Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոնի չափումներով՝ Մանուկը «թզուկ» է

Ապրիլ 02,2007 00:00

\"\"Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը եւ Մանուկ Գասպարյանը հեռակա գրազ են եկել

Երեկ «Ֆորում» ակումբի հյուրն էր «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Պաշտոնական քարոզարշավից առաջ, սոցիոլոգի կանխատեսումներով, այս պահին գալիք խորհրդարանական ընտրություններին կողմնորոշվել է ընտրողների 30%-ը, հաջորդ 30%-ը ընդհանրապես ընտրություններին չի մասնակցի, իսկ մնացած մասը չի էլ կողմնորոշվել: «Նման իրավիճակ Հայաստանում չի եղել: Թեեւ դաշտից չի հեռացել, բայց իր առաջատար դիրքը զիջել է ՕԵԿ-ը: Հանդես են եկել երկու նոր խաղացողներ՝ ԲՀԿ-ն եւ ԺԿ-ն: Օրինակ, ԲՀԿ-ն իր առաջատարի դիրքերը ամրապնդել է ընդդիմությունից կորզած ձայների հաշվին: Թեեւ կարող եմ նշել, որ քարոզարշավի ընթացքում ընդդիմությունը ետ կբերի իր կորցրած ձայները»,- նշեց բանախոսը: Նրա ուսումնասիրություններով, այս պահին առաջատարն է ԲՀԿ-ն, որից հետո անփոփոխ 17-18%-ով՝ ՀՀԿ-ն:

Ըստ Ա. Ադիբեկյանի, ընտրություններից առաջ «Ժառանգություն» եւ ՕԵ կուսակցությունների առաջնորդներն ունեն բարձր վարկանիշ եւ լավ աշխատելու դեպքում այն կարող են փոխանցել իրենց կուսակցություններին. «Թեեւ մինչեւ ապրիլի 25-ը դժվար է ասել, թե կուսակցությունների դիրքերն ինչպես կդասավորվեն, սակայն կարող եմ նշել, թե թեկնածուները որտեղ են կաղում: Օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանի որակները հարթ են, բայց նրա քաղաքական ուժը իր խելքից պակաս է: Եվ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է լուրջ հայտ ներկայացնել, պետք է լուրջ աշխատանք տանի»: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ որոշ պատգամավորներ, մասնավորապես՝ Մանուկ Գասպարյանը, կասկածի տակ են առնում Ա. Ադիբեկյանի կանխատեսումները, սոցիոլոգը նշեց. «Եթե Մանուկը նույնիսկ 0,8% ձայն էլ հավաքի, ես կթողնեմ սոցիոլոգիան: Ինքն ընդհանրապես չի երեւում… եթե թզուկը հայելու մեջ թզուկ է երեւում, դրանում ես մեղավոր չեմ: Ինձ չեն սիրում, որովհետեւ ջերմաչափի պես ցույց եմ տալիս դիմացինի ջերմությունը»:

Սոցիոլոգի կանխատեսումներով, այս օրերի տվյալներով, 5%-անոց շեմը կհաղթահարի մոտ 8 կուսակցություն: Միանշանակ ԱԺ կանցնեն ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ազգային միաբանությունը»: Ըստ Ա. Ադիբեկյանի, լուրջ խնդիրներ ունեն «Ժառանգությունը», ԺԿ-ն, ՀԺԿ-ն եւ ՕԵԿ-ը. «Ընդդիմության չմիավորվելու պատճառով քաղաքական գործիչների մի մասը կհեռանա դաշտից: Սա կլինի ինքնըստինքյան եւ ոչ Մանուկ Գասպարյանի ծրագրով, որով ուզում է քաղաքական դաշտը երիտասարդացնել: ԺՈՒԿ-ի ցուցակով առաջադրված Աղասի Արշակյանը հայտարարել է, թե՝ ընենց բան ենք պատրաստել, որ ոչ ոք դեռ չի արել, դե, մենք էլ կսպասենք եւ կտեսնենք, թե ինչ են պատրաստել»,- իր խոսքը եզրափակեց սոցիոլոգը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել