ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Անդրանիկ Քոչարյանը ճեպազրույցում անդրադառնալով ադրբեջանցի դիվերսանտի Սյունիք՝ մասնավորապես Շաքի ներթափանցելուն, հետեւյալ կերպ արձագանքեց. «Նշանակում է՝ մեր սահմանային ուղեկալների հետ կապված խնդիր ունենք, որը պետք է լուծում ստանա: Ժամանակին մենք էլ էինք հասնում հակառակորդի կողմը ու գիտե՞ք՝ ինչ խորությամբ… 1990-ականների մասին եմ ասում: Այսինքն՝ եթե հատուկ ծառայությունները նպատակ ունենան, ուր ասես կհասնեն, իհարկե ոչ համազգեստով, ոչ ինքնաձիգով»։
«Բայց հիմա մի իրողության հետ ենք առնչվել, որը պետք է բացառենք ապագայում, որովհետեւ այդ մարդը 2 օր եղել է ոչ միայն տարածքում, այլ կոնկրետ մեր քաղաքացու բնակարանում, քաղաքացին էլ կարողացել է իր ընտանիքը պաշտպանել»,- հավելեց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է այլ ադրբեջանցիներ էլ ներթափանցած լինեն, Անդրանիկ Քոչարյանը դրական պատասխան տվեց. «Ամեն ինչ հնարավոր է, դրա համար մեր բոլոր ծառայությունները պետք է համակարգված, միասին այս դեպքի առնչությամբ ոչ միայն քննություն իրականացնեն, այլեւ տոտալ ամբողջ տարածքը տակնուվրա անեն»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ո՞ր կառույցն է թերացել, որ ադրբեջանցի զինվորը մտել է Շաքի ու տեղավորվել Հայաստանի քաղաքացու բնակարանում, նա այսպես պատասխանեց. «Որպեսզի ձեր հարցին կարողանամ ամբողջ խորությամբ պատասխանել, ինձ մի փոքր ժամանակ է պետք: Մինչեւ ուրբաթ ես որոշ հարցերի պատասխաններ կստանամ եւ կասեմ, թե մեր թերացման խորությունը որտեղ է: Երբ ասում ենք՝ ռեֆորմներ ենք անում՝ սկսած ինժեներական կառույցներից, մեր բոլոր կառույցները, սահմանապահ զորքերը, որոնք լոկալ տարածքում են եւ Հայաստան-Ադրբեջան տարածքի այն հատվածները, որոնք չվերահսկվող կտորներ կարող է ունենան, դրանց վերահսկողության հետ կապված պաշտպանական գերատեսչությունը, ԱԱԾ-ն, տեղական մարմինները պետք է որոշակի լուծումներ առաջարկեն… Խորհրդային տարիներին էլ նույնիսկ փշալարի առկայությամբ միշտ սահմանի մյուս կողմից թափանցումներ եղել են, եւ այդ ժամանակ սահմանային գյուղերը փակվում էին եւ ստուգվում էր՝ թափանցած անձնավորությունն ուր կարող է հասած լինել: Որպես կանոն՝ նրանց հայտնաբերում են»։
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ սահմանների ամրության մասին պետք է խոսել տարիների լուրջ կատարած աշխատանքի իրացումից հետո, իսկ հիմա, նրա խոսքով, մեր սահմաններն ունեն խնդիրներ, որոնց հետ կապված լուծումներ են փորձում գտնել՝ թե՛ անձնակազմի, թե՛ մշտադիտարկման հնարավորությունների առումով:
Քոչարյանն ասաց նաեւ, որ սահմանների ուղղությամբ հսկայական աշխատանք է կատարված. «Չնայած դրանք ՝այդ հատվածում էլ ունենք ինժեներական կառույցներ, որոնք տեսանելիությունն ու անվտանգությունն ապահովում են, բայց դա շատ քիչ է: Այդ տեղերում էլ պետք է ծառայության պլանավորված համակարգեր ստեղծենք, որպեսզի կարողանանք մշտապես վերահսկել այն հատվածները, որոնք միայն ինժեներական կառույցով հնարավոր չէ պահել… Մենք սահմանապահ զորքերի մասին ենք խոսում, որոնք մեկ օրում չեն ստեղծվում»։
Ճեպազրույցն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































