցի սան Տաթեւ Աբրահամյանը, ով ներկայումս բնակվում է Միացյալ Նահանգներում եւ ներկայացնում է այդ երկիրը: Հայաստանի շախմատիստուհիներն առայժմ զբաղեցնում են միջին եւ միջինից բարձր դիրքեր:

Համառ պայքարում է ընթանում տղաների մրցապայքարը, որտեղ արդեն բավականին թվով ոչ-ոքիներ են գրանցվել: Մեր հանրապետությունից Լեւոն Բաբուջյանը երեկ միավորը բաժանեց հնդիկ Շակրավարտի Դիպանի հետ եւ 2,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում: Կես միավոր վաստակեց նաեւ Զավեն Անդրիասյանը: Նրա մրցակիցը երրորդ տուրում այս տարիքային խմբում Ռուսաստանի այս տարվա չեմպիոն Բորիս Գրաչովն էր: Հետաքրքիր էր նաեւ Մոսկվան ներկայացնող Արմեն Տոնոյանի եւ տղաների մրցաշարի ամենաբարձր վարկանիշ ունեցող չինաստանցի Վանգ Յեի պայքարը, որում հայ շախմատիստը պարտվեց:

Այսօր կայանալու է չորրորդ տուրը:

Հրաժեշտ հաղթանակով

Ֆուտբոլի մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլի 10-րդ խմբում երեկ Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 4:2 հաշվով պարտության մատնեց Բուլղարիայի թիմին, իսկ «Հրազդան» ստադիոնում կայացած Հունգարիա-Շոտլանդիա հանդիպումում գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1:

Մեր պատանի ֆուտբոլիստները չորս միավորով խմբում գրավեցին երրորդ տեղը եւ դուրս մնացին հետագա պայքարից: Հաջորդ փուլի ուղեգրերը բաժին հասան Հունգարիային եւ Շոտլանդիային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել