Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկայինը չի խնայելու

Ապրիլ 29,2008 00:00

Լինի շարքային հարկատու, թե օլիգարխ, հարկայինը խիստ է մոտենալու

Չնայած Հայաստանի գործատուների մեծ մասը թաքցնում է իր եկամուտներն ու խուսափում է հարկային պարտավորությունների բարեխիղճ կատարումից, սակայն հարկայինի ղեկավարներն իրենց աշխատանքը համարում են շատ արդյունավետ:

Պարզվում է, որ բացի հարկերի հավաքագրումից ու հարկային համակարգի բարեփոխումներից, Հարկային պետական ծառայության աշխատակիցները նաեւ այլ «գործառույթներ» են իրականացնում: Մասնավորապես, այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով, 4 աշխատակից է հեռացվել համակարգից, քանի որ նրանք մի քանի գործարարների խորհուրդներ են տվել ու մատնանշել, թե որոնք են հարկային վճարումներից խուսափելու ամենահարմար ուղիները: Երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Քաջավան Նուրիջանյանը: Նրա տեղեկացմամբ, այդ անբարեխիղճ աշխատակիցները հեռացվել են համակարգից: Ըստ Ք. Նուրիջանյանի, այս տարվա առաջին եռամսյակում աշխատանքի մեջ թերանալու եւ անպատասխանատվության համար հարկայինի եւս 36 աշխատակից ստացել է բանավոր, 44-ն էլ գրավոր նկատողություն, իսկ 23 աշխատակից ենթարկվել է նյութական պատասխանատվության:

Որպես կանոն, Հայաստանի հատկապես խոշոր գործարարները փորձում են հնարավոր ու անհնարին բոլոր ճանապարհներով շրջանցել հարկային պարտավորությունների կատարումը եւ իրենց հսկայական եկամուտներից պետբյուջե են վճարում չնչին, անգամ ծիծաղելի գումարներ: Հարկային ծառայությունում որոշել են «չխնայել» նման գործարարներին, իսկ ստուգումների արդյունքում պետությանը հասցրած վնասի չափը ճշտելուց հետո՝ նրանց ենթարկել քրեական կամ վարչական պատասխանատվության: Այս տարվա առաջին եռամսյակում հարուցվել է արդեն նման 23 քրեական գործ, որն, ըստ Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արթուր Օսիկյանի, 3 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: Ա. Օսիկյանի տեղեկացմամբ, քրեական գործերը հարուցվել են հիմնականում խոշոր չափի հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության եւ կեղծ դրոշմանիշերի օգտագործման համար: Բացի հարուցված դատական գործերից, ըստ Ա. Օսիկյանի, կան նաեւ կալանքի տակ եւ հետախուզման մեջ գտնվող անձինք: Իսկ թե կոնկրետ ովքե՞ր են գտնվում կալանքի տակ կամ ո՞ր խոշոր գործարարին է հարկային տեսչությունը դատի տվել՝ պարոն Օսիկյանը դժվարացավ հիշել, նա միայն մատնանշեց «Սիլ կոնցեռնին» պատկանող ընկերություններից մեկի՝ «Պիցցա դի Ռոմայի» գործը: Նշենք նաեւ, որ խոշոր խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկայինն իրավասու է նաեւ արգելանքի տակ դնել տվյալ գործարարի գույքն ու բանկային հաշիվները: Ա. Օսիկյանի խոսքերով, հարկայինի այս լիազորությունը շատ արդյունավետ է, քանի որ այս տարի եղել է նման 202 դեպք, որի արդյունքում վերականգնվել է պետությանը հասցված 584 միլիոն դրամի վնասը:

Այնուամենայիվ, հարկայինում շատ գոհ են թե՛ իրենց կատարած աշխատանքից, թե՛ համակարգում իրականացրած բարեփոխումներից: Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Ռուբիկ Քոչարյանի խոսքերով. «Այս տարվա առաջին եռամսյակում հնարավոր է եղել ապահովել ծրագրով նախատեսված բոլոր մուտքերը՝ բոլոր ուղղություններով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ընդհանուր բյուջետային մուտքերն ավելացել են 18 միլիարդ դրամով կամ 131%-ով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել