Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հզոր բանակ մեր հաղթական»

Ապրիլ 23,2007 00:00

Երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցավ «Հզոր բանակ մեր հաղթական» թեմայով շարադրությունների օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքների ամփոփումը:

ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 2007թ. մարտի 16-ի որոշմամբ մեկնարկած «Հզոր բանակ մեր հաղթական» թեմայով շարադրությունների օլիմպիադայի մրցութային հանձնաժողովը ղեկավարում է ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանը, իսկ անդամները ԳԱԱ ինստիտուտների մասնագետներ են, բուհերի ռեկտորներ եւ այլ մտավորականներ: Երեւանի 189 դպրոցներից մրցույթին մասնակցել է 8-10-րդ դասարանների 239 աշակերտ: Երեկ հանձնաժողովը հրապարակեց ընտրված 12 լավագույնների անունները, ովքեր մրցույթը կշարունակեն հանրապետական փուլում: «Մի կողմ դնենք այն հարցը, թե շարադրություններից որն էր ամենալավը: Կարեւորն այն է, որ հայ դպրոցականը առաջին անգամ հնարավորություն ունեցավ բանակի մասին հոգու խոսք ասել: Այս շարադրությունները մեզ եւս մեկ անգամ համոզեցին, որ Հայաստանի 15-ամյա բանակը երկրի նվիրական զավակն է»,- ասաց փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Հանձնաժողովի անդամները ապրիլի 4-14-ը մեկնել են ՀՀ մարզեր՝ տեսնելու, թե այնտեղ ինչպես է պատկերը:

ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, մրցութային հանձնաժողովի անդամ Սամվել Մուրադյանը հավաստիացրեց, որ մարզերի ոգեւորությունը չի զիջում մայրաքաղաքին. «Բոլորը ոգեւորված են մեր ազգային բանակով: Այն աշխարհի ամենաարդար բանակն է, քանի որ գործել է ոչ թե տարածքներ գրավելու, այլ մեզանից խլվածը վերադարձնելու համար»: «Հզոր բանակ մեր հաղթական» մրցույթի հանրապետական փուլ են անցել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Աջափնյակ համայնքների դպրոցների աշակերտները՝ Երեւանի Խ. Աբովյանի անվան դպրոցի աշակերտ Հայկ Մարգարյանը, Ս. Խանզադյանի անվան դպրոցի աշակերտուհի Քրիստինե Հայրապետյանը, Մորգենթաուի անվան դպրոցի աշակերտ Արթուր Սարգսյանը, Ս. Շահումյանի անվան դպրոցի աշակերտ Մամիկոն Սիրունյանը եւ այլք:

Դ. Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցի աշակերտ Արամայիս Գրիգորյանը, ով եւս հաղթողների շարքում է, միակն է, ում շարադրությունը չափածո էր: «Վաղուց էի ուզում բանակին նվիրված մի բանաստեղծություն գրել, իսկ 15-ամյա հոբելյանը լավ առիթ է»,- նա նաեւ «Առավոտի» համար մի քառատող արտասանեց իր ստեղծագործությունից:

«Եվ ակամայից ես մի ակնթարթ/ հիշում եմ խոսքը մի մեծ հայրիկի՝/հայեր ջան, հայեր, սիրեցեք երկաթ,/ երկաթը միայն հային կփրկի»:

Ն. Ստեփանյանի անվան դպրոցի աշակերտ Դավիթ Սարգսյանը եւս խոսեց իր տպավորություններից. «Մեր բանակից մեկ տարի շուտ եմ ծնվել եւ նրան իմ կրտսեր եղբայրն եմ համարում: Վստահ եմ, որ հետագայում, երբ հիշեմ այս հաղթանակս, սիրտս նորից նույն բերկրանքով է լցվելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել