Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԽՈՒՐ ԹՎԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 25,2006 00:00

\"\"Ինչպես ցույց են տալիս APR Group կենտրոնի հասարակական կարծիքի ուսումնասիրությունները, երեւանաբնակ հայ հասարակության 39,9%-ը այն մտքին է, որ մեր քաղաքական իրականության մեջ կուսակցություններն ընդհանրապես պետք չեն:

Ինչպես հայտնի է, քաղաքական կուսակցությունների գործառույթներից մեկն է հասարակական տարբեր խավերի շահերի արտահայտումն իրենց քաղաքական ծրագրերում: Եվ հենց այս գործառույթը ծառայում է կուսակցության գլխավոր նպատակին. այն է՝ իշխանության համար պայքարը, եւ գալով իշխանության, իրագործել կուսակցական ծրագիրը:

Եթե վերադառնանք թվերին, փաստորեն, ստացվում է, որ հայ քաղաքական իրողության մեջ ժողովրդավարության գլխավոր ինստիտուտներից մեկին՝ կուսակցություններին նետված է մարտահրավեր հենց նույն այն հասարակության կողմից, որի շահերը վերջինս կոչված է պաշտպանել՝ գալով իշխանության:

Փոխարենը հայ քաղաքական իրականության մեջ կուսակցություններին վերագրվել է մի նոր՝ բարեգործության գործառույթը. հարցվողների 5.6%-ը այն մտքին է, որ կուսակցությունները հենց դրա համար էլ կոչված են: Մի գործառույթ, որը չես գտնի քաղաքագիտական նույնիսկ ամենատարրական դասագրքի մեջ: Հենց այս համատեքստում այն հարցին, թե որ կուսակցությունների դիրքորոշմանն եք հավանություն տալիս, մեր քաղաքացիները նշել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անվանումը (52.9%), հետեւում թողնելով նույնիսկ Ժողովրդական կուսակցությանը:

Ստացվում է, որ բարեգործությունը դարձել է ամենալավ PR-ի միջոցը, քան թե, ասենք, օրենքներ մշակելը, իշխանության գործունեությունը վերահսկելը… Այնուամենայնիվ, նշենք, որ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հավաքել են 23.7 եւ 13.2%, առաջինը՝ շնորհիվ իր երկիր կառավարելու փորձ ունենալու, իսկ երկրորդը՝ անփոփոխ գաղափարներ ունենալու համար:

Վերադառնանք բնակչության բարեգործին եւ նրա ֆենոմենին:

Նշենք, որ հարցվողները հարցման ժամանակ իրենք են նշել իրենց իսկ նախընտրած կուսակցությունը: Այսինքն, նրանց չի ընթերցվել ոչ մի կուսակցության կամ նրա առաջնորդի անվանում: Դրանով է պայմանավորված, որ շատ կուսակցություններ դեռ հավաքում են 1% էլ պակաս, քանի որ նրանց անունը մոռացվել է միգուցե հենց բարեգործական PR-ի բացակայության պատճառով:

Հետաքրքրական է մի փաստ եւս. բնակիչները նշում են ոչ թե իրենց նախընտրած կուսակցության անվանումը, այլ նրա առաջնորդի անունը, որոշ դեպքերում նույնիսկ ածականը…

Նորից վերհիշենք կուսակցությունների տեսությունը: Կան կուսակցություններ, որոնք ունեն տարբեր գաղափարական հիմքեր, կան նաեւ, որոնք համախմբված են առաջնորդի շուրջ, եւ նրա հեռանալուց հետո քանդվում են: Ուստի, կարող ենք ասել, որ ԲՀԿ-ի հիմքն ու սյունը Գ. Ծառուկյանն է, եւ սա ավելի շուտ վերջինիս վարկանիշն է, քան իր իսկ գլխավորած կուսակցության: Ու եթե ենթադրենք, որ նա անդամակցի, ասենք, «Օրինաց երկիր» կուսակցությանը, ապա կարող ենք ստանալ լրիվ այլ հասարակական կարծիքի պատկեր: Փաստենք նաեւ, որ կուսակցական ցուցակների մեջ լինելով առաջինը՝ Գ. Ծառուկյանը իր հետեւից կարող է Ազգային ժողով անցկացնել հասարակության կողմից անճանաչելի կամ անընդունելի քաղաքական գործիչների:

Այնուամենայնիվ, ոչ միայն ԲՀԿ-ն է իր առաջնորդի շնորհիվ հավաքում վարկանիշ: Բնակչությանը տրված հարցին, թե առաջիկա ԱԺ ընտրություններին ինչու են քվեարկում իրենց կողմից նշված այս կան այն կուսակցության օգտին, քաղաքացիների 16,9%-ը մեկնաբանում է իրենց ընտրությունը հետեւյալ կերպ. համակրում եմ տվյալ կուսակցության առաջնորդին:

