Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ-ՈՒՄ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ԼԵՌՆԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Հունիս 27,2007 00:00

\"\"«Բեյզ Մեթըլսի» շնորհիվ ԼՂ-ում հիմք է դրվել պղնձարդյունաբերությանը

Օրերս «Վալլեքս գրուպ» ընկերությունը հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների համար այց էր կազմակերպել ԼՂ-ի Դրմբոն գյուղ, որտեղ 2002 թվականից գործում է «Բեյզ Մեթըլս» (հիմնական բաժնեմասը պատկանում է «Վալլեքս գրուպին») ընկերությունը, որը, փաստորեն, Ղարաբաղի տարածքում ամենախոշոր լեռնամետալուրգիական ձեռնարկությունն է:

«Ի տարբերություն անդրկովկասյան լեռնահանքային այլ ընկերությունների, որոնք ստեղծվել են դեռեւս սովետական տարիներին գոյություն ունեցող արտադրական բազաների հիման վրա, մեր ընկերությունն իր գործունեությունը սկսեց զրոյական վիճակից: Սա մեր ընկերության ամենալուրջ հաջողություններից մեկն է»,- հավաստիացնում է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ գործադիր վարչության փոխնախագահ Արթուր Մկրտումյանը: Նրա ներկայացմամբ՝ կարեւոր նվաճում է նաեւ պրոֆեսիոնալ կոլեկտիվ հավաքելը այնպիսի բնակավայրում, որտեղ լեռնահանքային ոլորտում աշխատանքային փորձ ու հմտություն չունեցող բնակիչներ են, քանի որ Մարտակերտի շրջանում հիմնականում զբաղվել են գյուղատնտեսությամբ. «Վերջին տասը-տասնհինգ տարիներին արտագաղթի հետեւանքով այստեղ համապատասխան աշխատուժ չկար: Մեզ հաջողվել է ամենասեղմ ժամկետում փոքր կորիզի վրա, որոնք Ալավերդիից հրավիրված փորձառու մասնագետներ էին, շրջակայքից եւ Հայաստանից հավաքել մարդկանց ու սովորեցնել բարդ ու վտանգավոր մասնագիտություն: Հիմա արդեն նրանք իրենց գործում հմտացած են, եւ անգամ թանկարժեք եւ բարդ կառուցվածքով հորատող մեքենաների վերանորոգմամբ մեր աշխատակիցներն են զբաղվում»: Ընկերության ղեկավարի խոսքերով՝ մեկ հորատող մեքենան արժե 350 հազար ԱՄՆ դոլար, ընդ որում, այն ներմուծվել է Շվեդիայից: Երբ Եվրոպայից ժամանած մասնագետները այցելում են Դրմբոն՝ մեքենայի ընթացիկ սպասարկման եւ գնահատման, Ա. Մկրտումյանի պատմելով, զարմանում են տեղացի աշխատողների ձեռք բերած գիտելիքների վրա:

Այսօր «Բեյզ Մեթըլս» ընկերությունն ունի 1200 աշխատակից: Ընկերությունում ներառված աշխատակիցների մեծ մասը Ղարաբաղի տարբեր շրջաններից են, իսկ փոքր մասը՝ մոտ 40 տոկոսը, Հայաստանի բոլոր վայրերից հրավիրված մասնագետներ են: Նրանց միջին աշխատավարձը 2007 թվականի դրությամբ 167.000 դրամ է կազմում, իսկ ամենաբարձրը՝ 1000 ԱՄՆ դոլար: 2006-ին ընկերության վճարած աշխատավարձերի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 1,3 մլրդ դրամ: Բացի բարձր աշխատավարձից, ձեռնարկությունը նաեւ հոգում է իր աշխատակիցների առողջության մասին: Ընկերությունում 24-ժամյա գործող բուժկետը համալրված է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, որոնցով հնարավոր է շտապ բուժօգնություն ցուցաբերել: Ընկերության ղեկավարների հավաստմամբ, շատ հաճախ լուրջ բժշկական միջամտության համար կատարվելիք ծախսերն էլ իր վրա է վերցնում «Բեյզ Մեթըլսը»: Աշխատակիցների ճանապարհային եւ սննդի խնդիրներն էլ է ընկերությունը հոգում: Օրական երեք անգամ՝ սնունդ եւ բնակիչների տեղափոխումը ավտոբուսներով դեպի գործարան եւ տուն ընկերության հաշվին է:

Ա. Մկրտումյանի ներկայացմամբ, Դրմբոնի հանքարդյունաբերական ընկերությունում 50 միլիոն դոլարի ներդրում է կատարվել՝ ներառյալ հարստացման կոմբինատի կառուցումը եւ հանքի շահագործումը:

«Բեյզ Մեթըլսի» գործունեության սկզբնական շրջանում նախատեսված է եղել մոտ 120-150 հազար տոննայի չափով հանքի շահագործում եւ վերամշակում, սակայն 2006 թվականին ընկերությունը մոտ 300 հազար տոննա արտադրություն է տվել, իսկ 2007-ին արտադրությունը կավելանա հիսուն հազար տոննայով: Հանքի պաշարները 3.2 միլիոն տոննա է, որից 750-ն արդեն արդյունահանվել է: Ստորգետնյա հանքից ամսական արտահանվում է 22 հազար տոննա առաջնային հանքաքար եւ մոտ 3-8 հազար տոննա՝ բաց հանքերից:

Արթուր Մկրտումյանի հավաստմամբ, շատ կարեւոր ձեռքբերում է այն, որ Լեռնային Ղարաբաղում այսօր գրեթե անթերի գործում է լեռնային արդյունաբերությանը վերաբերող օրենսդրություն: Ըստ Ա. Մկրտումյանի, քանի որ նախկինում Ղարաբաղում չկար լեռնարդյունաբերություն, դրա հետեւանքով էլ չի եղել նաեւ այդ ոլորտին վերաբերող կայացած եւ դրսեւորված օրենսդրական դաշտ: «Հայաստանում գործող օրենքը ֆորմալ առումով կիրառվեց նաեւ ԼՂ-ում: Ի պատիվ ԼՂ կառավարության եւ բոլոր այն ինստանցիաների, որոնց հետ առիթ ենք ունեցել շփվելու, պիտի ասեմ, որ արեցին ամեն ինչ, որպեսզի օրենքը բերվի աշխատունակ վիճակի: Այս 5 տարիների ընթացքում որեւիցե խոչընդոտ կամ արգելք չենք ունեցել, բայց դա չի նշանակում, որ պատասխանատու մարմինները աչք են փակել մեր գործունեության վրա: Կարճ ժամանակում շատ լավ եւ օգտակար փոխհարաբերություններ է ձեւավորվել ընկերության եւ կառավարության միջեւ, որից շահում է թե բնակչությունը, թե կառավարությունը եւ թե մեր ընկերությունը»,- հավաստիացնում է Ա. Մկրտումյանը: Այսօրվա դրությամբ «Բեյզ Մեթըլսը» Լեռնային Ղարաբաղում գործող ընկերություններից ամենախոշոր հարկատուն է: Բյուջեի ավելի քան 32-33 տոկոս մուտքերը ապահովում է «Բեյզ Մեթըլսը», այսինքն՝ տարեկան 2.6 միլիարդ դրամ հարկ է վճարվում:

Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ գործունեության հինգ տարիների ընթացքում «Բեյզ Մեթըլսին» հաջողվեց որոշակի առումով ԼՂ-ի որոշ շրջաններում բնակչության կենսամակարդակի բարձրացում ապահովել. «Ռեգիոնում, ըստ էության, արտադրական պոտենցիալ չկար, եւ մեր աշխատանքային հինգ տարվա փորձը ցույց է տալիս, որ այս երեւույթի ստեղծմանը զուգահեռ՝ շրջապատում շատ արագ սոցիալական մակարդակի աճ է նկատվում, յուրաքանչյուր ամիս մենք աշխատավարձ ենք վճարում կես միլիոն դոլար: Աշխատավարձերը ծախսվում են մանրածախ սպառման շուկայում, այսինքն՝ ընտանիքի սննդի, հագուստի եւ այլնի վրա, իսկ դա նշանակում է, որ այդ վճարած աշխատավարձերը ստեղծում են երկրորդական շուկա, այսինքն՝ ստեղծված 100 աշխատատեղը իր հերթին ստեղծում է տասնյակ նոր աշխատատեղեր երկրորդական շուկայում, որոնք թեեւ ուղղակիորեն կապված չեն արտադրության հետ, բայց օրգանապես կապված են»,- նկատեց Ա. Մկրտումյանը:

Ընկերության փոխնախագահի հավաստմամբ՝ իրենց գործունեության ընթացքում ձեռնարկությունը երբեւէ ստվերում չի եղել. «Սա նշանակում է՝ մենք թափանցիկ ենք աշխատում եւ երբեւէ ոչինչ չենք թաքցրել, որեւէ հովանավորչության մասին խոսք կամ առիթ անգամ չի եղել, իսկ սա ոչ թե մեր առավելությունն է, այլ Ղարաբաղի կառավարության»:

«Բեյզ Մեթըլսի» բարձր արտադրական կուլտուրայով հիացած էին նույնիսկ բնապահպանական հասարակական կազմակերպությունները. «Ի տարբերություն Քաջարանի կոմբինատի, «Բեյզ Մեթըլսը» իսկապես դրական կողմեր ունի. որպես օրինակ բերեմ պոչամբարի կառուցվածքը: Այն շատ ապահով է կառուցված, եւ արտակարգ իրավիճակների կամ վթարների դեպքում արված է ամեն ինչ, որպեսզի շրջակա միջավայրին մինիմալ վնասներ հասցվի: Պոչամբարի դամբան երկաթբետոնյա է, այսինքն՝ մոտակայքում գտնվող Սարսանգի լիճը ապահով վիճակում է, բայց պիտի հիշեցնեմ, որ նմանատիպ գործունեություն ծավալող բոլոր գործարարները պետք է անպայման վնասի դեպքում փոխհատուցեն, «Բեյզ Մեթըլսի» դեպքում, հույս ունեմ, որ այդպես էլ կլինի»,- ասում է «Հայաստանի կանաչ տարածքների պաշտպանության էկոլոգիական դաշինքի» ներկայացուցիչ Սիլվա Ադամյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել