Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ՀԱՅՏՆԵՑ

Հոկտեմբեր 17,2006 00:00

Մյուսը մտադիր է գնալ «մինչեւ վերջ»

Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի Աջափնյակ համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված, «Ոգու փորձություն» հ/կ անդամ Նորիկ Գալստյանն ինքնաբացարկ է հայտնել: Վերջինիս այդ որոշումն անակնկալ համարել չէր կարելի, մանավանդ, երբ արդեն հայտնի էր, որ անցյալ շաբաթ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության խորհրդի նիստը, որի անդամն է պարոն Գալստյանը, որոշում էր ընդունել այդ համայնքում թաղապետի ընտրություններում սատարել ՀՀ գլխավոր դատախազի եղբորը՝ Ռուբեն Հովսեփյանին: Հիշեցնենք, որ այդ որոշմանը կողմ էր քվեարկել նաեւ ինքը՝ թեկնածու Ն. Գալստյանը:

Այս առիթով երեկ մենք զրուցեցինք նաեւ նույն համայնքում թաղապետի թեկնածու առաջադրված, դարձյալ «Նիգ-Ապարանի» խորհրդի անդամ եւ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Իշխան Արշակյանի հետ:

Վերջինս նախ ճշգրտում արեց «Առավոտում» անցած ուրբաթ հրապարակված տեղեկատվության մեջ, թե՝ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել հոկտեմբերի 29-ին Աջափնյակում տեղի ունենալիք ընտրություններում Ռուբեն Հովսեփյանի թեկնածությունը պաշտպանելու առաջարկին: «Նախ՝ խորհրդի նիստում միաձայն որոշում չի եղել: Ես այդ խորհրդի անդամ եմ եւ հրաժարվել եմ քվեարկել «Նիգ-Ապարանի» որոշմանը՝ ասելով, որ իմ թեկնածությունը հանել-չհանելու հարցը կուսակցության՝ ԺՈՒԿ-ի խորհուրդը կորոշի»,- պարզաբանեց պարոն Արշակյանը: Ինչ վերաբերում է իր ինքնաբացարկ հայտնելու հնարավորությանը, ապա ԺՈՒԿ-ի ներկայացուցիչը դա ընդհանրապես բացառեց՝ ասելով, թե ինքը գնալու է «մինչեւ վերջ»:

Անդրադառնալով իր համերկրացի մրցակցի՝ Ն. Գալստյանի ինքնաբացարկին, պարոն Արշակյանն ասաց, որ նրա այդ քայլն իր մրցապայքարում ոչինչ չի փոխել՝ ոչ դրական, ոչ բացասական իմաստներով, բայցեւ հավելեց. «Ավելի վատ, որ հանել է: Կուզենայի, որ ինքն էլ լիներ՝ մրցեինք: Ինչքան շատ թեկնածուներ լինեն՝ այնքան լավ: Նույնիսկ կուզենայի, որ թեկնածուները մի 6-7 հոգի լինեին»:

Գնահատելով իր մրցակցի՝ Ռ. Հովսեփյանի շանսերը, Ի. Արշակյանը նկատեց, թե իր ու Ռ. Հովսեփյանի ընտրվելու շանսերն այս պահի դրությամբ հավասար են, թեեւ հետո ավելացրեց, թե չի կարծում, որ հետո այդ հնարավորությունները հավասար կլինեն: Այս ասելով պարոն Արշակյանն ակնարկեց, որ ընտրությունների արդյունքում որոշիչը «հասարակ» ժողովրդի քվեն է լինելու, որ նա ավելի ուժեղ է ու մեծաթիվ, եւ «ոչ թե մի քանիսի որոշումով է լինելու»: Ի պատասխան մեր այն ճշտող հարցադրման, թե արդյո՞ք ինքը կարծում է, որ շարքային աջափնյակցիները հենց իրեն են ընտրելու, ԺՈՒԿ-ի ներկայացուցիչը հաստատական պատասխան տվեց:

Աջափնյակում թաղապետի թեկնածուների քարոզարշավն արդեն մեկնարկել է: Ի. Արշակյանի փոխանցմամբ, այս ընթացքում դեռեւս «մտահոգիչ բան չկա», թեկնածուներին ոչինչ չի խանգարում քարոզարշավ ծավալել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել