Լրահոս
Օրվա լրահոսը

Աջափնյակում «վատ երեւույթները» վերացվել են

Հոկտեմբեր 06,2006 00:00

Ասում է չառաջադրված թեկնածու Արման Սահակյանը

Թեեւ հոկտեմբերի 4-ին արդեն վերջնականապես հայտնի է դարձել, որ Երեւանի Աջափնյակ համայնքի թաղապետի պաշտոնի համար մրցակցությունը ծավալվելու է չորս թեկնածուների միջեւ, որոնց թվում չեն ո՛չ գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանը՝ «Ծիվոն», ո՛չ էլ ՀՀԿ քաղխորհրդի անդամ Արման Սահակյանը, այդուհանդերձ, հեռակա բանավեճն ու մրցակցությունն այս երկուսի միջեւ շարունակվում են ոչ պակաս կրքոտությամբ, քան եղել է մինչեւ հոկտեմբերի 4-ը:

Երեկ լրագրողները ստիպեցին Ա. Սահակյանին դարձյալ անդրադառնալ Ա. Խաչատրյանին, որի առիթն այս անգամ օրերս մամուլում հրապարակված Ա. Խաչատրյանի հարցազրույցն էր: Այն, Ա. Սահակյանի գնահատմամբ՝ «հոգեվարքի մեջ գտնվող մարդու հարցազրույցի է նմանվում»: Այս որակմամբ, իհարկե, հեռակա բանավեճը չավարտվեց, բայց դրան անդրադառնալն արդեն անիմաստ է: «Առավոտին», անշուշտ, ավելի շատ հետաքրքրում էին այլ հարցադրումներ. օրինակ՝ արդյոք Ա. Սահակյանի որոշումը՝ հրաժարվել թաղապետի թեկնածություն առաջադրելու մտադրությունից, պայմանավորված չէ՞ր ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարաբերություններ չփչացնելու մտավախությամբ: «Ոչ»,- եղավ Ա. Սահակյանի պատասխանը: Մեր առանձնազրույցում պարոն Սահակյանն էլի ասաց, թե իր համար համայնքի ղեկավար դառնալն ինքնանպատակ չի եղել. «Ես այս տարիների ընթացքում պայքարել եմ համայնքում տեղի ունեցող բացասական երեւույթների դեմ, իսկ այսօր մենք կարողացանք հասնել նրան, որ այդ երեւույթները չկան»: Ա. Սահակյանը «բացասական երեւույթ» ասելով էլ, իհարկե, նկատի ուներ «Ծիվոյին»: ՀՀԿ Աջափնյակի կառույցի ղեկավարի համոզմամբ, թաղապետի թեկնածու առաջադրված չորս թեկնածուներից ով էլ որ ընտրվի, չի կրկնի այն, ինչ արել է գործող թաղապետը:

Հետաքրքիր էր իմանալ՝ հիմա, երբ Ա. Խաչատրյանն այլեւս թեկնածու չէ, սպասվող ընտրություններն ավելի արդար ու նորմալ կանցնե՞ն: Ա. Սահակյանը խոստովանեց, որ այս հարցին ինքն այսօր չի կարող պատասխանել ու միաժամանակ բոլոր չորս թեկնածուներին հորդորեց եւ խնդրեց, «որպեսզի համայնքում տեղի ունենան մաքուր, արդար, առանց խոչընդոտների ընտրություններ»:

Ի պատասխան մեր այն հարցի, թե արդյո՞ք դա հնարավոր է, երբ կա «հզոր» համարվող թեկնածու՝ ի դեմս ՀՀ գլխավոր դատախազի եղբոր ու նրան աջակցող գործող թաղապետի, պարոն Սահակյանը նկատեց. «Անկեղծ ասած, ես չորս թեկնածուների թվում հզոր թեկնածու չեմ տեսնում»:

Նախօրեին ՀՀ վարչապետ եւ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը հայտարարել էր, թե Ա. Սահակյանի ու նրա գլխավորած ՀՀԿ կառույցի խնդիրն է, թե կուսակցության Աջափնյակի կառույցն առաջադրված թեկնածուներից որին կաջակցի: Ինքը՝ Ա. Սահակյանը կողմնորոշվե՞լ է այդ հարցում: «Եթե ես այսօր դրա մասին խոսեմ, ժողովուրդը, որ պաշտպանում էր իմ թեկնածությունը, կպաշտպանի այդ թեկնածուին: Ուստի, ես կողմնակալ չլինելու համար այսօր ոչինչ ասել չեմ կարող: Ընթացքում, երբ կծանոթանամ թեկնածուների ծրագրերին, նաեւ, ինչու չէ, մարդու կենսագրությանը, բնականաբար, որոշում կկայացնեմ»: Այդուհանդերձ, անդրադառնալով մեր այն հարցադրմանը, թե իր կարծիքով, այսօրվա դրությամբ թեկնածուների թվում ընդգծված ֆավորիտ կա՞, պարոն Սահակյանն ասաց. «Ոչ, բայց համենայնդեպս, իմ կարծիքով, Նորիկ Գալստյանը երկար տարիներ աշխատել է Աջափնյակ համայնքի թաղապետարանում, ու, թեեւ նրա շանսերը գնահատել չեմ կարող, բայց նա որոշակի աշխատանքներ տարել է այս համայնքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել