Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ «ՊԱՆԴՈԿԻ» ՏՆՕՐԵՆԻՆ ՍՊԱՆԵ՞Լ ԵՆ

Մայիս 15,2007 00:00

Ինքնասպանության վարկածը տնօրենի կինը բացառում է

Մայիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունում: Շենքի 2-րդ հարկից, քննիչի առանձնասենյակից, «ցած է նետվել» եւ մահացել Շենգավիթ համայնքի բնակիչ, «Պանդոկ» ռեստորանի 31-ամյա տնօրեն Լեւոն Ղուլյանը: ՀՀ ոստիկանության ՏՎ-ն պաշտոնապես «Առավոտին» տեղեկացրեց, որ Ղուլյանը «հրավիրվել» էր վարչություն՝ մայիսի 9-ին սպանված Ստեփան Վարդանյանի գործով: «Հարցազրույցի ժամանակ» Ղուլյանը, ըստ ոստիկանության, ջուր է խնդրել եւ «օգտվելով քննիչի բացակայությունից, փորձել է դիմել փախուստի»:

Փաստաբանների պալատի անդամ Արթուր Գրիգորյանը, որը փաստաբաններ Նարինե եւ Ռուբեն Ռշտունիների հետ տուժողի իրավահաջորդի՝ Ղուլյանի կնոջ ներկայացուցիչն է, երեկ «Առավոտին» ասաց, որ չի ընդունում պաշտոնական տեղեկությունը: Նա ասաց, որ ոստիկանություն «չեն հրավիրում», «չկա հարցազրույց իրավական հասկացություն: Ծանուցագիր են ուղարկում, ինչը Ղուլյանի դեպքում չի եղել»: Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ Ղուլյանի նկատմամբ կիրառվել է ծեծ: Փաստաբանը մասնակցել է (նախաքննական մարմնի թույլտվությամբ) դիակի դատաբժշկական փորձաքննությանը: Ըստ նրա՝ «Հիմքեր ունեմ հայտարարելու, որ նա մահացել է խոշտանգումների արդյունքում»: Ղուլյանի կինը՝ տիկին Ջեմման հարցնում էր. «Ի՞նչ իրավունքով տարան: Որպեսզի սպանե՞ն: Բացառվում է, որ ամուսինս փախչեր: Նա առաջին անգամ ոստիկանություն էր կանչվել մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը: Ընտրության օրն էլ մասնակցել էր ընտրություններին ու գնացել ոստիկանություն: Փախչելու մտադրություն ունենալու դեպքում նա չէր ներկայանա վարչություն»:

«Պանդոկ» ռեստորանի աշխատակից Հայկ Մելքումյանն «Առավոտին» ասաց, որ իրեն եւ մատուցողուհուն՝ Մարինե Գրիգորյանին, մայիսի 9-ի գիշերը տարել են Շենգավիթի ոստիկանության բաժին: «15-20 րոպե ծեծի ենթարկեցին ինձ: Երկու օր մնացել եմ այնտեղ: Ասում էին՝ պիտի հայտնեք, թե ով է սպանել Ստեփանին: Հաթաթա էին տալիս՝ նայի, տես, ով է գալիս. Թամամը (նկատի ունի Հովիկ Թամամյանին)»: Իսկ մատուցողուհի Մարինեն ասաց, որ իրեն ոստիկաններն ասացին, թե «միակն ես, որ ճանաչում ես Ստեփանին, վկա ես: Ոստիկանները անհարգալից արտահայտություններ էին թույլ տալիս՝ «էս լրբին հարցրեք, նա կասի»: Մարինեին նույնպես ծանուցագիր չէին ուղարկել, չէին բացատրել, որ նա իրավունք ունի պաշտպանի հետ ներկայանալ իրավապահ մարմնին: Ղուլյանի «դեպքի օրը» հրավիրել էին քրեական հետախուզության վարչություն, սակայն Գրիգորյանը պատմում է, թե ինչպես իրեն «խուճապահար դիմավորեցին, ապա շենքից դուրս հանեցին»:

Ըստ փաստաբան Ռուբեն Ռշտունու, «ցանկացած քաղաքակիրթ պետության մեջ՝ իրեն հարգող ոստիկանապետը պետք է հրաժարական տա: Ծեծն ու խոշտանգումները ոստիկանությունում շարունակվում են: Քաղաքացիները վախենում են ցուցմունք տալ, որովհետեւ մտածում են՝ դրսում իրենց ո՞վ կարող է պաշտպանել»: Իսկ փաստաբան Նարինե Ռշտունին ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ղուլյանի դիակը հայտնաբերվել է բակի կողմում. «Ինչո՞ւ բակի կողմում: Այնտեղից, եթե անգամ մտադրություն լիներ փախչելու, էլի չէր կարող»: Ղուլյանի հարազատները պնդում էին, որ նա ինքնասպան չի եղել. նրան սպանել են:

Գործի քննությունը վարում է ՀՀ Երեւան քաղաքի դատախազությունը: Կգտնվի՞ կամք, որպեսզի (հանցագործության) կասկածները փարատվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել