Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԱ-ն հատուկ եղել է, հատուկ էլ կմնա՞

Դեկտեմբեր 12,2006 00:00

ՀՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը գիտական շրջանակներում շարունակում է քննարկել իր մշակած՝ Գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթները:

Հերթական հանդիպմանը, որ կազմակերպել էր Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը՝ հանգստյան օրերին Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը, Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար կազմը չէր ներկայացել: ԿԳՆ փոխնախարար Արա Ավետիսյանն իր ողջույնի խոսքում, արդարացնելով վերջիններիս բացակայությունը, կարծիք հայտնեց, որ թերեւս նրանք չեն եկել այն պատճառով, որ երկու շաբաթ առաջ ակադեմիայում քննարկել եւ հայտնել են իրենց տեսակետներն ու առաջարկությունները: Սակայն երկու շաբաթ առաջ ակադեմիայում ծավալված քննարկմանը, որին մասնակցում էին նաեւ ԶԼՄ-ները, բնավ էլ առաջարկվող տեսակետները վերջնական տեսքի չբերվեցին, ավելին՝ ղեկավար կազմը դարձյալ նիստի կեսից գնաց կառավարություն՝ ինչ-որ հանդիպման: Երեկ մեզ հետ զրույցում ակադեմիկոս քարտուղար Արամ Շահինյանն ասաց, որ բացակայության պատճառը ԳԱԱ նախագահի եւ իր գործուղման մեջ լինելն էր:

Քննարկմանը ներկա գիտնականներին ամենից շատ հուզում էր ոլորտի ֆինանսավորման խնդիրը: Այժմ գիտության ոլորտը պետական բյուջեից ստանում է համախառն ներքին արդյունքի մոտավորապես 0,3%-ը: Ներկաների կարծիքով, այսքան քիչ ֆինանսավորումն է հենց գիտության այսօրվա վատթար վիճակի պատճառը: Հայեցակարգով նախատեսվում է 2010-ին այդ ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ 1%-ին, իսկ 2015-ին՝ 2%-ի: Պլաստպոլիմեր ինստիտուտի տնօրեն Պատվական Օսկանյանը այս խնդրին անդրադառնալով ասաց. «Մենք պետք է փոխենք մեր ազգային մենթալիտետը, որպեսզի հասկանանք, որ գիտությունն ինքը պետք է իրեն ֆինանսավորի, այլ ոչ թե հույսը դնի պետական բյուջեից տրվող գումարների վրա»: Ըստ նրա, գիտությունը ապրանք է եւ այն պետք է ներկայացնել համաշխարհային գիտության շուկա: ԿԳՆ փոխնախարարն էլ նշեց, որ շատ միջազգային կազմակերպություններ պատրաստ են մեր գիտական աշխատությունները ֆինանսավորել, սակայն պետությունը մի փոքրիկ մասով պետք է մասնակցի այս գործընթացին: Նա ասաց, որ հենց սրա համար էլ պետք է զարգացման ծրագիր մշակել եւ օրենսդրական դաշտը բարելավել:

Խոսելով ԳԱԱ կարգավիճակի մասին՝ Ա. Ավետիսյանն ասաց. «Ակադեմիա ունենալ-չունենալու հարցը քննարկելը նույնն է, թե քննարկել Մատենադարան ունենա՞լ, թե՞ ոչ»: Իսկ հայեցակարգում, որի մշակողներից մեկն էլ հենց Ա. Ավետիսյանն է, առաջարկվում է ակադեմիան վերակազմակերպել պետական հիմնադրամի: Այս դեպքում այն կգործի կառավարության կողմից հաստատված կանոնադրության համապատասխան՝ ԳԱԱ-ին օրենսդրությամբ վերապահված հատուկ կարգավիճակի շրջանակներում եւ կդառնա, այսպես ասած, կառավարության խորհրդատու մարմին:

Գիտության ոլորտի բարեփոխումների համատեքստում շատ է արծարծվում նաեւ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի լինել-չլինելու հարցը, եւ իրենց արտահայտած տեսակետներում ոլորտի մասնագետները շատ են շեշտում, որ ԲՈՀ-ն այսօր անկախ մարմին չէ, որ ավելին՝ այն միայն գիտական աստիճաններ վաճառելով է զբաղված: Մեր այս հիշեցմանը ԲՈՀ-ի նախագահ Արմեն Թռչունյանն այսպես պատասխանեց. «Ով քննադատում է, թող գա ու ծա նոթանա մեր կատարած աշխատանքներին եւ միայն հետո, եթե ուզում է, հիմնավորված քննադատի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել