Լրահոս
Օրվա լրահոսը

Թաղման բյուրոյի ավերակները

Հունվար 16,2007 00:00

\"\"Բրազիլիայի դեսպանատունը ոչ մի կերպ չի կառուցվում

Այս փլատակները (տե՛ս լուսանկարը) գտնվում են մայրաքաղաքի Կենտրոն համայնքում՝ Գրիգոր Լուսավորչի 5 հասցեում: Դրանք նախկին թաղման բյուրոյի շենքի մնացորդներն են: Այս մեծ քանակությամբ շինարարական աղբն արդեն 5-6 տարի քաղաքի կենտրոնից չի մաքրվում: Բացի այն, որ ավերակ շենքի առկայությունը ակնահաճո տեսարան չէ եւ խաթարում է քաղաքի տեսքը, այդ տարածքը վերածվել է հասարակական մեծ զուգարանի: Շենքի մոտով անցնելիս, հատկապես ամռանը, գարշահոտ է փչում: Էլ չենք ասում, որ այդ փլատակների անմիջապես հարեւանությամբ է գործում Երեւանի Մայակովսկու անվան թիվ 5 դպրոցը: Դպրոցի երեխաները շատ հաճախ ազատ ժամանակ իրենց խաղերն այդտեղ են կազմակերպում՝ վեր ու վար անելով շենքի խարխուլ աստիճաններով: Կիսաքանդ շենքը երբեմն էլ դպրոցականների համար տնօրինությունից պատսպարվելու եւ «հաշիվները մաքրելու» թաքստոց է ծառայում:

Մեր տեղեկություններով, դեռեւս 2002 թվականին, կառավարության որոշմամբ, 2000 քմ հողատարածք է հատկացվել թաղման բյուրոյի շենքի տեղում Բրազիլիայի դեսպանատուն կառուցելու համար, սակայն մինչ օրս հողի սեփականատերը ոչ դեսպանատան շենքն է կառուցում, ոչ էլ որեւէ միջոց է ձեռնարկում մայրաքաղաքի կենտրոնից շինաղբը վերացնելու համար: Հողի սեփականատերը Հայաստանում գործող Բրազիլիայի դեսպանատունն է, որն այժմ ժամանակավորապես տեղակայված է «Երեւան» հյուրանոցի շենքում:

«Առավոտի» հարցին ի պատասխան՝ արտաքին գործերի նախարարությունից հաստատեցին, որ նշյալ հասցեում պետք է կառուցվի Բրազիլիայի դեսպանատունը: Իսկ թե ինչո՞ւ մինչ օրս չի կառուցվում, արտգործնախարարությունից այսպես պարզաբանեցին՝ «երբ Բրազիլիայի կառավարությունը գումար կհատկացնի՝ այն ժամանակ էլ դեսպանատունը կկառուցվի»: Մեզ հետ զրույցում Հայաստանում Բրազիլիայի փոխհյուպատոս Հովսեփ Սեֆերյանը շենքի կառուցման ձգձգումը պայմանավորեց հողի սեփականության հետ կապված որոշ փաստաթղթերի բացակայությամբ. «Եթե դու հողի լիարժեք տերը չես՝ ինչպե՞ս այդ տարածքում շինարարություն անես: Բացի այդ, Հայաստանում դեսպանատուն բացելու որոշումը բոլորովին վերջերս հաստատվեց: Շուտով կկառուցենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել