Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՆԱԽԿԻՆ ԼԻՆԵԼՈՒՆ

Հունիս 03,2008 00:00

\"\"Լեւոն Մկրտչյանը չի ափսոսում «պոստին» հրաժեշտ տալու համար եւ գովում է հնարավոր նախարարացուին

Երեկ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն այցելեց Ալ. Շիրվանզադեի անվան դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որտեղ նախարարի կարգավիճակով գուցե վերջին անգամ պատասխանեց լրագրողների հարցերին: Ներկայացնում ենք «Առավոտի» հարցերը՝ ուղղված նախարարին:

– Անցյալ տարի հայտարարվեց, որ ԶԼՄ-ները կարող են դիտել քննությունների ընթացքը պատկերող տեսագրությունները: Այս տարի հարկ եղած դեպքում կարո՞ղ ենք դիտել դրանք եւ պատահականության սկզբունքով ընտրել, օրինակ, զուգարան կամ բժշկի կաբինետ գնացած երեխաներին ու ծանոթանալ նրանց գնահատականներին:

– Անշուշտ, կարող եք՝ որ պահին ցանկանաք: Մամուլի պահանջի դեպքում կտրամադրվի ամբողջ տեսագրությունը, դրա համար պետք է ընդամենը պաշտոնական դիմում ներկայացնել ԳԹԿ: Ի դեպ, նշեմ, որ զուգարաններում տեսախցիկներ չկան…

– Որպես ծանրակշիռ պաշտոն զբաղեցնող անձնավորություն, ՀՅԴ բյուրոյի անդամ եւ պատմաբան, ինչպե՞ս եք գնահատում դաշնակցության որոշումը՝ քննությունների նախաշեմին նախարար փոխելու վերաբերյալ: Արդյո՞ք այդկերպ չեն բախվում պետական եւ կուսակցական շահերը:

– Նախարարի փոփոխությունը, կարծում եմ, չի անդրադառնա քննությունների ընթացքի վրա: Եվ հետո այս հարցին պետք է մի քիչ էլ այլ տեսանկյունից նայել: Եթե հաջող անցնեն քննությունները, իսկ ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի, դա ցույց կտա, որ քաղծառայության համակարգն աշխատում է, եւ կոնկրետ նախարարից այնքան մեծ բան չի կախված: Քննությունները տեսագրվում ու ձայնագրվում են, եթե անցյալ տարի միայն Գյումրիում, Վանաձորում եւ Երեւանում էին տեղադրված հեռուստացույցներ՝ մեկ մոնիտոր, մեկ տեսախցիկ սկզբունքով, ապա այս տարի՝ ամբողջ Հայաստանում: Ցանկացած բողոքարկման դեպքում կարող ենք տվյալ ժամի տեսագրությունը դիտել ու տեսնել՝ բողոքն իրավացի՞ է, թե՞ ոչ:

– Հե՞շտ համակերպվեցիք այն մտքին, որ այլեւս նախարար չեք աշխատելու:

– Ես այդպիսի պրոբլեմ չունեմ ընդհանրապես եւ երբեք չեմ ունեցել: Ավելին ասեմ, սա առաջին դեպքն է, որ երկու տարի եմ աշխատում, մինչ այդ ավելի կարճ եմ պաշտոնավարել… Քիչ-քիչ պիտի այնպիսի մշակույթ ձեւավորվի Հայաստանում, որ նախարարը լինի հայեցողական պաշտոն, ու դրանից համակարգը չտուժի: Մեզ մոտ նախարարների փոփոխությունները երբեմն ցնցումների են բերում՝ այն պատճառով, որ դեռեւս կայացած չէ համակարգը, ու յուրաքանչյուրը իր ձեռագրով է աշխատում …

– Ի՞նչ երեք խորհուրդ կտաք ԿԳ ապագա նախարարին:

– Դա կախված է նրանից, թե ով կլինի նոր նախարարը: Կարող է այնպիսի անձնավորություն է, որն ընդհանրապես խորհրդի կարիք չունի:

– Ասենք՝ Սպարտակ Սեյրանյանին, որի անունն ամենաշատն է շրջանառվում, ի՞նչ խորհուրդ կտաք (զրույցը տեղի է ունեցել առավոտյան, երբ դեռ չկար նախագահի հրամանագիրը. Գ.Հ.):

– Սպարտակ Սեյրանյանն իմ ընկերն է, ուրախ կլինեմ, որ ինքը լինի նոր նախարարը: Ես պատրաստ եմ ցանկացած հարցով, ինչ ինքը հարմար կգտնի, իր հետ խորհրդակցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել