Լրահոս
Օրվա լրահոսը

Ձախերի հերթական միավորիչը

Դեկտեմբեր 01,2007 00:00

Օրերս Հայաստանի առաջադիմական կուսակցությունից իր թիմով հեռացել է կուսակցության ղեկավարի պաշտոնակատար Ռոբերտ Ահարոնյանը:

Նա այս կուսակցությունում հայտնվել էր մի քանի ամիս առաջ՝ Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունից, որի ղեկավարի հետ էլ տարիներ առաջ լքել էր ավանդական կոմունիստական կուսակցությունը: ՀԱԿ-ում Ահարոնյանը զբաղեցրել էր Տիգրան Ուրիխանյանի տեղակալի աթոռը եւ այնքան էր շահել վերջինիս վստահությունը, որ կուսակցությունը լքելով՝ Ուրիխանյանը այն հանձնեց Ահարոնյանին: Ի՞նչն էր պատճառը, որ փոխադարձ սերն ու վստահությունը վերածվեց ատելության: Հարցին ի պատասխան, Ռոբերտ Ահարոնյանը պատմում է, որ վարչության վերջին նիստում անսպասելի հայտնվում է Ուրիխանյանը եւ հայտարարում, որ նորից ցանկանում է ստանձնել կուսակցության ղեկը: 11 հոգանոց վարչության կազմը այդպես էլ որոշում է: Ապա Ուրիխանյանը որոշում է կայացնում իր արձակուրդ գնալու մասին եւ կուսակցության ղեկավարի պարտականությունները նորից դնում է Ահարոնյանի վրա: Այս անհեթեթ իրավիճակը Ռ. Ահարոնյանին ստիպում է հեռանալ ՀԱԿ-ից: Նրան են հետեւում իր համախոհները՝ Կենտրոն համայնքի, Իջեւանի, Աշտարակի տարածքային կազմակերպություններից եւ Նոր Արտամետ գյուղի կառույցից, ընդհանուր առմամբ՝ 100-ից ավելի մարդ:

Ռ. Ահարոնյանն իր համախոհներով պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել՝ Հայաստանի առաջադիմական սոցիալիստական կուսակցություն կամ Հայաստանի սոցիալիստական կուսակցություն անվամբ: ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացվելիք փաստաթղթերը պատրաստվելուն զուգահեռ, կհստակեցվի նաեւ անվանումը: Այս կուսակցությունը եւս հավակնում է հզոր դառնալ՝ իր մարդկային եւ կազմակերպական ռեսուրսներով, լինել անկախ եւ քաղաքական դաշտում ուրույն տեղ զբաղեցնել: «Ուղղակի առաջադիմական կուսակցությունից ես հավաքեցի այն մարդկանց, ովքեր սոցիալիստամետ են եւ դա ինձ հաջողվեց: Լինելով կոմունիստ, ես իմ առաջ նպատակ էի դրել մտնել Առաջադիմական՝ իմանալով, որ էնտեղ կան սոցիալիստամետ ուժեր եւ աշխատել նրանց հետ: Ես այսօր կարող եմ ասել, որ հաղթել եմ. կոմունիստական գաղափարախոսության՝ տարբեր կուսակցություններում ցրված էլեկտորատը դուրս եմ բերել այդ կուսակցությունից եւ հիմնելու եմ նորը»,- ասում է Ռ. Ահարոնյանը: Փաստորեն, նպատակադրված էիք անդամագրվել ՀԱԿ-ին՝ մեր դիտարկմանը նա պատասխանեց՝ «Թողնում եմ ձեր մեկնաբանությանը: Տիգրանը միշտ ասում էր, որ ինքը սովետական մարդ ա, սոցիալիզմի կողմնակից ա: Ես մտածում էի, որ համատեղ աշխատանքը մեզ ի մի կբերի, կգանք ու միգուցե ՀԱԿ-ը կվերանվանենք, բայց դա չստացվեց»: Իսկ ինչո՞ւ է կոմունիստական երկար ճանապարհ անցած գործիչը նոր կուսակցություն ստեղծում եւ չի միավորվում բազում կոմկուսներից եւ ոչ մեկի հետ: «Ես հուսով եմ, որ Սոցիալիստական կուսակցությունը կկարողանա միավորում անցկացնել ձախ դաշտում: Թովմասյանի, Սաֆարյան Վազգենի եւ առավել եւս Յուրա Մանուկյանի ներկայությամբ՝ ձախ դաշտում միավորումն անհնար է: Նոր քաղաքական ուժը՝ նոր դեմքով, կարող է իր ետեւից տանել սոցիալիստական գաղափարախոսությամբ մարդկանց եւ միավորել ձախ դաշտը»,- ասում է Ռոբերտ Ահարոնյանը, բնականաբար, նկատի ունենալով իրեն եւ իր կողմից ստեղծվելիք կուսակցությունը:

ՀԱԿ նախագահ Տիգրան Ուրիխանյանն էլ այս առթիվ այսպես արտահայտվեց. «Հավանաբար, կան որոշակի ուժեր, որոնք շահագրգիռ են, որպեսզի ես, իբրեւ Սերժ Սարգսյանի, ասել է թե՝ երկրում կայունության ու խաղաղության, երկրում ռեֆորմիստական զարգացումների նվիրյալ, ՀԱԿ նախագահ աշխատելիս խոչընդոտներ ունենամ: Այն փաստը, որ ստեղծվում է իր անվան մեջ «առաջադիմական» անունը պարունակող կուսակցություն, խոսում է այն մասին, որ մենք կարողացանք ստեղծել մի նոր ուղղվածություն՝ ցենտրիստական գաղափարախոսությանը դավանող ուժերի ստեղծման եւ ճյուղավորման առումով: Մյուս կողմից էլ՝ հարկավոր է լինել լուրջ քաղաքական ուժ՝ մարդկանց ներգրավվածության առումով, որպեսզի դրանից կարողանան նոր կուսակցություններ ստեղծվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31