Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ Է ՎՍՏԱՀՈՐԴԻՆ

Մայիս 28,2007 00:00

\"\"Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը չի բացառում, որ նման դեպքեր կարող են լինել

ՀՀ փաստաբանների պալատն ունի 673 փաստաբան, նրանցից 22-ի արտոնագրի գործողությունը կասեցվել է: 651 գործող փաստաբաններից մեկն էլ կալանավորված է: «Բնական է, ինձ համար տհաճ է, երբ փաստաբանների նկատմամբ քրեական գործեր են հարուցվում: Այս պահին քրեական գործ է հարուցվել փաստաբան Արմեն Ճուղուրյանի նկատմամբ: Ինձ հասած տեղեկություններով՝ նրան մեղադրում են փաստաթղթերի կեղծման համար: Քրեական գործ է հարուցվել նաեւ փաստաբան Աշոտ Աթոյանի նկատմամբ, որի վերաբերյալ Փաստաբանների խորհուրդը կարգապահական վարույթ է հարուցել եւ նկատողություն է արվել իր մասնագիտական-փաստաբանական պարտականությունները անբարեխիղճ կերպով կատարելու համար»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: Նրա պարզաբանմամբ, Ա. Ճուղուրյանի նկատմամբ կարգապահական վարույթ չեն հարուցել, քանի որ դեռեւս գործի նախաքննությունը չի ավարտվել: «Փաստաբանների խորհուրդը այս հարցում շատ վճռական է եւ եթե քաղաքացիների կողմից դիմումներ ենք ստանում, ապա դրանք մանրամասն ուսումնասիրվում են»,- նշեց պարոն Սահակյանը:

Պալատի նախագահի տեղեկացմամբ, ամսական 4-5 դիմում- բողոք են ստանում, սակայն դրանց մեծ մասը ոչինչ չասող են. «Հիմնականում դժգոհում են, որ իրենց փաստաբանն անցել է հակառակորդի կողմը, ցույց են տալիս, որ աշխատում են հակառակ կողմի համար, սակայն որեւէ լուրջ հիմնավորում չեն անում: Օրինակ, մեկն իր բողոքը «հիմնավորել» էր, թե իր փաստաբանն ամեն անգամ բարեւում է հակառակորդին, եթե նրա համար չի աշխատում՝ ինչո՞ւ պիտի բարեւի: Մեկն էլ դժգոհում էր, որ այս կամ այն փաստաբանն իրավունք չունի փաստաբան լինելու, քանի որ նրա հայրը նախկինում բռնադատված է եւ մայրն էլ անբարոյականի մեկն է, այսպիսի դիմումները շատ-շատ են, ուղղակի մեզանից ժամանակ են խլում»: Ռ. Սահակյանի ներկայացմամբ, քաղաքացիների կողմից փաստաբաններին չվստահելն ունի մի քանի օբյեկտիվ պատճառներ, քանի որ կան եւ լավ, եւ վատ փաստաբաններ: Նրանք, ովքեր վատ են պատրաստված եւ դա զգում է վստահորդը, ապա դրանից անվստահություն է առաջանում եւ այդպես շարունակ այդ միտքը փոխանցվում է ուրիշներին: Թեեւ պալատի նախագահը տոկոսային հարաբերությամբ չնշեց, թե քանիսն են «վատ» փաստաբաններ, սակայն նշեց, որ կան այնպիսիները, որոնց նա չի վստահի նույնիսկ իր անձնական գործը. «Ասել, որ նման փաստաբաններ չունենք՝ սխալ կլինի, ոնց որ շատ կազմակերպություններ են ասում, թե մեզ մոտ կաշառք չկա: Ինչպես թե՝ չկա, պարզապես չենք կարողանում ապացուցել, որ կաշառք են վերցնում: Ես գիտեմ նաեւ երեւույթներ, որ փաստաբանները համագործակցում են իրավապահների հետ, բայց դա նույնպես չենք կարողանում ապացուցել»:

Այս պահին պալատի խորհրդի կողմից հարուցվել է երկու կարգապահական վարույթ, որոնք հանձնվել են կարգապահական հանձնաժողովին, երկու գործ էլ գտնվում է նախապատրաստական փուլում: «Դրանցից մեկը հարուցվել է Էրեբունի համայնքի առաջին ատյանի դատարանի որոշմամբ, քանի որ նրանք սանկցիա էին կիրառել փաստաբանի նկատմամբ, մենք էլ պարտավոր էինք կարգապահական վարույթ հարուցել, դեռեւս որոշում կայացված չէ եւ հնարավոր է, որ պալատը փաստաբանին կարգապահական պատասխանատվության չենթարկի»,- հավելեց Ռ. Սահակյանը: Ըստ նրա, մի քանի հարուցված կարգապահական վարույթ էլ վերաբերում է փաստաբանների կողմից անդամավճարները չվճարելուն (ամսական 3 հազար դրամ է): Դա բացատրվեց նրանով, որ կան փաստաբաններ, ովքեր անվճարունակ են, իսկ մի մասն էլ ծուլության հետեւանքով ժամանակին չի վճարել:

Փաստաբանների էթիկայի կանոնագիրքն ընդունվել է 2005թ. մարտին եւ այն, ըստ էության, կարգավորում է վստահորդի եւ փաստաբանի փոխհարաբերությունները, փաստաբանի վարքագիծը, մասնագիտական գործունեության չափորոշիչները, սակայն պալատի նախագահի խոսքերով՝ կանոնագիրքը փաստաբանին ոչինչ տալ չի կարող, եթե փաստաբանն ինքը կարգապահ չէ: Պարոն Սահակյանը արատավոր համարեց նաեւ այն դեպքերը, երբ փաստաբանները հարկային պարտավորություններից խուսափելու եւ այլ պատճառներով վստահորդի հետ պայմանագիր չեն կնքում եւ որեւէ կերպ չեն նշում, թե վստահորդից որքան գումար են ստանում իրենց ծառայության դիմաց. «Ամենայն լրջությամբ ասում եմ, եթե մեզ նման դեպքեր հայտնի լինեն, ապա տվյալ փաստաբանի նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ կկիրառվեն»: Ռ. Սահակյանի կարծիքով, գործող 651 փաստաբանները մեր հանրապետության համար շատ քիչ են, սակայն նշեց, որ, այնուհանդերձ, նրանք չունեն բավականին ծանրաբեռնվածություն, որովհետեւ պահանջարկն է քիչ. «Բայց նկատում եմ, որ փաստաբաններին դիմելու դեպքերը շատացել են, հատկապես գործարարներն այսօր գտնում են, որ առանց փաստաբանների մասնակցության՝ գործեր վարելը սխալ է»,- եզրակացրեց Փաստաբանների պալատի նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել