Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը խոստացավ արդար քննություններ

Մայիս 30,2007 00:00

Եվ ասաց, որ տեղյակ չէ Մատենադարան-Գաֆեսճեան կապից

Երեկ «Ուրբաթ» ակումբում կայացավ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի ասուլիսը, որի թեման՝ առաջին անգամ փորձարկվող հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննության նոր համակարգով անցկացումն էր: «Առաջին փորձի համար ամեն ինչ արել ենք, որպեսզի այն ապահովվի հնչեղությամբ ու փորձել ենք ժողովրդին վստահեցնել, որ այս գործընթացը արմատական ու որակական տարբերություն ունի եղածներից: Սա հերթական ակցիա չէ: 2-3 տարվա ընթացքում հանրակրթությունից մասնագիտական կրթության անցումը դարձնելու ենք առօրեական, առանց որեւէ ցնցումների»,- խոստացավ նախարարը: Նախկին ԿԳ նախարար Աշոտ Բլեյանի կողմից 10 տարի առաջ արված նմանատիպ փորձի կապակցությամբ էլ ասաց, որ երկրորդ, այսինքն՝ իրենց փորձն ավելի նախապատրաստված է. «Այս ավարտական քննությունները քննություններ են նաեւ դպրոցների տնօրենների համար, որովհետեւ լիազորված ներկայացուցիչների շնորհիվ վերահսկվում են հանրապետության 55 կենտրոնների միացյալ քննությունները»: Նախարարը հայտնեց, որ քննությունների անցկացման համար տեխնիկապես ամեն ինչ պատրաստ է: Մարզերում, որտեղ պետք է անցկացվեն դրանք՝ կենտրոնները ընտրվել են հաշվի առնելով շենքային պայմանները. մեծ դահլիճներ ունեցող դպրոցներում պետք է տեղավորվի նվազագույնը 60 երեխա: Իսկ քննության համար նախատեսված տարբերակներն էլ կենտրոնները կստանան քննությունից 3 ժամ առաջ: Ինչ վերաբերում է միասնական համակարգն իրականություն դարձնելու վրա ծախսված գումարներին, այս մասին պրն Մկրտչյանը հայտնեց. «Ծախսվել է 150 մլն դրամ: Ամեն ինչ արվել է մեր երեխաների նորմալ քննական համակարգն ապահովելու համար: Եվրոպացի երեխայի մտքով երբեք չի անցնի, որ քննության ժամանակ անարդարության կհանդիպի, մեզ մոտ էլ պետք է այդպես լինի, որպեսզի ծնողն իրեն ստորացված չզգա»: Լ. Մկրտչյանը բացառեց կեղծիքների առկայությունը, իսկ քննությունների գործընթացը նմանեցրեց ընտրություններին. «Ես մի քիչ մասնակցել եմ ընտրություններին: Եթե կուսակցությունների ներկայացուցիչները սխալ թույլ չտան, ընտրությունները կլինեն 100 տոկոսանոց: Քննությունների ժամանակ 170 ներկայացուցիչ՝ թեստավորման կենտրոնի ներկայացուցիչների հետ կատարելու են իրենց պարտականությունները: Մարզպետարանների կազմակերպիչներն ու ներկայացուցիչներն էլ պետք է հասկանան, որ, ի տարբերություն ընտրությունների, այս դեպքում կենտրոնի տնօրենը վիճարկում է սեփական հեղինակությունը: Խախտումների դեպքում կբարձրացվի տվյալ տնօրենի հարցը: Այն տնօրեններն էլ, ովքեր հայտարարել են, թե իրենք են անցկացնելու քննությունները ու գումարներ են հավաքվել այդ նպատակով, կհայտնվեն տխուր վիճակում եւ սկանդալների մեջ կընկնեն»: Ինչ վերաբերում է բողոքարկման գործընթացին, ապա այն իրականացվելու է ԿԳ նախարարությունում:

Նախարարի պաշտոնում մնալու մասին լրագրողի հարցին էլ պրն Մկրտչյանը պատասխանեց. «Իմ պատկերացմամբ՝ մարդը պետք է իր պարտականությունը կատարի մինչեւ այն պահը, երբ արդեն ազատ է այդ պարտականությունից: Եթե որոշվի, որ պետք է շարունակեմ պաշտոնավարել, չեմ հրաժարվի, եթե ոչ՝ ապա օգնության պատասխանատվությամբ պաշտոնը կփոխանցեմ հաջորդին»: «Առավոտի» հարցին էլ, թե, ի վերջո, ամերիկահայ մեծահարուստ կոլեկցիոներ Ջ. Գաֆեսճեանը կապ ունի՞ մատենադարանյան պատմությունների հետ, պրն Մկրտչյանն ասաց. «Տեղյակ չեմ: Գաֆեսճեանի կողմից նման հայտարարություն չի եղել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել