Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 01,2008 00:00

ԵԱՀԿ-ում ԱՄՆ֊ի առաքելությունը ողջունել է Հայաստանի կառավարության եւ ընդդիմության ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր է եղել խուսափել բռնությունից, եւ կոչ է արել պահպանել խաղաղ իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն: «Մենք ողջունում ենք ե՛ւ ՀՀ իշխանություններին, ե՛ւ ընդդիմությանը՝ երկու առաջատար թեկնածուների օգտին լայնածավալ քաղաքական հանրահավաքների շրջանակներում բռնության ցանկացած փորձից հաջողությամբ խուսափելու համար: Հանրահավաքների ազատ անցկացման իրավունքի այս խաղաղ կենսագործումը՝ մարդկանց մեծաթիվ խմբերի արդյունավետ, ոչ բռնի կառավարման հետ մեկտեղ, նշանակալի նվաճում է եւ ժողովրդավարական առաջընթացի նշան: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին երաշխավորել այս խաղաղ իրավիճակի շարունակումը»,- ասված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության՝ երեկ Վիեննայում հրապարակած հայտարարության մեջ:

Ըստ աղբյուրի, փաստաթղթում փաստվել է, որ «մենք պետք է նաեւ ընդունենք, որ այս ընտրությունները շատ հեռու էին կատարյալ լինելուց: Թեեւ ընտրական գործընթացի կառավարումը հիմնականում համապատասխանեց ԵԱՀԿ-ի չափանիշներին, այդուամենայնիվ, ԵԱՀԿ-ի հիմնական պարտավորությունները՝ ժողովրդավարական ընտրությունների ծրագրման եւ իրականացման առումով, Հայաստանում մնացին չկատարված, ինչպես նշված է ԵԱՀԿ-ի նախնական զեկույցում: Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին արձագանքել այս մարտահրավերներին»:

«Ընտրությունների հաջորդ օրը՝ միջազգային այլ դիտորդների հետ, Միացյալ Նահանգների ներկայացուցիչները ուշադրությամբ քննել են դիտորդների, այդ թվում՝ նաեւ մեր սեփական, ինչպես նաեւ ընդդիմադիրների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների դիտարկումները: Մտահոգությունները հիմնականում վերաբերում էին հետեւյալ ոլորտներին. քվեարկությունից առաջ իշխանության թեկնածուի նկատմամբ նպաստավոր վերաբերմունքը, այդ թվում՝ քարոզարշավին պետական ծառայողների ներգրավումը, քվեատուփերի լցոնման դեպքերը, քվեների գնման, բազմակի քվեարկության եւ ընտրողների նկատմամբ սպառնալիքի կիրառումը, որոշ շրջաններում մասնակցության անսովոր բարձր աստիճանը, ինչը որոշ դեպքերում կարող է խախտումների մասին վկայել»,- նշված է հայտարարության մեջ: Վիեննայում ընդունված փաստաթղթում նաեւ մտահոգիչ են համարվել «որոշ ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկի, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի նշած մամուլի ազատության սահմանափակման հետ կապված» խախտումների արձանագրումը: «Մեզ շատ մտահոգում են հետընտրական փուլում ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալություններն ու իշխանությունների կողմից ընդդիմության գրասենյակները բռնի ուժով փակելու մասին հաղորդումները: Այսօրինակ գործողությունները չեն համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին, եւ մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը այս դեպքերի առնչությամբ հիմնվել օրենքի իշխանության ու միջազգային ժողովրդավարական չափանիշների վրա»: «Այսպիսի իրական եւ որպես այդպիսին ընկալված խախտումների պատճառով մենք մնում ենք մտահոգված այն հանգամանքով, որ հայաստանյան ընտրազանգվածի շրջանում սեփական ընտրական գործընթացների նկատմամբ վստահության ցուցանիշը մնում է վտանգավոր աստիճանի ցածր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել