Լրահոս
Օրվա լրահոսը

«21-ՐԴ ԴԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ»

Մայիս 16,2007 00:00

Երեկ «Ուրբաթ» ակումբում այսպես բնութագրեց ՀՀԿ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էդուարդ Շարմազանովը խորհրդարանական այս ընտրությունները, որոնց հետեւանքով, ի դեպ, նա, գրավելով ՀՀԿ ցուցակում 61-րդ տեղը՝ դառնալու է պատգամավոր:

Էդուարդ Շարմազանովը պատասխանելով հարցին, թե ԱԺ-ում տեղ չգտած ո՞ր ուժերի համար է ափսոսում՝ ասաց. «Ես շատ կուզենայի, որ ՄԱԿ-ը ներկայացված լիներ, քանի որ այդ կուսակցությունն այս ընթացքում մի քանի հոգանոց խմբակցությամբ կարողացավ իրոք առանձնանալ օրինաստեղծ աշխատանքով: Ես ցավում եմ, որ ՀՀՇ-ն մրցապայքարային մարաթոնի կեսից դուրս եկավ, քանի որ բոլորս գիտենք, որ այն իրոք գաղափարական ուժ է: Եվ մարդիկ գոնե գիտեն, թե ինչի համար են պայքարում, ունեն գաղափարներ»:

«Առավոտը» նկատեց, թե ընդդիմության չմիավորվելու հետեւանքով փոշիացավ ընտրողների քվեների 25 տոկոսը, եւ այժմ յուրաքանչյուր 4-րդ ընտրողի ձայնը, փաստորեն, ներկայացված չի լինելու ԱԺ-ում: Մեր հարցին, թե ըստ այդմ, պնդո՞ւմ է, թե նորընտիր խորհրդարանը լիովին արտացոլում է հասարակության պատկերը, եւ նշաձողը հաղթահարած 5 ուժերը ներկայացված են հասարակության մեջ իրենց դերին ու կշռին համապատասխան՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, թե գործող օրենքի համաձայն՝ «այլ ճանապարհ չկա, քան 5 տոկոսի շեմը չհաղթահարած քաղաքական ուժերի ձայների բաշխումը խորհրդարանական ուժերին»:

Լրագրողները ՀՀԿ-ի խոսնակին խնդրեցին մեկնաբանել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայտնած տեսակետները, թե իրենց կուսակցությունը կառավարության սիմվոլիկ մաս չի կազմի, նաեւ այն, որ նա չբացառեց, որ ՀՅԴ-ն կդառնա ընդդիմություն: «Մենք էլ չենք բացառում, որ կարող ենք լինել բացարձակ մեծամասնություն»,- ասաց պրն Շարմազանովը: Եվ ողջունեց ՀՅԴ մտադրությունը. «Սիմվոլիկայից ելնելով՝ մեր երկրում պետք չէ ոչինչ անել: Մեր երկրում ամեն ինչ պետք է անել գաղափարի եւ գործի արդյունավետությունից, պետության եւ ազգի շահերից ելնելով»: Կառավարության կազմավորման, ԱԺ-ում ղեկավար տեղերի բաշխման շուրջ բոլոր հարցերին ՀՀԿ խոսնակը պատասխանում էր, թե ամեն ինչ պարզ կլինի այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել