Լրահոս
Օրվա լրահոսը

«ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՐԿՐԻ ՊԱՏԻՎԸ ՄԻՇՏ ԲԱՐՁՐ ԵՆ ՊԱՀԵԼՈՒ»

Հոկտեմբեր 25,2007 00:00

Վստահեցնում է ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը

Իսպանիայի Սանտա Կրուզ դե Տեներիֆե քաղաքում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունով Հայաստանի ծանրորդները եզրափակեցին մրցաշրջան-2007-ը: Անցնող տարում նրանք աշխարհի ու Եվրոպայի բոլոր տարիքային խմբերի առաջնություններում նվաճել են 47 ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ: «Առավոտի» հետ հարցազրույցում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն ամփոփում է 2007 թվականը:

– Պարոն Խաչատրյան, ձեր մարզաձեւի համար տարին ավարտվեց: Գո՞հ եք արդյունքներից:

– Իհարկե՝ այո: Հոկտեմբերի 20-ի դրությամբ Հայաստանի մարզիկները օլիմպիական բոլոր ձեւերում ընդհանուր առմամբ հանրապետություն են բերել 69 մեդալ, որից 47-ը՝ մեր մարզաձեւը: Ծանրորդներն ամբողջ տարվա ընթացքում գերազանց մրցելույթներ ունեցան՝ ամեն տեղ բարձր պահելով Հայաստանի պատիվը: Նրանք հանդես են եկել միայն աշխարհի ու Եվրոպայի պաշտոնական առաջնություններում եւ «Մրցաշրջան-2006»-ի հետ համեմատած՝ մեդալների թիվն ավելացրել 3-ով, սահմանել 18 ռեկորդ. 1՝ աշխարհի երիտասարդների, 4՝ Եվրոպայի երիտասարդների եւ 13՝ Եվրոպայի պատանիների: Ասեմ նաեւ, որ տարեսկզբին Ստրասբուրգում կայացած Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Հայաստանը դարձավ թիմային չեմպիոն, իսկ Գեւորգ Դավթյանը եւ Մելինե Դալուզյանն արժանացան Եվրոպայի լավագույն մարզիկների կոչմանը: Ծանրամարտի պատմության մեջ դա առաջին դեպքն էր, երբ միեւնույն մրցումում նույն երկրի երկու ծանրորդներ ճանաչվում են լավագույնը:

Անհամեստություն չհամարեք, բայց մեդալներ կարող էին ավելի շատ լինել:

– Իսկ ի՞նչը խանգարեց:

– Կան ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ: Սկսեմ երկրորդից: Տարվա գլխավոր մրցումը Թաիլանդում կայացած աշխարհի առաջնությունն էր: Չանգ-Մայում մեր մարզիչների մարտավարությունը եղել է հետեւյալը. անպայման մեդալների համար պայքարելու անհրաժեշտություն չկար, կարեւորը թիմային միավոր վաստակելն էր: Բացի դա, պետք չէր հայաստանցի ծանրորդների ունակություններն այժմվանից լիովին ցուցադրել, հակառակը, հարկավոր էր որքան հնարավոր էր շատ պատկերացում կազմել մրցակիցների մասին, որպեսզի հետագայում աշխատանքներն ավելի ճիշտ կազմակերպվեն: Կարծում եմ, դա ճիշտ մարտավարություն էր, որի արդյունքում ունեցանք աշխարհի մեկ փոխչեմպիոն, տղամարդկանց օլիմպիական հինգ եւ կանանց երկու ուղեգիր: Մոտ ժամանակներս մեր կանանց վարկանիշների թիվը կավելանա: Երկրորդ պատճառն այն է, որ նախաօլիմպիական այս տարին գերծանրաբեռնված էր: Նույն մարզիկը մրցումից մրցում էր մեկնում՝ հաճախ նախորդից հետո հանգստանալու եւ ուժերը վերականգնելու օր անգամ չունենալով: Իսկ մրցումները նշանակված էին Հայաստանից հեռու հակառակ բեւեռներում՝ Թաիլանդից մինչեւ Իսպանիա: Պատկերացրեք, թե նրանք ժամային քանի՞ գոտի էին հաղթահարում, քանի՞ օդանավ էին փոխում մինչեւ տեղ հասնելը, օդում քանի՞ օր էին անցկացնում: Այսքանից հետո, որպես կանոն, դառնալ չեմպիոն ու մրցանակակիր, ռեկորդներ սահմանել, հավատացեք, ծանր խնդիր է: Այլ վիճակում են մեր հիմնական մրցակից երկրները, որոնք նույն քաշային կարգերում ունեն մի քանի հավասարազոր մարզիկներ, որոնց հերթով են գործուղում մրցավայր: Իսկ մեր ծանրորդները պայքարին կարոտելու ժամանակ անգամ չէին ունենում:

– Աշխարհի առաջնությունը վերջերս է ավարտվել եւ դոպինգ- ստուգումների արդյունքները դեռ չեն հրապարակվել: Վստա՞հ եք, որ մեզ վտանգ չի սպասվում:

– Միանշանակ: Մեր ծանրորդները վերջին մեկուկես տարում համոզվել են, որ կարելի է առանց խթանիչներ օգտագործելու էլ հաղթել:

– Հիմա, երբ ֆեդերացիան իր ստանձնած պարտավորությունները կատարել է, ապագայի ի՞նչ ծրագրեր կան:

– Նոյեմբերի վերջին հրավեր ունենք Ավստրալիայից, որտեղ կայանալու է աշխարհի գավաթի առաջնությունը: Հավանաբար, ես երկու ծանրորդի հետ կմեկնեմ: Եկող տարվա գարնանը Իտալիայում կմասնակցենք Եվրոպայի մեծահասակների, ամռանը Կանադայում՝ աշխարհի երիտասարդների, աշնանը՝ Եվրոպայի պատանիների ու երիտասարդների առաջնություններին ու կրկին մեդալներ կնվաճենք: Դե, իսկ օլիմպիադան 2008-ի գլխավոր մարզական իրադարձությունն է լինելու:

– Օլիմպիական մեդալներ կունենա՞նք:

– Պայքարելու ենք անպայման ունենալու համար: Բայց ի՞նչ գույնի կլինի, հիմա դժվարանում եմ ասել: Ավելի լավ է ժամանակից առաջ չանցնենք: Մի բան կարող եմ հաստատ խոստանալ. ծանրորդները երկրի պատիվը միշտ բարձր են պահելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել