Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի, Ադրբեջանում մոբիլիզացիա է կատարվում, խաղաղությունը խաղաղություն ասելով չի լինում»․ Նժդեհ Իսկանդարյան

Սեպտեմբեր 19,2026 13:15 Share

«3 տարի առաջ այս օրն արցախահայությունը ենթարկվեց ադրբեջանական ագրեսիայի, ունեցանք կորուստներ, պատմության մեջ առաջին անգամ Արցախն ամբողջությամբ հայաթափվեց, բայց յուրաքանչյուրը հավատ ու հույս է պահում, որ վերադառնալու են իրենց օջախները։ Երեք տարի անց արցախահայության մի մասը լքել է մայր Հայաստանը, մի մասը կարողացել տնավորվել, մյուսները սոցիալական ծանր վիճակում են»,- Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին նվիրված սգո երթի ու հարգանքի տուրքի ժամանակ «Եռաբլուրում» լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

Այն, որ դիմել էր ՀՀ քաղաքական ուժերին հանդիպումների և օգնության ակնկալիքով, այս առիթով Նժդեհ Իսկանդարյանն ասաց․ «Մինչ այս պահը երկու քաղաքական ուժի հանդիպել ենք՝ ՀՀԿ-ին և Հայաքվեին։ Դրական արձագանք կար, որ առաջիկայում հանդիպելու ենք «Ուժեղ Հայաստանի» հետ։ 2026-ի ընտրություններից հետո կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է հայտնեն իրենց դիրքորոշումն Արցախի մասին, նաև պետական ինստիտուտների գործունեության մասին։ Մենք պետք է հենվենք քաղաքական ուժերի վրա, Արցախի հարցը ոչ միայն Արցախի իշխանություններինն է, այլև համայն հայության խնդիրը»։

Փաստմանը՝ գործող իշխանությունները հայտարարում են, որ պետության մեջ պետություն լինել չի կարող, Նժդեհ Իսկանդարյանն արձագանքեց․ «Քաղաքական իրենց կուրսը մեզ համար պարզ է, որևէ մեկը չի դնում խնդիր, որ պետության մեջ պետություն պիտի լինի։ Մենք խոսում ենք մեր իրավունքների մասին։ Իրավունքի հարցը պետք է միշտ օրակարգում պահել, հնարավորության դեպքում նաև դա օգտագործել, ինչի մասին մենք խոսում ենք, բխում է նաև ՀՀ անվտանգային շահերից։ Տեսնում ենք՝ Ադրբեջանը խոսում է արևմտյան Ադրբեջանի մասին, սա որպես հակակշիռ՝ կարող են օրվա իշխանություններն օգտագործել, բայց միայն զիջումների են գնում, ինչը ցավալի է»։

Անդրադառնալով Հաջիևի հայտարարություններին՝ նա նշեց․ «Երբ ՀՀ իշխանավորները խոսում են խաղաղության մասին, սակայն տեսնում ենք, որ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով ծաղրանքով են խոսում։ Դա փաստում է մեկ բան, որ խաղաղություն չի կարող երկարատև լինել, ինչը բերելու է միակողմանի զիջումների։ Խաղաղություն ասելով խաղաղություն չի լինում, պետք է գործուն քայլեր տեսնենք։ Երեք տարի է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի բանտում, բազմաթիվ անգամներ ՀՀ կառավարությանը կոչ ենք արել հարցը օրակարգում պահել, փորձել բոլոր լծակներն օգտագործել, որ օր առաջ ազատ արձակվեն։ Սա նաև ցուցիչ է Ադրբեջանի վարած քաղաքականության, որ նրանք խաղաղության չեն գնալու։ Վստահեցնում եմ՝ աշխարհաքաղաքական կարգն արագ է փոխվում․ ամենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի, սա թող չընդունվի՝ որպես պատերազմի կոչ, միևնույն ժամանակ տեսնում ենք նրանց քայլերը։ Խոսակցություններ կան տարբեր լրատվական աղբյուրներից՝ այդ թվում եվրոպական, որ այս պահին Ադրբեջանում մոբիլիզացիա է կատարվում»։

Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին նվիրված սգո երթն ու հարգանքի տուրքը «Եռաբլուրում»՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել