Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՎԵՐՋԻՆ ԲՅՈՒՋԵՆ

Նոյեմբեր 16,2006 00:00

\"\"Այն արժանացավ ընդդիմադիրների այնպիսի որակումների, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարն անգամ չէր ուզում շնորհակալություն հայտնել քննարկման համար:

Ընդդիմադիրները, որպես կանոն, չեն մասնակցում մշտական հանձնաժողովներում բյուջեի նախնական քննարկումներին: Նրանք իրենց գնահատականները պահում են լիագումար նիստերի՝ հեռուստախցիկների եւ ձայնագրիչների համար: Եվ դեռ դժգոհում են, թե ինչու են այդ նիստերին մասնակցում քիչ պատգամավորներ: Երեկ նման դժգոհություն հայտնեց, մասնավորապես, Հմայակ Հովհաննիսյանը, որը նաեւ խիստ վրդովվեց, որ իր ելույթի ընթացքում ներկա 3 հանրապետականներն իրար հետ զրուցում էին: Եվ ձեռքերն ամբիոնին հարվածելով՝ սկսեց գոռալ. «Թող լսե՛ն: Չի՞ հետաքրքրում՝ գնացե՛ք ստեղից»: Նիստը նախագահող Վահան Հովհաննիսյանն իր հերթին գոռաց. «Մի՛ սովորեցրեք՝ ով ուր գնա: Դուք դրա իրավունքը չունե՛ք: Միգուցե նրանց ձեր ելույթը չի՞ հետաքրքրում: Որեւէ պատգամավոր իրավունք չունի՛ պարտադրել մնացածներին լսել իրեն: Քաղաքական բանավեճերը չպիտի՛ սայթաքեն դեպի հիստերիա»:

«Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը պատմական զուգահեռ արեց բյուջեի կապակցությամբ: Ռուսաստանի թագավոր Ալեքսանդր 2-րդը գնացքով վթարի ենթարկվելուց հետո տեղի ունեցածի մասին եզրակացրել էր. «Հարկ է քիչ գողանալ»: Սա հիշեցնելուց հետո պրն Գեղամյանն ասաց, որ եթե այժմ էլ քիչ գողանան՝ հնարավոր կլինի փրկել պետությունը: «Ուղիղ 2 տարի անց այդ թագավորին, այնուամենայնիվ, սպանեցին»,- նկատեց Վահան Հովհաննիսյանը՝ չշարունակելով զուգահեռը:

Դժվար չէր կանխատեսել ե՛ւ «Ազգային միաբանության», ե՛ւ «Արդարության» բացասական դիրքորոշումը բյուջեի վերաբերյալ: Միայն «Օրինաց երկիր»-ն էր, որ վերջնական դիրքորոշումը պայմանավորեց կառավարության կողմից իր առաջարկների ընդունմամբ:

Ընդդիմադիրների պահվածքն էլի զայրացրեց ՀՀԿ խմբակցության ղեկավարին: «Ելույթները քաղաքական բնույթ են կրում, եւ թվում է, թե մարդիկ բյուջեի կեսն են կարդացել կամ բոլորովին չեն կարդացել»,- նշեց Գալուստ Սահակյանը: Նկատենք, որ բյուջեի նախագիծը 1200 էջ է, եւ շա՜տ դժվար է պատկերացնել, որ ոչ միայն ընդդիմադիր, այլեւ իշխանական պատգամավորների գերակշիռ մեծամասնությունն ընթերցել է այդ փաստաթուղթը կամ թեկուզ դրա համառոտագիրը, որ էլի մի քանի տասնյակ էջերից է բաղկացած: «Չի կարելի ինֆուզորիայի տրամաբանությամբ ամեն ինչի մասին խոսել: Դա շատ տհաճ է,- բողոքեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:- Անընդհատ զրպարտանք, հայհոյանք: Եթե անցած տարիների սղագրությունները հանենք՝ շա՜տ պատգամավորներ անհարմար կզգան այս տարվա խոսքի համար»:

Իսկ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն իր եզրափակիչ ելույթում որոշակիացրեց. «7 տարի է՝ բյուջե եմ ներկայացնում, 7 տարի է՝ որոշ մարդիկ նույն բանն են ասում, թե գոյատեւման բյուջե է»: Այս անգամ այս որակումը տվել էր մասնավորապես «Արդարությունը»:

2007-ի բյուջեի քննարկումները, սակայն, մի առանձնահատկություն ունեին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական ցուցանիշների համեմատությունը, որ ներկայացրել էր Վիկտոր Դալլաքյանը: «Հայաստանի այս բարձր ամբիոնից մարդիկ իրենց նետեցին Ադրբեջանի գովքն իրականացնելու, որն ինձ համար անհասկանալի է, բայց՝ պատգամավորներն ազատ են իրենց կողմնորոշումների մեջ»,- հայտարարեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը: Ներկայացված տվյալների կապակցությամբ Վարդան Խաչատրյանը նկատեց. «Թիվ կարդալը, թվաճանաչ լինելն ու դրա իմաստը հասկանալը տարբեր բաներ են՝ գոնե զուտ բյուջեի առումով: Որեւէ ցանկություն չունեի համեմատվել Ադրբեջանի հետ, բայց՝ ստիպված ենք»: Եվ հրապարակեց բազմաթիվ տվյալներ: Ասենք, որ Մարդկային զարգացման ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ 2004-ին Հայաստանի 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն եղել է 4423 դոլար, իսկ Ադրբեջանինը՝ 3810 դոլար, 2005-ին՝ մեր ՀՆԱ-ն 5709 էր, իսկ Ադրբեջանինը՝ 4601 դոլար: Ռազմական ծախսերի համեմատությունն էլ, ըստ նախարարի՝ «ժողովրդի մոտ վախ սերմանելու» նպատակ էր հետապնդում: Պնդեց, թե վախենալու բան չկա՝ «Ադրբեջանի ռազմական բյուջեն իր գնողականությամբ դեռ հեռու է լինելու մեր ունեցածից»:

Առավել պատասխանատու էր Վարդան Խաչատրյանի հետեւյալ հայտարարությունը. «Եթե տնտեսության մեջ մարտահրավերները կարողանանք լուծել, իսկ դրանք լուծելի են, ապա այսպիսի տնտեսական աճով հանդերձ՝ 5-6 տարի հետո մենք կհայտնվենք միջին զարգացած եվրոպական երկրի կարգավիճակում»:

Այսպիսով, ԱԺ-ն ավարտեց 2007-ի բյուջեի նախագծի քննարկման 1-ին փուլը: Պատգամավորներն այժմ պիտի ներկայացնեն իրենց առաջարկները: Եվ ըստ Վարդան Խաչատրյանի՝ կառավարությունն արդեն իսկ ստացել է 390-ից ավելի առաջարկներ, որոնց բավարարման համար անհրաժեշտ է 14,5 մլրդ դրամի լրացուցիչ ֆինանսավորում: «Շարունակո՞ւմ եք մնալ այն կարծիքին, որ բյուջեն հիասքանչ է»՝ հետաքրքրվեց լրագրողներից մեկը վարչապետ Անդրանիկ Մարգարյանից, եւ նա հարցով պատասխանեց. «Ուզում եք, որ իմ ներկայացրած վերջին բյուջեի մասին ասեի, որ այն շատ վա՞տն է եւ ես զզվո՞ւմ եմ այս բյուջեից»: Ու պարզաբանեց, թե ինչու է այս բյուջեն վերջինն իր համար. «ԱԺ ընտրություններ են լինելու՝ քաղաքական նոր դասավորություններ կլինեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել