Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՄՈՒԼԸ ԿԱՆԱՆՑ ՊԵՍ Է

Սեպտեմբեր 21,2007 00:00

\"\"Այս օրիգինալ համոզմանն են եկել Լիտվայում

Այս բանաձեւը, թե լրագրողները նման են կանանց՝ մատուցեց Լիտվայի լրագրողների միության նախագահ, 30-ամյա Դայնիուս Ռադզյավիչյուսը (նրա հիմնավորումները կներկայացնենք ավելի ուշ): Դայնիուսը եւ Transparency International կազմակերպության Լիտվայի ներկայացուցչության ղեկավար Ռիտըս Յուզափավիչյուսը հայ լրագրողների եւ մամուլի քարտուղարների մի խմբի, որ Վիլնյուս էին ժամանել UNDP-ի «Հայաստանում կոռուպցիայի բացահայտման գործընթացի իրազեկման եւ հակազդեցության բարելավում» ծրագրի շրջանակներում՝ ներկայացնում էին լիտվական փորձը:

Իսկ այն պատկերը, որ ուրվագծեցին նրանք, շատ ավելի մռայլ էր, քան հայկական իրականությունը: Ավելի ստույգ՝ այն միտումները, որոնք առկա են մեր մամուլում, լիտվական մամուլում դարձել են համակարգ: «Մեր լրատվամիջոցների անկախությունը շատ մեծ խնդիր է»,- խոստովանում էին նրանք: Եվ սա ասում են ներկայացուցիչները մի երկրի, որի տարածքն ու բնակչությունը թեեւ գրեթե հավասար են Հայաստանին, սակայն նրանք ունեն երկրի ամբողջ տարածքով սփռվող 4 հեռուստաընկերություն, 3 հանրային ռադիո, 200-ից ավելի ամսագիր, շուրջ 2 հազար փոքր ու մեծ թերթ: Դրանցից մի քանիսը լույս են տեսնում ավելի քան 200 հազար տպաքանակով: Անգամ սկսնակ լրագրողները ստանում են 2 հազար դոլարին համարժեք աշխատավարձ, իսկ պոպուլյար հաղորդումներ վարողները՝ մեկ ժամի համար են ստանում 3200 դոլարի չափ գումար: Եվ լրագրողները չեն էլ հերիքում: Հարցին, թե ձեր երկրում չե՞ն ծեծում լրագրողներին՝ մեր զրուցակիցները պատասխանում էին, թե վերջին անգամ նման բան եղել է 1992-ին:

Վիլնյուսում ամեն շաբաթ հեռարձակվում է «Երկուշաբթի երեկոյան» ծրագիրը, որի վարողը՝ շատ գեղեցիկ մի աղջիկ, տեսախցիկով գնում է պաշտոնյաների մոտ ու հարցնում՝ ի՞նչ միջոցներով եք ձեռք բերել այս ժամացույցը, չէ՞ որ ձեր աշխատավարձն այսքան է: Կամ՝ դիմավորում է որսից վերադարձող վարչապետին ու հարցնում. «Լավ էր որսը, այո՞: Արդյոք դուք կոռումպացվա՞ծ չեք»:

«Ես կարող եմ ցանկացած պաշտոնյայի ասել՝ դուք նման եք գողի: Եվ թող փորձի ինձ ենթարկել պատասխանատվութան: Ես իմ կարծիքն եմ ասել»,- նշում է Transparency International-ի Լիտվայի ներկայացուցչության ղեկավարը, որը, սակայն, պնդում է, թե մամուլի ներկայացուցիչներն իրենք են կոռումպացված ու բերում է օրինակներ: Բնապահպանության նախարարությունից մի պաշտոնյա աղբի վերամշակմամբ զբաղվող գործարարից նրա բիզնեսի բաժնետոմսերի 20%-ն է պահանջել, իսկ երբ գործարարը բողոքել է թերթին՝ նրան ասել են, թե կոռումպացվածները շատ-շատ են. եթե ուզում ես, որ հատկապես այս մեկի մասին գրենք՝ վճարիր: Լիտվական Transparency-ն 502 գործարարների շրջանում հարցում է անցկացրել, եւ նրանք կառավարությունից հետո՝ մամուլն են նշել որպես ամենակոռումպացված հանրային ինստիտուտը, խոստովանել, թե իրենցից գովազդ են ուզել լավ լուսաբանում ստանալու համար: Խոշոր գործարարներից մեկը՝ Ռիմոնդաս Տոնիսը, որ ռուսական գազի ներմուծմամբ է զբաղվում՝ հրապարակավ է խոստովանել. «Երկրի գլխավոր օրաթերթերը չեն հրապարակի քո կարծիքը, մինչեւ չվճարես այդ հոդվածի համար: Դու վճարում ես, եւ դրանից հետո իրավունք ունես ասել այն ամենը, ինչ ուզում ես»:

Որպես լրատվամիջոցների կոռումպացվածության գլխավոր դրսեւորում՝ գործարարները նշել են պատվիրված հոդվածները: Լիտվայում կան նաեւ դե յուրե պատվիրված հոդվածներ: Լիտվական օրենսդրությունն արգելում է պետությանը, բանկերին եւ կուսակցություններին՝ հանդես գալ իբրեւ լրատվամիջոցների հիմնադիր: Սակայն նրանք կարող են տարածք ու ժամանակ գնել ԶԼՄ-ներում՝ իրենց տեսակետներն արտահայտելու համար: Ահա եւ նախարարությունների բյուջեներում հատուկ ծախսեր են նախատեսված հասարակայնության հետ կապերի ու նման պատվիրված հոդվածների համար: Սակայն պետծառայողների էթիկայի հարցերով գլխավոր հանձնաժողովը (կան նաեւ համանման հանձնաժողովներ պատգամավորների, իրավաբանների եւ լրագրողների համար) կարող է որոշում կայացնել, թե տվյալ նախարարը հարկատուների փողերը շատ է տրամադրել պատվիրված հոդվածների համար: Կամ քննադատել գյուղատնտեսության նախարարին, որ տարածք է գնել թերթում՝ իր նախորդներին քննադատելու համար:

Հարցմամբ բացահայտված եւս մի իրողություն. ամենավերջին տեղում է լսարանի նկատմամբ հարգանքը, քաղաքացիների հետաքրքրությունները հաշվի առնելը: «Նրանք բոլորը պայքարում են, որ հենց իրենց դիտեն: Եվ այստեղ կորչում է անաչառությունը, քանի որ եթե պաշտպանես ոչ պոպուլյար տեսակետը՝ թերթդ չի վաճառվի»,- ասում է Ռիտըս Յուզափավիչյուսը եւ նշում, որ կատաղի մրցակցության ընթացքում, թե ով առաջինը կասի տվյալ նորությունը՝ չեն խորանում՝ ինչու, ինչպես եւ այլն: Հիշեցնում է Լիտվայի նախագահ Ռոլանդաս Պակսասի իմպիչմենտի պատմությունը. թերթերից մեկը նրան պաշտպանել էր միայն այն պատճառով, քանի որ հաշվարկել էր՝ հարցումների համաձայն, բնակչության 40%-ը դեմ է նախագահի պաշտոնանկությանը: Եվ քանի որ մնացած մամուլը նույն տեսակետն ուներ, ինչ բնակչության 60%-ը՝ իր համար ազատ էր մնում մի հսկայական լսարան: Հիշեցնենք. Պակսասը պաշտոնանկ արվեց ՍԴ որոշմամբ, քանի որ խախտել էր երդումը եւ իր ընտրարշավում մեկ միլիոն լիտ ներդրած ռուս գործարար Բորիսովին հայտնել, որ նրան գաղտնալսում են:

Ինչպես եւ Հայաստանի առանձին ԶԼՄ-ներ ու լրագրողներ, Լիտվայում եւս բացասական հոդված չգրելու համար գումար են պահանջում: Այստեղ շուրջ 60 հազար դոլար արժե այն, որ 2 ամիս շարունակ լռեն քո մասին: Եթե այս իրողությունը բացահայտի լրագրողների էթիկայի հանձնաժողովը՝ տվյալ ԶԼՄ-ն կարող է զրկվել հարկային արտոնությունից: Պարզաբանենք, ԶԼՄ-ների համար ԱԱՀ-ն 5% է, մինչդեռ մնացած տնտեսվարողների համար՝ 18%:

Դայնիուս Ռադզյավիչյուսը, սակայն, ԶԼՄ-ների եւ կանանց իր համեմատությունն այսպես է փաստարկում, թե երկուսին էլ կարելի է վերաբերվել իբրեւ ծախուների, սակայն այդ դեպքում կարող ես պատկերացնել, թե ինչ վերաբերմունքի կարժանանաս, երբ փողդ պրծնի: Իսկ ոչ լրագրողին, ոչ կնոջը չես կարող փողով քոնը դարձնել ամբողջ կյանքում: Լիտվայի լրագրողների միության նախագահը նշում է, թե ինչպես կանայք, այնպես էլ լրագրողները սիրում են, երբ իրենց ուշադրություն են դարձնում: Նրա խորհուրդն է՝ ավելի լավ է նորմալ հարաբերություններ ունենալ եւ հիշել՝ ամենալավ PR-ը փողով չի արվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել