Վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննությունների նոր հարցաշարերն արդեն հրապարակվել են roadpolice.am հարթակում։ Դրանք հասանելի են հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն և պարսկերեն լեզուներով։
Հարցաշարերը բաժանված են երկու հիմնական խմբի՝ A, B, C և D, T։
✔️ A, B, C կարգերի խմբի հարցաշարը ներառում է 1050 հարց, որոնցից 11-ը նոր են։ Այն նախատեսված է մոպեդներ, մոտոցիկլներ, տրիցիկլներ, քվադրիցիկլներ, ինչպես նաև թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ՝ առանց կցորդի, վարելու իրավունք ստանալու համար։
✔️ D, T կարգերի խմբի հարցաշարը ներառում է 1380 հարց, որոնցից 437-ը նոր են։ Այն նախատեսված է ավտոբուսներ և տրոլեյբուսներ վարելու իրավունք ստանալու համար։
ℹ️ Նոր հարցերը թեստերում կներառվեն հրապարակումից 30 օր անց։
Հարցաշարերում բարելավվել է նաև հարցերին կից պատկերների որակը։ Դրանք մշակելիս հաշվի են առնվել քաղաքացիների դիտարկումներն ու առաջարկությունները, այդ թվում՝ թարգմանություններում նախկինում արձանագրված սխալների վերաբերյալ արձագանքները։ Կատարվել են համապատասխան շտկումներ, վերացվել են նաև իմաստային բնույթի խնդիրները։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն անցկացվում են նոր կարգով․ նախկինում գործող միասնական հարցաշարը տարբերակվել է ըստ տրանսպորտային միջոցների կարգերի խմբերի։
Նոր մոտեցումը հնարավորություն է տալիս առավել հասցեական գնահատել դիմորդների տեսական գիտելիքները, որոնք անհրաժեշտ են համապատասխան տրանսպորտային միջոցն անվտանգ և օրինական վարելու համար։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



















