Ստացվում է, որ մեր ազգի քաղաքական մշակույթը կառուցվում է խարիզմատիկ լիդերի ֆենոմենի վրա, եւ նման պայմաններում պայմանականորեն ձեւավորված պատեռնալիստական («պապայի») կարծրատիպը դեռ երկար է մնալու մեր քաղաքացիների քաղաքական մտածելակերպի մեջ: Ուստի հենց նույն քաղաքական գործիչները, երբ խոսում են ժողովրդավար լիդերի կերպարի մասին, զբաղվում են ոչ ավել՝ քան պոպուլիզմով:

Շարունակենք կուսակցությունների առաջնորդի ֆենոմենի մեկնաբանումը:

Նույն այն հարցին, թե ինչով է պայմանավորված Ձեր ընտրությունը, ԺԿ-ի եւ ԲՀԿ-ի համախոհները պատասխանում են, որ այդ կուսակցությունների ղեկավարները կարողացել են իրենց շուրջ հավաքել շատ մարդկանց (համապատասխան 55.6%, 44.4%): Հիմնականում այդ տարբերակը նախընտրել է բնակչության այն հատվածը, որը իր կենսամակարդակը գնահատում է միջինից ցածր:

Այս համատեքստում հետաքրքրական է դիտարկել ՀՀԿ, ՀՅԴ, ՀՀՇ կուսակցությունների վարկանիշը: Սրանք այն կուսակցություններն են, որոնց բնակչությունը թե՛ դրական, թե՛ բացասական չափանիշներով դիտարկում է որպես քաղաքական ինստիտուտ (կառույց): Այսինքն, հարցման ժամանակ հարցվողները նշել են ոչ թե այդ կուսակցությունների առաջնորդներին, այլ մտաբերել հենց կուսակցության անվանումը: Հետեւաբար, կարող ենք նշել, որ վերոնշված կուսակցությունների դրական կամ բացասական վարկանիշը հաստատական է եւ կավելանա կամ կպակասի միայն գաղափարախոսության, ծրագրային դրույթների մեջ փոփոխություններ կատարելու, դրանց արդյունավետ հանրայնացման դեպքում:

Սրանից կարելի է եզրակացնել նաեւ, որ այդ կուսակցություններն ունեն իրենց հաստատակամ համախոհներին (ՀՀԿ՝ 6.6%, ՀՅԴ՝ 5.6%, սակայն ՀՀՇ-ն բարձր տոկոս է հավաքում որպես «բոբո» կուսակցություն), որոնք էլ կազմում են կայուն ընտրազանգված (ՀՀԿ՝ 5%, ՀՅԴ՝ 5%):

Եզրակացնենք. հասարակության անտարբերությունը քաղաքական ինստիտուտների՝ մասնավորապես կուսակցությունների նկատմամբ, մեծ է: Ներկա դրությամբ քաղաքացիների 23.3%-ը քվեարկելու է բոլորի դեմ, իսկ 13.10%-ը ընդհանրապես չի մասնակցելու ընտրություններին, բացատրելով այդ փաստը չվստահությամբ՝ գործող իշխանությունների եւ կուսակցությունների նկատմամբ: Եթե սրան էլ գումարենք իռացիոնալ հիմքերի վրա բարձր վարկանիշ հավաքած կուսակցություններին, ապա այս անգամ եւս կուսակցությունները կստանան բաղձալի ձայները հեռուստացույցների շնորհիվ՝ մոռանալով ծրագրերի, գաղափարների, հասարակության տարբեր խավերի շահերի արտահայտման մասին (ցավոք՝ վկայում են թվերը, հասարակության մեծ մասը դա է ակնկալում): Չի բացառվում, որ 2007թ. խորհրդարանը կլինի էլ ավելի տրոհված, միաբեւեռ եւ անձնական շահերի համար գործող խորհրդարան:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին (ինչու չէ, նաեւ այլ կուսակցություններին), ապա վերջիններիս հնարավորություն էր ընձեռված 4 տարիների ընթացքում շահել հասարակության վստահությունը հենց գաղափարական եւ ծրագրային հիմքերի վրա՝ ապացուցելով դրանք արդյունավետ գործունեությամբ եւ ճիշտ հանրայնացմամբ: Այլ բան է, որ նրանք բաց թողեցին այդ հնարավորությունը:

Սակայն միգուցե դեռ ուշ չէ՞…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել