Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇՈՒՐՋ 50 ԷՋԱՆՈՑ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Հունիս 24,2008 00:00

\"\"Այս միջոցով Հայաստանը փորձում է ԵԽԽՎ-ին համոզել, թե գրեթե կատարել է 1609 բանաձեւը: Այս տեղեկությունը պարզել է Ստրասբուրգում գտնվող ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:

ԵԽԽՎ լիագումար նիստում երեկ առանց քվեարկության (քանի որ պատվիրակներից ոչ ոք առարկություն չներկայացրեց) որոշվեց օրակարգում ներառել «Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 (2008) բանաձեւի կատարման» հարցը: Այս արտահերթ քննարկումը տեղի կունենա հունիսի 25-ին, Երեւանի ժամանակով ժամը 20-ին: Այսօր կայանալիք մոնիտորինգի հանձնաժողովի նիստում ներկայացվելու են համազեկուցողների զեկույցը եւ բանաձեւի նախագիծը: ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն «Արմինֆո»-ին հայտնել է, որ զեկույցում առկա են բավականին խիստ գնահատականներ:

Հայաստանի պատվիրակության անդամների վկայությամբ, համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ջորջ Կոլոմբիեն անբավարար գնահատելով 1609 բանաձեւի կատարման ընթացքը՝ մասնավորապես նկատի են ունեցել հավաքների ազատությանն առնչվող խնդիրները: «Մասնավորապես, ուրբաթ օրը տեղի ունեցած միտինգի առումով, այսինքն, որ իշխանությունները մերժեցին օպերան եւ առաջարկեցին «Հրազդան»-ի կողքի տարածքը»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Ավետ Ադոնցը: Ըստ նրա՝ համազեկուցողների մյուս մտահոգությունը վերաբերում էր ԱԺ կալանված պատգամավորներին. «Իրենք ասում էին, որ բավարար հիմքեր չեն եղել, որ դատախազը մտներ խորհրդարան եւ խնդրեր ԱԺ-ին զրկել պատգամավորներին նրանց անձեռնմխելիությունից»: Մեկ այլ մտահոգություն վերաբերում է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին. «Նրանք մի քիչ անհանգստացած էին, որ այս պայմաններում, երբ արմատական ընդդիմությունը բոյկոտում է մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքը, ինչպե՞ս կարող է այդ հանձնաժողովն ունենալ հանրային վստահություն»:

Ստրասբուրգում է դարձյալ գտնվում ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, որը, հիշեցնենք, ժամանակին գլխավորում էր ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը եւ այժմ հանդիպումներ է ունենում իր նախկին գործընկերների հետ: «Առավոտի» հետ հեռախոսազրույցում փոխանցելով իրեն հայտնի մանրամասները՝ պրն Իգիթյանն ասաց. «Առաջարկ կար, որը հնչել էր ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի՝ Կիեւում մայիսին կայացած նիստի ընթացքում, որ Հայաստանի հարցը հիմա չմտնի օրակարգ եւ հետաձգվի մինչեւ աշուն, քանի որ Հայաստանում ընթանում են ինչ-որ գործընթացներ, որոնք կարելի է համարել իբրեւ առաջընթաց: Եվ այստեղ ինձ ասացին, որ Հայաստանի կառավարությունը նույնիսկ մի ծավալուն փաստաթուղթ էր ներկայացրել՝ շուրջ 50 էջանոց, որտեղ բացատրվում եւ ապացուցվում է, թե մեր երկիրն արդեն համարյա իրականացրել է 1609 բանաձեւը, ուղղակի մի փոքր ժամանակի հարց է, որ Հայաստանում ամեն ինչ լավ լինի, ու Եվրախորհուրդը կարող է խանգարել իր քննարկումներով ու սանկցիաներով: Սակայն ԵԽԽՎ բյուրոյի հունիսի 23-ի նիստն ընթացավ լրիվ այլ հունով: Համազեկուցողները ներկայացրին Հայաստան իրենց այցի եւ տարբեր հանդիպումների վերաբերյալ տեղեկատվությունը: Եվ պարզ դարձավ, որ լրիվ անբավարար է բանաձեւի կատարման ընթացքը՝ հատկապես քաղբանտարկյալների ու նաեւ՝ մարտի 1-ի իրադարձությունների իրական պատկերն ունենալու հարցում: Եվ այդ պատճառով բյուրոն որոշեց, որ հարցը պիտի մտնի օրակարգ»:

Մեր հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ իրագործվի 1609 բանաձեւում խոստացված պատժամիջոցը, այն է՝ քննարկվի Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության քվեարկելու իրավունքները կասեցնելու հնարավորությունը, թե՞ մեր երկրին դարձյալ կտրամադրվի ժամկետ՝ Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Համազեկուցողներից մեկը, հատկապես կարեւորելով քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը, այսպիսի միտք արտահայտեց, թե ինքը չի գտնում, որ եթե Հայաստանի հանդեպ կիրառվի ձայնից զրկելու պատժամիջոցը, ապա ազատ կարձակվի որեւէ քաղբանտարկյալ: Ընդհանրապես այստեղ այս տեսանկյունից են դիտարկում՝ արդյոք սանկցիաները որեւէ ձեւով կօգնե՞ն: Քանի որ Եվրախորհուրդը, որպես կանոն, մինչեւ բուն պատժամիջոց կիրառելը, փորձում է այն օգտագործել գործին օգուտ բերելու համար: Եվ այստեղ հիմնականում համարում են, թե պետք է մեկ այլ լուծում գտնվի, որ ավելի արդյունավետ լինի 1609 բանաձեւի իրականացումը»:

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը նաեւ ընդգծեց. «Ընդհանրապես, 1609 բանաձեւի իրականացման առումով շատ քիչ բան է կախված խորհրդարանից եւ հատկապես ԵԽԽՎ մեր պատվիրակությունից: Իրականում բանաձեւի կատարումն առնչվում է գործադիր իշխանությանը, դատախազությանը, որոնք պետք է իրականացնեին բանաձեւի դրույթները: Հայաստանի պատվիրակության անդամները՝ նույնիսկ իշխանական կուսակցությունները ներկայացնող, շատ հաճախ բավական քննադատական ելույթներով են հանդես գալիս: Եվ այսպիսի տպավորություն կա, որ նրանք էլ են շատ խիստ մտահոգված, որ գործն առաջ չի գնում: Մի կարեւոր հանգամանք էլ կա. չնայած Հայաստանի իշխանությունը ներկայացրել է, որ ստեղծվել է մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով, ԵԽԽՎ-ում բոլորն արդեն հասկանում են, որ իրականում այդ հանձնաժողովը չի կարող աշխատել, քանի որ, նախ՝ այնտեղ պատշաճ ձեւով չեն ընդգրկել ընդդիմությանը, եւ հետո, քանի որ այդ հանձնաժողովում ընդգրկված մարդիկ չեն կարող արծարծել այն հարցերը, որոնք կարող են այս կամ այն կերպ դիպչել Հայաստանի բարձրաստիճան անձանց, որոնք կատարված իրադարձությունների պատասխանատուն են»:

Հավելենք, որ ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչը «Արմինֆո»-ի՝ Ստրասբուրգում գտնվող թղթակցին ասել է. «Ժողովրդավարության վիճակը Հայաստանում շտկման կարիք ունի», եւ նշել. «Իմ անձնական մաղթանքը Հայաստանի իշխանություններին այն է, որ առաջընթացը շարունակվի, իսկ ԵԽԽՎ զեկուցողների հանձնարարականները լիովին իրագործվեն»: ԵԽԽՎ նախագահը հաղորդել է, որ մտադիր է հուլիսին այցելել Հայաստան՝ ժողովրդավարացման գործընթացը շարունակելու գործում երկրի իշխանություններին շտապեցնելու եւ աջակցելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել