Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԱՐԱՐ ԳԵՏԸ ԿՏԱՆԻ ԱՅՍ ԱՂԲԸ»

Նոյեմբեր 24,2006 00:00

\"\"Ասում է Ռաֆայել Ղազարյանը

Անժխտելի է այն, որ «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման նախաձեռնողներն իրենց գործունեության «ելակետը» դարձնելով «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման համար» օրինագիծը՝ ձգտում են մեծացնել շարժման սահմանները՝ դարձնելով այն համաժողովրդական: Երեկ Մերգելյան ինստիտուտում տեղի ունեցավ շարժման աջակիցների առաջին համաժողովը, որի ընթացքում շարժման մեջ ընդգրկված բոլոր հասարակական ու քաղաքական կառույցների ներկայացուցիչները ակնկալում էին, որ շարժման մեջ կներգրավվեն ժողովրդական լայն զանգվածները: Շարժման առաջնորդներից ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ իրենց հաջորդ քայլը լինելու է նոյեմբերի 27-ին հանրահավաք անցկացնել Սահմանադրական դատարանի առաջ՝ ի հիշատակ մեկ տարի առաջ կեղծված հանրաքվեի։ «Ազատամարտի եղբայրություն» հ/կ-ի անդամ, Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի նախկին հրամանատար Արկադի Կարապետյանը երկրում տիրող ներկա իրավիճակը համեմատեց հայոց եղեռնի հետ, որը, համաձայն վերջինիս, իրականացնում են ՀՀ նախագահն ու պաշտպանության նախարարը. «Պետք է բոլորս միասին ազգը հանենք այս վիճակից, որպեսզի 15 թիվը չկրկնվի. այսօր այն կրկնվում է»: Ա. Կարապետյանը հայտարարեց, որ իրենք հավակնություններ չունեն առաջատար լինել այս շարժման մեջ եւ պատրաստակամ են համագործակցել նրանց հետ, ովքեր կարող են առաջնորդել իրենց սկսած պայքարը:

Ակադեմիկոս, Մտավորականների ֆորումի ներկայացուցիչ Ռաֆայել Ղազարյանը, որը դահլիճի ցուրտ լինելու պատճառով իր ելույթից անմիջապես հետո լքեց համաժողովը, ողջունեց շարժման նպատակները եւ հույս հայտնեց, որ այս անհնազանդության առանձին առվակները մի օր կլցվեն եւ կդառնան մի վարար գետ՝ տանելով երկրի ամբողջ աղբը (նկատի ուներ ներկա իշխանություններին- Գ. Մ.): Երկրում տիրող իրավիճակի համար Ռ. Ղազարյանը մեղադրեց նաեւ ընդդիմությանը. «Այս ընթացքում ընդդիմությունը անզոր եղավ անձնականը ստորադասել ընդհանուրից եւ ստեղծել այն միասնությունը, որի դեպքում այս գիշատիչներն ու բորենիները անզոր կլինեին»,- ասաց նա:

«Բռնաբարվում են մեր ժողովրդի իրավ ունքները: Ոչ ոք չի դիմակայում, չի ընդվզում այդ մարդկանց դեմ, իսկ եթե ընդվզում են, ապա տեղում խեղդվում են՝ կամ բանտերն են նետվում, կամ ծեծվում են: Ամենուրեք մարդասպանություններ են կատարվում՝ Երեւանի կենտրոնից սկսած մինչեւ մարզերը: Այս իշխանությունները գրպանում են ժողովրդի ունեցածը, ոտնահարում են ժողովրդի, երեխաների եւ կանանց իրավունքները»,- իր ելույթում ասաց «Հայոց մայրեր» շարժման խորհրդի անդամ Սուսաննա Հարությունյանը:

Երբ Ա. Արզումանյանին հիշեցրինք վերջերս մամլո ասուլիսում իր հայտարարությունը, ըստ որի՝ մի քանի օրից իրենք հայտարարելու են ավելի ազդեցիկ կուսակցությունների՝ իրենց շարժմանը միանալու մասին, ինչը երեկ տեղի չունեցավ, նախկին նախարարն ասաց. «Այս ամենը քաղաքական գործընթաց է: Կան ազդեցիկ կուսակցություններ, որոնց հետ ես ճանապարհ չեմ բռնի: Օրերս բոլոր հարցերը կպարզվեն, քննարկումներ են գնում, դաշտում աշխատանք է տարվում: Գառնիկ Մարգարյանին չենք ասել, որ եկեք մեզ ողջունեք, իրենք են եկել մեզ ողջունելու: Մենք որեւէ կուսակցության չենք դիմել, որ գան մեզ աջակցեն: Բայց այս դաշտում, իրո՛ք, աշխատանքը տարվում է, եւ շատ-շատերը ողջունելու են մեզ: Ես ինքս չեմ շտապում»:

«Առավոտի» հարցին, թե այս ընթացքում Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը չե՞ն փորձել բանակցություններ վարել, լռեցնել Արկադի Կարապետյանին, վերջինս ասաց. «Ինձ թվում է՝ նրանք հասկանում են, որ դա իմաստ չունի, որովհետեւ ժամանակին նման բաներ եղել են: Ես ունեմ սկզբունքներ, որոնցով էլ ապրում եմ: 1975թ.-ից պայքարի մեջ եմ, երբ Քոչարյանն ու Սերժը կամ իշխանության մեջ որեւէ մեկը չէին էլ մտածում, որ հայության համար կարելի է պայքարել, ինձ համար տարբերություն չկա՝ 1975թ. կպայքարեմ, թե 2006թ-ին, ես քնում եմ ազգի մասին մտածելով, վեր եմ կենում նույն բանի մասին մտածելով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել